Հայկական կամուրջների ցուցահանդես՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

Հայկական կամուրջների ցուցահանդես՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

Այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ երևանցի խոջա Գրիգորի՝ 1664 թ․ Աշտարակում կառուցած կամրջի 350-ամյակին նվիրված «Հայկական կամուրջներ» խորագրի ներքո ներկայացվող ցուցահանդեսի բացումը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայկական հուշարձանների ուսւոմնասիրության հիմնադրամի կողմից և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ ու հովանավորությամբ։ 



Միջոցառման կազմակերպիչներից հուշարձանագետ, Հայկական հուշարձանների ուսումնասիրության հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը, խոսելով միջոցառման մասին, ասաց, որ ցուցահանդեսը կոչված է էլ ավելի ճանաչելի դարձնել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում իր ուրույն տեղը զբաղեցնող բազմադարյա հայկական ճարտարապետության աշխարհիկ բնույթի տարատեսակ հուշարձանատեսակներից մեկը՝ կամուրջները, որոնցով այդքան հարուստ է գետառատ Հայկական բարձրավանդակը։
Պատմելով «հոբելյար» կամրջի մասին՝ Կարապետյանն ասաց, որ երևանցի խոջա Գրիգորը Աշտարակի այս կամուրջը 350 տարի առաջ կառուցել է հնի փոխարեն՝ նույն տեղում, քանի որ հին կամուրջն արդեն քայքայված ու կիսաքանդ է եղել։ Եվ նա քանդել է այդ կամուրջն ու զրոյից նորն է կառուցել։




Հուշարձանագետը կարևորեց այսպիսի միջոցառումների անցկացումը և հատուկ շնորհակալություն հայտնեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ այն հովանավորելու և միջոցառմանն աջակցելու համար՝ նշելով, որ սա առևտրային ընկերությունների կողմից իրենց կազմակերպած ցուցահանդեսներին աջակցելու առաջին դեպքն է։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պետք չէ իրենց կողմից ցուցահանդեսին աջակցության այս փաստը արտառոց կամ տարօրինակ համարել։
«Մենք հայ ենք, հայաստանյան կառույց ենք, սիրում ենք մեր երկիրը և մեր պարտքն ենք համարում մասնակցել նմանատիպ միջոցառումներին, որպեսզի մեր ժողովուրդը ճանաչի, սիրի Հայաստանն ու հպարտանա իր երկրով»,-ասաց Ա․ Պետրոսյանը՝ նշելով, որ իրենց կողմից այսպիսի ծրագրերի իրականացումը շարունակական է լինելու։



Նա նշեց, որ նախկինում էլի նախաձեռնող են եղել մի շարք միջոցառումների, որի նպատակը եղել է հայերին, հայաստանցիներին ու նաև օտարերկրացիների ճանաչելի դարձնել Հայաստանը։
Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում այսպիսի միջոցառումների միջոցով ճանաչել մեր կամուրջները, քանզի նրանք ոչ միայն բացահայտում են մեր ստեղծագործ նախնիներից ժառանգած նյութական մշակույթի յուրօրինակ աշխարհը, այլև խորացնում են մեր հայրենի աշխարհագրությանը վերաբերող գիտելիքները։
Ցուցադրությունը Հովհաննես Թումանյանի թանգարանում գործելու է մինչև նոյեմբերի 15-ը։ Մուտքն ազատ է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ