«Գագո, դու գլուխդ պրծացրիր, բա ժողովու՞րդն ինչ անի»

«Գագո, դու գլուխդ պրծացրիր, բա ժողովու՞րդն ինչ անի»


Ծառուկյանը կարող է իր թիմին հրահանգ տալ, ասել՝ հանրահավաք կա, թե չկա: Բայց նա դիմում է ժողովրդին, ասես բոլորը նրա թիմի անդամներն են: Այն մարդիկ, որոնք կանգնել ու պաշտպանում էին նրան, ոչ թե իր արժանիքների համար էին կանգնել, այլ այն բանի համար, որ դեմ էին իշխանության վարած քաղաքականությանը: Ու քանի որ Ծառուկյանն էլ հանդես էր գալիս որպես իշխանության զոհ, ժողովուրդը արծվի նման իր թևերը փռել էր նրա վրա: Որովհետև աշխարհում չկա մի ժողովուրդ, որ չպաշտպանի իր հալածյալ, արդարություն փնտրող զավակին: Իսկ ժողովուրդը այս էլ որերորդ անգամ նրա մեջ փրկիչ էր տեսնում:



Քաղաքական ներկապնակը հազարավոր գույն ու երանգ ունի: Մի Ծառուկյանով չի Հայաստան աշխարհի գարունը բացվում: Ու եթե Ծառուկյանին թվում է, թե ինքը հետագա բարդույթներից ապահովագրվել է, չարաչար սխալվում է: Պատերազմից ներմուծված հնարք է՝ խփել դիրքերը զիջողին, թուլացողին…



Ըմբռնումով ենք մոտենում, որ Ծառուկյանի ժողովրդին նվիրվելու տարողունակության չափն այդքան է: Որ նրա համար Հայաստանը սահմանափակվում է իր ունեցվաքով, միլիոններով, իր ընտանիքով ու շրջապատով: Վկայությունը՝ ողջ թիմով նույն երգն են երգում՝ հայրենիք, երկիր, Ցեղասպանություն: Ողջ թիմով կապահովագրվեն ու ավելի մեծ- մեծ ճառեր կասեն:



Պահեք, պահպանիք ձեր բաժին հայրենիքը, իսկ ով մաս չունի այդ հայրենիքից, ասա՝ ի՞նչ անի: Սպասի ձեր խոսքի՞ն, որ բազմիցս ժողովրդական բանակին լքել եք կես ճամփին: Սպասի ձեր ողորմությունների՞ն, թե՞ ձեր ասած չարիքի իշխանության բարեփոխումներին:



Ճշմարտությունը մեկն է ու դա իմ խոսքը չէ.



«Գագո դու գլուխդ պրծացրիր, բա ժողովու՞րդն ինչ անի»:



Ասել ես՝ գնան տուն ու քաղցած զկրտան:



Դու քաղցած մարդկանց տուն ուղարկել չես կարող: Կուշտերով կոալիցիա կազմիր ու պահպանիր յուրաքանչյուրի կերաբաժինը, եթե կարող ես: Իսկ աղքատներին հանգիստ թող, նրանց Տերը Աստված է, իսկ ձեր տերը՝ չգիտեմ էլ, թե՝ ով:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ