Տեր-Պետրոսյանն ու հեծանիվի գյուտը

Տեր-Պետրոսյանն ու հեծանիվի գյուտը

Ինչպես գիտեք, ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է հրապարակել` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` առաջարկելով դեմ առ դեմ հանդիպել (ամեն մեկն իր թիմով) և Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մի նոր հռչակագիր գրել, արդեն` շենքին-շնորհքին, որ հնարավոր լինի մեկական օրինակով ուղարկել աշխարհի առաջնորդներին, նաև ՄԱԿ, ԵՄ և ԵԽ ղեկավարներին:



Հիշեցնենք, որ այս բաց նամակից առաջ էլ Տեր-Պետրոսյանը հայության հետ կիսվել էր արդեն ընդունված հռչակագրի կետերի շուրջ իր մտահոգություններով և, ինչպես հարկն է, «խոտանել» էր հռչակագիրը:



Ըստ էության, արդեն կարելի է խոսել Տեր-Պետրոսյանի սկսած նոր գործընթացի մասին, եթե մանավանդ հաշվի առնենք, որ նախագահականից, ինչպես խոսնակը վկայեց, նկատել են առաջին նախագահի բաց նամակը և անպայման կարձագանքեն: Եկեք արձանագրենք` մենք կանգնած ենք Սերժ Սարգսյան- Լևոն Տեր Պետրոսյան նոր երկխոսության շեմին, որի թեման, կարևորության առումով, անհնար է գերագնահատել: Ցեղասպանության 100-ամյակ հարյուր տարին մեկ է լինում, իսկ դա նշանակում է, որ այն անչափ կարևոր է հայ ժողովրդի համար: Ընդ որում` կարևոր ոչ միայն այն առումով, թե որքան գրանդիոզնի կլինեն բուն 100-ամյակի միջոցառումները, այլև այն, որ հայ ժողովուրդը ուզում է տեսնել, թե ինչի է հասել ինքը անցած 100 տարիների ընթացքում ու ինչ մակարդակի է հասցրել Ցեղասպանության ճանաչման գործընթացը:



Եվ հիմա, երբ կա հատուկ այդ նպատակով ստեղծված պետական- համահայկական (Տեր-Պետրոսյանի խոսքով` ընդգրկուն) հանձնաժողով, երբ Ցեղասպանության 100-ամյակի ձեռնարկների մեկնարկներ են տրվել աշխարհի ամենատարբեր երկրներում, երբ կա 100-ամյակին նվիրված փաստաթուղթ- հռչակագիրը, ՀՀ առաջին նախագահը հանկարծ արթնացել ու ՀՀ ամենաբարձր ինստանցիաներին բաց նամակ է գրում, կիսվում իր մտորումներով, առաջարկում իր ծառայությունները:



Այստեղից ծագող առաջին հարցը հետևյալն է. բա ո՞ւր էիր մինչև հիմա: Պատասխանը նույնքան պարզ է` Գագիկ Ծառուկյանի հետ համաժողովրդական շարժում ու իշխանափոխություն էի անում: Հաջորդ հարցը` բա ինչո՞ւ այլևս չես անում: Պատասխան` դե գիտե՞ք… հանգամանքներ, հանգամանքներ…



Երբ լույս տեսավ Լևոն Տեր-Պետրոսյանի «Մտորումներ Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի առիթով» հոդվածը ՀՀԿ խորհրդի հայտնի նիստը դեռ չէր կայացել: Այնպես որ, միամիտները կարող են կարծել, թե Տեր-Պետրոսյանը, չիմանալով հանդերձ, թե ինչ է գալու ԲՀԿ-ի ու համաժողովրդական իշխանափոխիչ շարժման գլխին հանդես է գալիս շինիչ առաջարկներով: Իսկ կարելի՞ է, արդյոք, բացառել, որ Տեր-Պետրոսյանն արդեն հոտը չէր առել և հռչակագրի շուրջ իր մտորումներով չէր փորձում հենց իր ռեպուտացիան փրկել: Խոստովանենք` մենք էլ էինք ոգևորվել` ինչ լավ է, կարելի է Առաջին նախագահին էլ ընդգրկել պետական հանձնաժողովի կազմում` ավելի ընդգրկուն դարձնելով այն: Դրանով կվերանար նաև Տեր-Պետրոսյանի այն մտավախությունը, թե միջազգային հանրությունը, հնարավոր է, լեգիտիմ (օրինակարգ) չճանաչի գործող հանձնաժողովն ու հետաքրքրվի` ունի՞, արդյոք այն համայն հայության անունից խոսելու մանդատ:



Բայց տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի հայտնի նիստը, եռյակի լիդերները գնացին- եկան կանյաչնի ու հասկացան, որ արդեն բանը բանից անցել է: Հենց այդ ժամանակ էլ հրապարակվեց Սերժ Սարգսյանին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը` նույն թեմայով և հստակ առաջարկով` նստենք դեմ-դիմաց և քննարկենք նոր (ենթատեքստի մեջ` ավելի լեգիտիմ) հանձնաժողովներով և մի նոր հռչակագիր գրենք` աշխարհի առաջնորդներին ներկայացնելու արժանի:



Նամակի վերջում Տեր-Պետրոսյանն ասում է. «Ցավում եմ, որ ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»: Եթե հավատալու լինենք Տեր-Պետրոսյանին, որ այս բաց նամակն ավելի շուտ է գրվել, քան Գագիկ Ծառուկյանը հանդես կգար «կինո չի լինի» հայտարարությամբ, ապա դարձյալ պետք է ասենք, որ Տեր-Պետրոսյանը անգիր գիտեր, թե ինչով է վերջանալու ՀՀԿ-ԲՀԿ դիմակայությունը:



Իշխանությունը, ինչպես տեսանք, վերացրեց կամ գրեթե վերացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ցավի պատճառը: Այլևս նույն շռնդալից ընթացքը չունեն հետապնդումները: Հետևաբար, Լևոն Տեր-Պետրոսյանին այլևս ոչինչ չի խանգարում դեմ- դիմաց նստել Սերժ Սարգսյանի հետ և խոսել օրվա ամենահրատապ թեմայից: Իսկ այն, որ Սերժ Սարգսյանն էլ նկատել է առաջին նախագահի բաց նամակն ու պատրաստվում է արձագանքել, նշանակում է` մենք առաջիկայում, հնարավոր է, ականատես դառնանք նոր երկխոսության:



Մի կողմ թողնելով ենթադրությունների բեռը` թե ինչո՞ւ հանկարծ հենց այս օրերի հետ համընկան Տեր-Պետրոսյանի «Մտորումներն» ու «Բաց նամակը»` փորձենք հասկանալ` իրո՞ք Տեր-Պտրոսյանն ուզում է օգուտ տալ համազգային գործին, թե՞ այս քայլով ձգտում է որոշակի քաղաքական օրակարգ ապահովել ու դեռ մնալ ակտիվ քաղաքականության մեջ:



Առերևույթ նա նախագահին առաջարկում է դեմ առ դեմ հանդիպել՝ քննարկելու համար Հայոց ցեղասպանության հարցը և հավուր պատշաճի ներկայացնելու Հայաստանի դիրքորոշումը միջազգային ասպարեզում: Դեռ «Մտորումների» մեջ Տեր-Պետրոսյանը փորձել էր զարգացնել այն միտքը, որ այլևս պետականություն ունեցող հայ ժողովուրդը պետք է հրաժարվի Հայ դատի հնացած մեթոդներից և պահանջատիրության գործընթացը դնի նոր` քաղքական- իրավկան հարթության ռելսերի վրա: Սա, անշուշտ, գյուտ չէ Հայ դատի համար և մինչև Տեր-Պետրոսյանի արթնանալն էլ մարդիկ «մտորում» էին այս հարցի շուրջ, աշխարհի տարբեր միջազգային դատարաններում պաշտպանում էին մեր պահանջատիրությունը և օտար խորհրդարաններում քննության առարկա դարձնում Հայոց ցեղասպանության խնդիրը: Այնպես որ, հարցի արծարծման իրավական ճանապարհը բաց է և դրա համար երկրի նախագահի հետ հատուկ, պոզավոր, խորհրդապահական երկոսությունների կարիք չկա: Սա` մեկ:



Երկրորդ` Տեր Պետրոսյանը առաջարկում է թիմեր կազմել ու այդ թիմերով ձեռնամուխ լինել գործին: Սա բացահայտ նախապայման է և շատ ծիծաղելի, քանի դեռ 100 տոկոսով պարզ չէ` կհամաձայնի՞, արդյոք, նախագահը վերախմբագրել հռչակագիրը, որ իր ձեռամբ է պահ տվել Ցեղասպանության թանգարանին: Եվ ապա` մի՞թե Ցեղասպանության 100 ամյակի հանձնախումբն այն տեղն է, որտեղ մարդիկ պետք է աշխատեն ինչ-որ հատուկ թիմերով, նստեն ջոկ- ջոկ:



Երրորդ` Տեր-Պետրոսյանը պետականության ինստիտուտներով օժտվաած Հայաստանի Հանրապետությունը բացեիբաց հակադրում է պետականություն չունեցող Սփյուռքին ու պնդում, որ ամեն ինչ պետք է գրվի ՄԱԿ-ի կոնվենցիաներին ու մյուս միջազգային փաստաթղթերի տառին համահունչ` զանց առնելով պետականազուրկ ազգին բնորոշ հայտարարություններն ու ձևակերպումները: Թույլ տանք մեզ հարցնել` առկա հռչակագրում ՄԱԿ կոնվենցիային հակասող այդ ի՞նչ կա, որ Տեր-Պետրոսյանին այսպես ոտքի է հանել ու ստիպել, որ նա գնահատական տա Հայ դատի նախընթաց պայքարին ու այդ պայքարի նոր էջ սկսել (գուցե անունն էլ դնենք Հայ դատի Տեր-Պետրոսյանական փո՞ւլ): Պատկերացրեք, որ Էրդողանին մնում է հայտարարել` բա որ ասում էի՞… տեսեք` հայերը խելքի են եկել և պետկանորեն են արդեն մտածում: Թուրքերն արդեն քանի տարի նույն երգն են երգում` Սփյուռքն է միայն պահանջատեր և ոչ թե Հայաստան պետությունը: Արդեն քանի տարի մենք աշխարհին համոզում ենք, որ Հայաստանի և Սփյուռքի հայությունը Ցեղասպանությունից տուժած նույն ազգն է, որ պետությունը կանգնած է իր ազգի պահանջատիրության ակունքում, իսկ Տեր-Պետրոսյանը, ահա, Էրդողանի տեսակետն է առաջ տանում:



Անկախ այն հանգամանքից, թե ինչ ընթացք կստանա Տեր- Պետրոսյանի այս նոր խաղը, կուզենայի որ ապագա հնարավոր երկխոսության մասնակիցները իմանային հետևյալը: Արդեն եկել են այն ժամանակները, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը նոր թափ ու նոր ուժ պիտք է հաղորդի Հայ Դատի պայքարին, որը, մինչ այս, առանձին հանգրվաններով հսկայական ճանապարհ է անցել` 1878-1918թթ.` մինչպետական շրջան, 1918-1920թթ.` պետականության շրջան, 1920-1990թթ.` սփյուռքյան շրջան: Արդեն 24 տարի է, այն գտնվում է նոր փուլում` նոր պետականության շրջանում: Պետք է ականջին օղ անել` մենք Հայ դատի պայքրին ենք միայն պարտական, որ դեռ պահանջատեր ազգ ենք համարվում ու ոչ մի պետություն, ոչ մի միջազգային կառույց, եթե անգամ Ցեղասպանություն բառն էլ չի արտասանում, չի համարձակվում նաև հերքել Ցեղասպանության փաստը: Սա հաշվի չառնել, հակադրվել, տարբերակվել այդ պայքարից ու հազար անգամ վարկաբեկված մարդկանց հանձնախմբով նոր հեծանիվ հայտնագործել` ձեզ ոչ ոք թույլ չի տա, ինչպես որ թույլ չտվեցին կուրորեն վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, որոնց ջերմեռանդ պաշտպաններից մեկն էլ Տեր-Պետրոսյանն է` այս երկխոսության առաջարկի լույսի նեքո կատարած իր իսկ խոստովանությամբ: