«ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի կանցկացվի նաև Գյումրիում

«ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի կանցկացվի նաև Գյումրիում

«ՌեԱնիմանիա» Երեւանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի կանցկացվի նաեւ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում։ Գյումրեցի կինոսերները նոյեմբերի 15-ից՝ տասն օր շարունակ հնարավորություն կունենան դիտելու տարվա լավագույն անիմացիոն ֆիլմերը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում եւ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։



Նոյեմբերի 15-ին, ժամը՝ 18:00 –ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա բացման արարողությունը եւ կցուցադրվի «ՌեԱնիմանիա» 6-րդ կինոփառատոնում լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ ճանաչված «Տղան եւ աշխարհը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ալե Աբրեու)։



Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 17:30 –ից կցուցադրվեն մրցանակների արժանացած կարճամետրաժ ֆիլմերը եւ ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկի՝ «Ֆոլիմաժի», արտադրության «Փարիզցի կատուն» ֆիլմը : Առանձին ծրագրերով կներկայացվեն հայկական անիմացիայի պատմության լավագույն նմուշները:



Նոյեմբերի 17-ից՝ մեկ շաբաթ շարունակ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում կցուցադրվեն «ՌեԱնիմանիա» -ի այս տարվա մրցութային կարճամետրաժ եւ ավարտական ֆիլմերի ծրագրերը։



«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը Գյումրիում անցկացվում է «ԱՊԱԳԱ ԹԵՔՆՈԼՈԶԻՍ» ընկերության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ։



Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ից 31-ը Երեւանում՝ ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնը ստացել էր ռեկորդային թվով հայտեր ՝ 900 ֆիլմ մոտ 90 երկրից, որոնցից ցուցադրվեցին մոտ 400 լիամետրաժ, կարճամետրած ֆիլմեր եւ հոլովակներ։ Փառատոնը հյուրընկալեց համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից ժամանած շուրջ 20 ճանաչված հյուրերի, տեղի ունեցան հատուկ ցուցադրություներ, ֆիլմերի պրեմիերաներ եւ վարպետության դասընթացներ։