Բաղրամյան 26-ից տարածվող լուրերին Ուրիխանյանը պատասխանեց Մարկ Տվենի խոսքերով

Բաղրամյան 26-ից տարածվող լուրերին Ուրիխանյանը պատասխանեց Մարկ Տվենի խոսքերով

ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք չէ տարօրինակ համարել Ծառուկյանի այսօրվա որոշումը՝ չեղյալ համարել ամսի 20-ի չարտոնված հանրահավաքը, որովհետև դա կարող էր հանգեցնել արյունալի հետևանքների, քանզի դա իրենք երբեք էլ չեն ցանկացել, և վստահեցնում է, որ դրանով իրենց քաղաքական կուրսում որևէ փոփոխություն չի եղել,ու իրենք շարունակելու են իրենց պայքարը քաղաքական հարթությունում։



Hraparak.am-ի հարցին՝ այս ամենը Սարգսյան-Ծառուկյան անձնական հակամարտության արդյու՞նք էր, Ուրիխանյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ ում կողմից ինչ անձնական դրսևորումներ կային, բայց, ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա Դուք երբևէ չեք լսել նրա կողմից որևէ մարդու, որևէ քաղաքական գործչի հասցեին անձնական վիրավորանք»։
Մեր այն դիտարկմանը, թե, ըստ ՀՀԿ-ականների, այս ամենը ծագեց նրանից, որ Ծառուկյանն ամեն անգամ Բաղրամյան 26-ում նախագահին խոստանում էր մի բան, այնէ՝ չի գնա իշխանափոխության, սակայն գնում ու այլ ուժերի դրդմամբ հայտարարում էր այլ բան, ինչն էլ լցրեց ՀՀԿ-ի համբերության բաժակը՝ հանգեցնելով այս կոշտ քայլերին, Ուրիխանյանը պատասխանեց Մարկ Տվենից մեջբերմամբ․ «Որպես մարդ, ով Բաղրամյան 26-ը գիտի միայն քարտեզում նշված աշխարհագրական հասցե, ես պատասխանում եմ Ձեր հարցին այսպես․ ինչպես ասում էր ամերիկացի գրող Մարկ Տվենը, խոսակցությունները, ասեկոսեները մահվանս մասին՝ փոքր-ինչ չափազանցված են։ Բաղրամյան 26-ի ամեն տարածած խոսակցություն չէ, որ ունի խիստ հավաստիության հիմք»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ