Բարի խորհուրդ. ՀԱԿ-ը պարտավոր է մինչև 10-ը հաշվելը լիարժեք ուշքի գալ

Բարի խորհուրդ. ՀԱԿ-ը պարտավոր է մինչև 10-ը հաշվելը լիարժեք ուշքի գալ

Կարդալով ilur.am-ում հրապարակված Արման Մուսինյանի երկտողը` հասկանում ես որ ՀԱԿ-ում կատարյալ շիլաշփոթ է: Ըստ Մուսինյանի` Սերժ Սարգսյանի պատասխան հայտարարությունը, թե ինքը պատրաստ է հանդիպման հրավեր ուղարկել Տեր-Պետրոսյանին, լիովին բավարարում է Տեր-Պետրոսյանին, և վերջինս այդ հանդիպման անհրաժեշտությունն այլևս չի զգում, քանի որ բանավեճը հրապարակային է:



Իսկ ինչի՞ց հանկարծ, ՀԱԿ-ում ենթադրեցին, որ հրապարակային բանավեճ կա արդեն: Լևոն Տեր-Պետրոսյանի երեք հոդվածներն ու Սերժ Սարգսյանի մեկ հատիկ պատասխանը արդեն բանավե՞ճ են: Այս ինչքա՞ն մեծ կարծիք ունեն իրենց մասին:



Մուսինյանի երկտողից հասկացվում է, որ «բանավեճը» հռչակագրի տեքստի և Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի լեգիտիմության շուրջ է: Նա գրում է. «Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը»: Իսկ ի՞նչ է, Սերժ Սարգսյանն այս հարցերի շուրջ բանավեճի՞ է հրավիրել Լևոն Տեր Պետրոսյանին: Ես այդ հրավերը Սերժ Սարգսյանի պատասխանում չտեսա: Ավելին, Սերժ Սարգսյանն իր պատասխանն այսպես է սկսում. «Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները»: Հետևաբար ինչի՞ց ՀԱԿ-ում եզրակացրեցին, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է այդ հարցերի շուրջ բանավիճել Տեր-Պետրոսյանի հետ, այն էլ հրապարակային:



Տարօրինակ է նաև, որ Մուսինյանը հանգամանորեն չի կարդացել Լևոն Տեր-Պետրոսյանի «Մտորումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի առիթով» հոդվածը, որտեղ հեղինակը բարձրացրել է ոչ թե հռչակագիրը հանրաքվեի դնելու այլ հանձնաժողովի լեգիտիմության հարցը և սևով սպիտակի վրա գրել, որ հնարավոր չէ հանրաքվե կազմակերպել այդպիսի մի հարցով: «Իսկ եթե միջազգային հանրությունը հետաքրքրվի` որտեղի՞ց իմանանք, որ այդ հանձնաժողովն արտահայտում է համայն հայության կարծիքը, ի՞նչ պետք է պատասխանենք»,- այսպես է հարցը դրել Տեր-Պետրոսյանը, թեև իր հաջորդ հոդվածով արդեն, հանձնաժողովի իր կազմն է առաջարկել, որը, պետք է ասել, շատ ավելի է «կասկածելի» է համայն հայության կարծիքը արտահայտելու առումով, եթե առաջնորդվենք Տեր-Պետրոսյանի սկզբունքով: 



Պարոն Մուսինյանին խորհուրդ կտայի վերընթերցել նաև Սերժ Սարգսյանի պատասխան հայտարարության հետևյալ հատվածը, որը ոչ թե բանավեճի ու ընդդիմադիր խաղերի, այլ աշխատանքի ֆրոնտ է բացում ՀՀ առաջին նախագահի համար. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով: Թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ: Եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն: Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:



Մուսինյանն իր երկտողն ավարտել է հետևյալ նախադասությամբ. «Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»: Ի՞նչ կարող է սաա նշանակել: Արդյոք Տեր-Պետրոսյանն սպառնում է հրապարակայնորեն պայքարել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների, արվող ու արվլիք հայտարարությունների, հանձնաժողովի ընդունած և ընդունելիք որոշումների դե՞մ: Իսկ գուցե ուզում է հասնել այն բանին, որ միջազգային հանրությունը վերջնականապես սևեռվի Սփյուռք- Հայաստան հակասությունների մասին թուրքական մուղամի վրա՞:



Անկեղծորեն չեմ հասկանում Առաջին նախագահին ու նրա խոսնակին, մանավանդ այսօր, երբ կա պատեհ կարելիությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավելի հզորացնելու և աշխարհին մեր պահանջատիրությունը միասնաբար ու համախոհ ներկայացնելու: 



Որ ՀԱԿ-ում պրոցեսներ են գնում, մենք նկատել էինք դեռ Լևոն Զուրաբյանի հայտարարությունից: Վերջինս ասել էր, թե Տեր-Պետրոսյանի` Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի թեմայով  հոդվածներն ու նախագահի հետ դեմ-դիմաց նստելու առաջարկը պայմանավորված էր Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի վրա եկող ճնշումները մեղմելու, ինչպես նաև 100-ամյակին ընդառաջ ներքաղաքական ալեկոծումներ թույլ չտալու ցանկությամբ: Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանն իր երրորդ հոդվածում Ծառուկյանի սխալների թվում նշում նաև հանրահավաքները դադարեցնելու, և գյուղերում շտաբներ բացելու որոշումը: Մի՞թե դա հենց այն չէր, որ մեզ այս օրերին հեռու կպահեր խառնակչություններից:



Բացառված չէ, որ ԲՀԿ-ի հետ սիրավեպում շատ հեռուն գնացած Տեր-Պետրոսյանը փորձում է պահպանել քաղաքական դաշտի ինտրիգը: Սա հատուկ է նոկաուտի մեջ հայտնված քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են գոնե քաղաքական դաշտի պատրանքը փրկել: Բայց ինչո՞ւ դա անել մի այնպիսի հարցով, որն ընդհանրապես կապ չունի ներքաղաքական մուտիլովկաների հետ և հղի է երկրորդ, արդեն անդառնալի նոկաուտի հեռանկարով: