Ծառուկյանին ուղղված մեղադրանքները քաղաքական էին

Ծառուկյանին ուղղված մեղադրանքները քաղաքական էին

Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ տարիներ շարունակ օդում կախված քրեական հանցագործությունների ու չվճարված հարկերի մասին, մեկնաբանվեց որպես համապատասխան մարմինների հանցավոր անգործություն: Սակայն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, թե դա ընդամենը քաղաքական հայտարարություն է: «Նախագահի, որեւէ քաղաքական գործչի, նախարարի, նույնիսկ այն քաղաքական գործչի, որը ներկայացված չէ իշխանության որեւէ թեւում, հայտարարությունն էությամբ քաղաքական է, եւ երբեմն դա կարող է լինել զուտ քաղաքական, որն իրավական հարցադրում իր մեջ չպարունակի, կամ այդ հարցադրումը պարտադիր չէ, որ իրավական հետեւանքներ ունենա, դա ընդամենը հարցադրում է:



Հանրապետության նախագահը, եթե հիշում եք, չասեց՝ եղել են այդպիսի փաստեր»,-արդարացրեց Մանուկյանը: Բայց նախագահը մատնանշեց, որ տարիներ շարունակ օդում կախված են մնում հանցագործությունների մասին լուրերը: Այսինքն, տարիներ շարունակ լսել են, ու դրանց նկատմամբ համապատասխան գործողություններ չեն իրականացվել: «Ասեց՝ լուրեր, տեղեկություններ, խոսակցություններ, չասեց, որ կան փաստեր, կամ ես իմ ձեռքի մեջ ունեմ փաստեր, որովհետեւ իրավունքի մեջ իրավաբանները հստակ տարբերում են փաստերն ու տեղեկությունները»: Այդ դեպքում ինչո՞ւ են ընթացք տրվել շրջանառվող լուրերի տեսքով մամուլի շատ հրապարակումների: «Թե կոնկրետ հարցերով ու կոնկրետ հայտարարությունների վերաբերյալ ինչու չեն հարուցվել կամ հարուցվել ու ինչ ճակատագիր են ունեցել, այս պահին հասցեատերը ես չեմ»,-ասաց արդարադատության համակարգի պատասխանատուն: