ԲՀԿ-ն «պասլա՞տ» է արել Սերժ Սարգսյանի՝ երկխոսության առաջարկը

ԲՀԿ-ն «պասլա՞տ» է արել Սերժ Սարգսյանի՝ երկխոսության առաջարկը

ԲՀԿ-ական լրատվամիջոցները մի հատկություն ունեն, որ մամուլի համար ավելի շատ անպատեհություն կարելի է համարել, քան օպերատիվություն: Այ, օրինակ, որ մեկին ասում են՝ Պապից ավելի կաթոլիկ, դա լա՞վ է, թե՞ վատ: Իմաստ ունի՞, արդյոք, Գագիկ Ծառուկյանից առաջ ընկնելն ու էս գլխից հայտարարելը, թե ինչ է արել Գագիկ Ծառուկայնը և կամ, առավել ևս, ինչ է անելու:
Այսօր էլ գրել են, որ ԲՀԿ-ն «պասլատ է արել» Սերժ Սարգսյանի՝ երկխոսության առաջարկը: Հա՞ որ…



Նախ՝ մենք չենք լսել, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին երկխոսության առաջարկ արած լինի: Միակ բանը, որ արել է Սերժ Սարգսյանը, դա այն է, որ կառավարությանը հանձնարարել է ևս մեկ անգամ անդրադառնալ ոչիշխանական ուժերի 12 կետանոց պահանջներին՝ չտալով անգամ ԲՀԿ-ի անունը: Այդ մամուլն ու վերլուծաբանները այնպես ներկայացրեցին, թե նախագահը դրանով երկխոսության առաջարկ է անում: Հիմա նստել եռյակով որոշել են, որ Սերժ Սարգսյանը երկխոսության առաջարկ է արել եռյակին և եռյակի ուժերի սուրբ պարտքն է՝ այդ երկխոսությունից հրաժարվելը: Բան չունենք ասելու: Սա էլ կարծիք է, որ գոյության իրավունք ունի, բայց ինչ ասես ԲՀԿ-ական մամուլին, որ գրում է, թե այդ կերպ ԲՀԿ-ն պասլատ արեց նախագահի առաջարկը: Հիմա որ Գագիկ Ծառուկյանը սրանց գցի առյուծի վանդակը, կասեն՝ դաժան է: Դեռ չեն մարսել Գագիկ Ծառուկյան- Սերժ Սարգսյան գաղտնի հանդիպումը, դեռ չեն մեկնաբանել ՕԵԿ-ի հետ ԲՀԿ-ի ջերմ շփումները, բայց արդեն խոսում են «պասլատ անելուց»:



ԲՀԿ-ական մամուլի տեսաբաններին մի խնդրանք ունեմ: Եկեք սպասենք ու տեսնենք, թե ԲՀԿ խմբակցությունն ինչպես է քվեարկելու բյուջեի նախագծին: Չգիտեմ ինչու, բայց ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը ներկա չի լինելու այդ քվեարկությանը: Ավելին ասեմ՝ ԲՀԿ-ից շատ քիչ մարդ է լինելու և շատ քիչ ԲՀԿ-ականներ են «դեմ» քվեարկելու բյուջեի նախագծին: Դա մենք զգացինք ԲՀԿ-ականների ելույթներից, որոնցում նրանք ոչ այնքան այս նախագիծն էին քննադատում, որքան ախուվախ անում Հովիկ Աբրահամյանի համար: Այս ախուվախը նշանակում է, որ ԲՀԿ-ում ճիշտ են հասկացել Սերժ Սարգսյանի՝ կառավարությանը տված հանձնարարականը, այն է՝ նորից անդրադառնալ ընդդիմության 12 կետերին: Սա, ըստ էության, «դեղին» քարտ է վարչապետին, պարզ հիշեցում, որ այս կառավարության ճակատագիրը կարող է շատ վատ դասավորվել, եթե բյուջեի նախագիծը տապալվի կամ անցնի ընդդիմության և ԲՀԿ-ի բուռն դիմադրության պայմաններում:



Զինվենք համբերությամբ և սպասենք: Բայց եթե ԲՀԿ-ն ողջ կազմով չներկայանա ու «դեմ» չքվեարկի այս փաստաթղթին, այլևս կասկած չի մնա, որ ոչ միայն «պասլատ» չեն արել երկխոսության առաջարկը, այլև շատ ակտիվ երկխոսում են: Իսկ այն, ինչ ցույց են տալիս հանրությանը, մեղմ ասած՝ կապիկություն է և ոչ մի կապ չունի քաղաքականության ու մանավանդ իշխանափոխության պայքարի հետ: