Ցույց տվեք Ծառուկյանի իսկական ելույթը, և շատ բան կպարզվի

Ցույց տվեք Ծառուկյանի իսկական ելույթը, և շատ բան կպարզվի

Ցույց տվեք ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի իսկական ելույթը և այն համեմատեք տարածված տեքստի հետ, որը ներկայացվեց իբրև պատասխան Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդում հնչեցրած մեղադրանքներին ու գնահատականներին: Համեմատեք և կստանաք ձեր հարցի պատասխանը, թե ինչու այսպես հիասթափվեց ժողովուրդը:



Կարելի՞ էր, արդյոք, հայտարարել՝ հեսա տեսեք ինչ ենք անում, շուրջօրյա հանրահավաքներ, նստացույց, անհնազանդություն, այս իշխանությունն արդեն գնացած է, Սերժ Սարգսյանը տվել է իշխանափոխության մեկնարկը, երբ գործ ունես մի մարդու հետ, ով իրականում, այո, շատ բան ունի կորցնելու, ի տարբերություն նրանց, ովքեր կարողանում են միայն լավ շիրա տալ այս ամենին:



Կորցնելու բան ասելով՝ ամենևին էլ նկատի չունեմ ունեցվածքը կամ բիզնեսները, թեև դա էլ քիչ չէ: Գագիկ Ծառուկյանը ավելի մեծ բան ուներ կորցնելու՝ մարդկանց այն բանակը, որ հավատում էր իրեն: Ծառուկյանի գործընկերներին երևի թվում էր, թե դա իրենց բանակն է ու ինչ ուզենան, որ կողմ ուզենան կտանեն իրենց հետևից: Բայց, բավական էր Գագիկ Ծառուկյանը ոտքը կախ գցեր, ու պարզվեց, որ հետինները չլուտ չփլախ են, այնքան, որ սեփական մերկությունն իսկ չեն կարողանում թաքցնել: Բայց, ահա, տեքստեր գրելուց վատ չեն, Գագիկ Ծառուկյանից Իվանիշվիլի կերտելուց՝ նույնպես:



Իրենք կորցնելու ոչինչ չունեին, իսկ Ծառուկյանը ուներ: Ուներ ԱԺ խմբակցություն, որ իրենց երկուսի խմբակցությունից միասին վերցրած՝ 3 անգամ մեծ էր: Ի՞նչ մնաց այդ խմբակցությունից: Նկատի ունեմ հոգեբանությունը, որ այսօր տիրում է այնտեղ առնետավազքից հետո, առնետների գրած սուտ մատնություններից հետո, թե ԲՀԿ-ն պետության համար վտանգ է ներկայացնում:



Ամբողջ համացանցը հարձակվել է Գագիկ Ծառուկյանի վրա ու դատապարտում է նրա հետքայլը: Ցույց տվեք նրա իսկական ելույթը ԲՀԿ քաղխորհրդի նիստում, և շատերը կհասկանան, որ այս պահին արդար չեն Ծառուկյանի հանդեպ:



Չթացնեմ: Ինքս էլ հաճախ եմ գրել ու քննադատել եռյակին, դրա համար նույնքան հաճախ արժանացել այս նույն ոռնոցին ու քննադատությանը: Պատճառը մեկն է եղել՝ փորձել եմ ընթերցողին ցույց տալ, որ Գագիկ Ծառուկյանը, ինչքան էլ լավ տղա, բայց իրենց իմացած կինոյի տղան չէ, նա չի կարող գնալ համակարգի դեմ՝ լինելով այդ համակարգի ծնունդն ու հենասյունը: Լսող չկար: Այն ժամանակ լսեին, հասկանային, թե իրենց ինչ են ասում, այսօր այսպիսի հիասթափություն չէին ապրի: