Ռուսերեն լեզվով միջոցառում՝ Երևանի տոնին, Հյուսիսային պողոտայում

Ռուսերեն լեզվով միջոցառում՝ Երևանի տոնին, Հյուսիսային պողոտայում

Այսօր նորաբաց Հյուսիսային պողոտայով անցնելիս կարելի էր այն տպավորությունն ստանալ, որ մենք արդեն ամբողջ թափով ինտեգրվել ենք Եվրասիական տնտեսական միությանը։ Երևանի տոնի կապակցությամբ քաղաքի կենտրոնում տարբեր միջոցառումներ էին կազմակերպվել՝ երգ, պար, շոուներ, խաղեր և այլն։ Հյուսիսային պողոտան էլ անմասն չէր այդ ամենից։ Սակայն այն, ինչին ականատես եղանք ես և հետս զբոսնող եվրոպացի երիտասարդը, զարմացրեց  թե՛ ինձ, թե՛ նրան։



Բանն այն է, որ Հյուսիսային պողոտայի գրեթե միջնամասում կազմակերպված ինչ-որ միջոցառում, որ, ինչպես հասկացանք, ուղեկցվում էր հանդիսատեսի մասնակցությամբ, մրցույթով ու մրցանակների հանձնամբ, վարում էին ռուսերեն լեզվով։ Մոտ կես ժամ մնացինք այնտեղ և դիտեցինք անհասկանալի միջոցառումը ու ոչ մի բառ հայերեն չլսեցինք․ հաղորդավարն ամբողջ ընթացքում խոսում և մրցույթի մասին հայտարարություներ էր անում բացառապես «մաքսային» ռուսերենով։ Փաստորեն, Հայաստանի Հանրապետության 2796-ամյա մայրաքաղաք Երևանի տոնին հայ հանդիսատեսի համար միջոցառում է անցկացվում ռուսերեն լեզվով։



Այս հանգամանքը դուր չեկավ ու անկեղծորեն զարմացրեց ոչ միայն ինձ, այլև ինձ ընկերակցող եվրոպացի երիտասարդին, ով շատ լավ էր տիրապետում ռուսերենին ու Հայաստանում գտնվում էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում։



«Տարօրինակ է, ինչու՞ է հաղորդավարը ռուսերեն խոսում»,-զարմացած հարցրեց նա՝ ակնարկելով, որ սա ՀՀ մայրաքաղաք Երևանի տոնն է,։



«Երևի ուզում են ցույց տալ, որ Հայաստանն արդեն անդամակցել է ԵՏՄ-ին»,-փորձեցի դառը հումորով «տակից դուրս գալ» ես։



Հ․Գ․ Քաղաքապետարանն, անշուշտ, սրա բացատրությունը կունենա, օրինակ՝ կարող է ասել, որ սա արվել է զբոսաշրջիկների համար կամ, չգիտեմ, ռուսական ինչ-որ խումբ էր և այլն։ Մենք, իհարկե, կփորձենք որևէ բացատրություն ստանալ քաղաքապետարանից, սակայն այստեղ խդիրն այն է, որ մենք այդպես էլ չսովորեցինք պետական մակարդակով հարգել մեր լեզուն և այդ լեզվով խոսող հասարակ քաղաքացուն, ով անցնում է այդ տարածքով ու ակամա մասնակիցը դառնում նման միջոցառումների։ Գոնե մեր երկրի համար այսքան նշանակալի, կարևոր տոների ժամանակ ամենուր ծածանվող ու մարդկանց դեմքերը զարդարող պետական դրոշի ֆոնին բարձր պահենք նաև պետական լեզուն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ