Ում խերին է ծառայում ԱԺ-ում ստեղծված արհմիությունը

Ում խերին է ծառայում ԱԺ-ում ստեղծված արհմիությունը

Ազգային ժողովը միշտ առիթներ տալիս է հասարակությանը՝ հետաքրքրվել իր հարուստ ու բազմազան գործունեությամբ եւ ոչ միայն օրենսդրական... «Հրապարակ»-ն էլ առիթը բաց չի թողնում երկրի երկրորդ կարեւորագույն պետական մարմնում կատարված երբեմն զավեշտալի իրադարձություններն ու դեպքերը ներկայացնելու (oրինակները բավական են ուշադիր ընթերցողի համար՝ թեկուզ վերջին մի քանի ամիսների ընթացքում):
2014 թ. աշնանը մեծ աժիոտաժ բարձրացավ. վերադասի մտքին փչեց, չգիտես ինչու, ստեղծել ԱԺ-ում արհմիություն, որն այստեղ գոյություն չի ունեցել անկախության ողջ տարիներին, եւ այդ կապակցությամբ առանձնակի խնդիրներ չեն եղել հարգարժան հաստատությունում... Աշխատակիցները, ստանալով բավականին բարձր (համեմատած այլ պետհիմնարկների հետ) աշխատավարձ, հոգում էին իրենց բազմաբնույթ, այդ թվում առողջական եւ ամառային հանգստի հոգսերը սեփական վաստակից՝ միշտ փող «ետ գցելով», եւ դա հաջողվում էր մեծամասնությանը:



«Մեկին հաստատ պաշտոն են դզում, սոված է մնացել»,- կատակեցին ԱԺ-ականները՝ իմանալով արհմիության ստեղծման մասին, քանզի դեռ չէին մոռացել սովետական տարիները, երբ հիմնականում խերվում ու «յուղոտվում» էին այդ կառույցի ոչ թե շարքային, միայն անդամավճար մուծող անդամները, այլեւ «բոսերը», որոնք տնօրինում ու բաշխում էին իրենց կազմակերպություններում եւ հզորագույն ՀԱՄԽ-ում եկամտաբեր պաշտոններ, բնակարաններ, ուղեգրեր, հողամասեր եւ այլն, եւ այլն... Մարդկանց աչքը վախեցած էր այն հեռու տարիներից, նորամուծությունը վստահություն չէր ներշնչում. «Հիմա էլի պտի գլուխներս յուղեն» (իհարկե, հասարակ ժողովուրդն ավելի գռեհիկ բառ էր օգտագործում):
Խոսակցություններն անցած տարվա վերջին իրականություն դարձան. սովետական սիրված «ստիպողական-կամավորական կարգով», կոլեկտիվի գերակշռող մասը, բուռն ագիտացիայի միջոցով, ընդգրկվեց նորաթուխ կազմակերպությունում, իսկ 2015թ. սկզբից բոլորի աշխատավարձից օրինական ձեւով գանձվում է 1 տոկոս, որն այնքան էլ քիչ գումար չի կազմում...



Արհմիությունն ԱԺ-ում ստացավ «միս ու արյուն», նախագահն էլ օրենսդրական մարմնում քաջ հայտնի անձնավորություն է՝ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Ապրեսյանը, որի գործունեությունն առայժմ ոչնչում չի երեւում, համենայնդեպս՝ արհմիության շարքային անդամների համար... Արդեն կիսվում է «գործունեության» երրորդ ամիսը, սակայն ինչ է արված եւ ում համար, անհայտ է... Շշուկներ կան, իբր ինչ-որ միջոցառումներ, այնուամենայնիվ, կազմակերպվում ու անցկացվում են, բայց դրանց մասին շատ քչերն են տեղեկացվում: Այսպես ասած՝ «էլիտան» է «իմանում», «մասնակցում», «վայելում», ինչպես եւ սովետական տարիներին էր լինում... Տեսնես ում ի՞նչ կտա այս նորարարությունն ԱԺ-ում...
Կապրենք՝ կտեսնենք...



Սուսաննա  ԻՍԿԵՆԴԵՐՅԱՆ