Իշխանությունը թուլացել է, այնքան շատ, որ Ծառուկյնաը դուրս է եկել դրա համար

Իշխանությունը թուլացել է, այնքան շատ, որ Ծառուկյնաը դուրս է եկել դրա համար

Հեշտ չէ, որ Հայաստանում գործող ռեժիմի պայմաններում գործարարը դուրս գա ռեժիմի դեմ: Վերցնենք հենց Գագիկ Ծառուկյանի օրինակը: Ժողովրդի համար համարյա անհնարին է պատկերացնել, թե ինչպես կարող է իշխանության շրջանակից, նրա սյուներից մեկն ասել՝ ես ձեզ փրկելու եմ: Եթե մարդկանց համար սա շատ դժվար է պատկերացնելը, Ծառուկյանի համար էլ ավելի դժվար է անելը: Հիշենք ոչ հեռու ժամանակները, երբ նա փորձեց ընդառաջ գնալ ժողովրդին, իսկ հետո, իշխանությունների ճնշման ներքո, ետ կանգնեց: Սա ավելի է խորացնում անվստահությունը, ու այսօր շատերը, գաղտնիք չէ, չեն հավատում Ծառուկյանին ու սպասում են, որ նա ամեն պահ կարող է ետ կանգնել պայքարից: Իշխանությունն էլ չհավատացողների ջրաղացին՝ իր նազիր-վեզիրներով, ջուր է լցնում:
Բայց, ինչպես ականատես ենք, եթե սկզբից ավելի անհաստատ, այսօր արդեն երեւում է, որ Ծառուկյանը մինչեւ վերջ գնալու է: Իսկ եթե Ծառուկյանը մինչեւ վերջ գնալու է, ուրեմն նա հաստատ առաջ շարժվելու հիմք ունի: Նախկինում, ինչքան էլ Տեր-Պետրոսյանն ուզում էր նրան ամրացնել ընդդիմադիր դաշտում, չէր հաջողվում: Ծառուկյանը խուսանավում էր, որովհետեւ գիտեր իր գլխին գալիքը: Այսօր դրանք կարծես թե չեն մտահոգում նրան, ու քայլ առ քայլ ԲՀԿ-ն ավելի վճռական է դառնում: Մի կողմ թողնենք ռուսական աղբյուրները, որ Մեծ պապան աջակցում է եռյակին, մեր տրամաբանությամբ առաջնորդվենք: Ինչպե՞ս կարող է Ծառուկյանն ընդդիմանալ: Կամ պետք է խաղա, կամ վստահ լինի, որ իշխանությունը շատ է թուլացել: Իշխանության կողմից Ծառուկյանին վարկաբեկելը վկայում է, որ այն խաղ չէ, մանավանդ, երբ գործի են դրվում իշխանական նախկին ու ներկա բոլոր դհոլները: Պրոֆեսիոնալ չեն գործում դհոլները: «Դեմ լինելով» իշխանությանը, նրանք պիտի որ գոնե հավասար հարթության վրա դնեն իշխանությանն ու Ծառուկյանին, այնինչ մարտի կանոններին ոչ հարիր բոլոր միջոցներով «խփում են» Ծառուկյանին՝ հույս ունենալով, որ ժողովուրդը չի նկատի, որ Ծառուկյանի ոչնչացումը նշանակում է իշխանության պահպանություն մի տեւական ժամանակաշրջան: Ինչո՞ւ են սա ուզում դհոլները, հասկանալի է, իրենք էլ լավ գիտեն, որ հանպատրաստից նոր շարժում չի ձեւավորվի, տարիներ են պետք: Ու այդ պատճառով անընդհատ նույն միտքն են առաջ քաշում՝ ի՞նչ տարբերություն՝ Ծառուկյա՞նը, թե՞…



Դե, եթե տարբերություն չկա, լռեք: Մնում է հիմք ընդունել այն տրամաբանությունը, որ իշխանությունը թուլացել է, շատ է թուլացել, այնքան շատ, որ Ծառուկյանն արդեն առանց երկմտելու դուրս է եկել նրա դեմ: Եվ ինչ-որ բան հաջորդ դասին թողնելը եւս մի անգամ ինքն իր հնարավորություններն ստուգելու քաղաքական ենթատեքստ ունի: Ո՞ւմ հասկանալի չէ, թե Ծառուկյանի պարտության դեպքում նրան ինչ է սպասվում:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ