Այն, ինչ անում է Պուտինը, աղետ է

Այն, ինչ անում է Պուտինը, աղետ է

«Մենք հիմա ականատեսն ենք լինում միջնադարյան իսլամի ինկվիզիցիային: Կանցնի ժամանակ, իսլամը կհասունանա, եւ ահաբեկչությունն անցյալում կմնա: Սակայն նստել եւ ոչինչ չանել, նույնպես չարժի: Ահաբեկչությանն արդարացում չպետք է լինի: Երբ այստեղ ոմանք խոսում են, որ ծաղրանկարիչներն իրենք են մեղավոր, դրանով ծաղրում են Մուհամեդ մարգարեին: Իսկ ծաղրանկարիչներին եւ մարդասպան-մոլեռանդներին համեմատելը միայն հրահրում է ահաբեկիչներին». այս մտքերը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն արտահայտել է հունվարի 9-ին «նւՏ ԾՏրՍՉօ» լրատվամիջոցին տված հարցազրույցում: Ինչպես ինքը` Նեմցովը կասեր, «զոմբիյաշիկներին» հետեւողները եւ ռուսական հասարակության մեծամասնությունը հակված է կարծելու, որ փետրվարի 28-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառը վերը նշված խոսքերն են:



Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Մոսկվայի կենտրոնում սպանված Բորիս Նեմցովն իր ուկրաինուհի ընկերուհու՝ Աննա Դուրիցկայայի հետ զբոսնելիս է եղել կամրջի վրայով, երբ նրանց է մոտեցել մի մեքենա, մարդասպանը կրակել է մեջքից 7 անգամ, փամփուշտներից միայն 4-ն են հայտնաբերել քաղաքական գործչի մարմնում: Սրանից ընդամենը 9 օր հետո՝ մարտի 8-ին, Ռուսաստանի Բասմանյան դատարանը ձերբակալելու սանկցիաներ արձակեց 5 կասկածյալների՝ Զաուր Դադաեւի, Անզոր եւ Շահիդ Գուբաշեւների, Խամզաթ Բախաեւի, Թամերլան Էսկերխանովի նկատմամբ:



Մարտի 7-ի երեկոյան Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում, ձերբակալության ժամանակ, ինքնասպանություն է գործել Բեսլան Շավանովը, որին իրավապահ մարմինները համարում էին գլխավոր կասկածյալներից մեկը: 30-ամյա երիտասարդն ինքն իրեն պայթեցրել էր: Գլխավոր կասկածյալ Զաուր Դադաեւը ձերբակալման օրը խոստովանել էր իր մեղքը, թվում էր, թե գործն արդեն «բացահայտված» է, երբ երեկ իրավապաշտպանները լրագրողներին հայտնեցին, որ Դադաեւը հրաժարվում է մեղքն ընդունելուց:



Ձերբակալության ժամանակ ես իմ նախկին ենթակայի հետ էի՝ Ռուսլան Յուսուպովի: Ինձ ասացին, որ եթե ես խոստովանեմ, նրան բաց կթողնեն: Ես համաձայնեցի: Մտածում էի՝ կհասնեմ Մոսկվա եւ ամեն ինչ կպատմեմ, սակայն ինձ հնարավորություն չեն տվել արտահայտվելու»,- ասել է Զաուր Դադաեւը: Նա հիշեցրել է Բեսլան Շավանովին եւ ակնարկել, որ երիտասարդն ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Տեղեկացրել է նաեւ, որ իր զարմիկներին՝ Անզոր եւ Շահիդ Գուբաշեւներին, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել: Կալանավայրում կասկածյալին այցելում են եւ իրավաբանական խորհրդատվություն տալիս Հանրային վերահսկողության ծառայության իրավապաշտպանները: Փաստաբան Անտոն Ցեպկովը երեկ հայտարարեց նաեւ, որ Նեմցովի սպանության բոլոր կասկածյալները հրաժարվել են ընդունել իրենց մեղքը:



Ի դեպ, դատարանում Թամերլան Էսկերխանովը հայտարարել է, որ այդ երեկո գտնվել է աշխատանքի վայրում՝ Մոսկվայի կենտրոնական ակումբներից մեկում, եւ իր կոլեգաները կարող են հաստատել դա: Տեղեկացնենք, որ գլխավոր կասկածյալները՝ Զաուր Դադաեւը եւ ինքնասպանություն գործած Բեսլան Շավանովը, երկար տարիներ աշխատել են Չեչնիայի ներքին գործերի նախարարության «Հյուսիսային» գումարտակում: Այս գումարտակն ստեղծվել է 2006 թվականին, Ռազման Կադիրովի կողմից, որը հիմք է տալիս շատերին կարծել, որ «ահաբեկչությունն» իրականացրել է հենց պաշտոնական Չեչնիան:
«Ռուսական հասարակությունը պուտինյան պրոպագանդայի ճնշման տակ է գտնվում: «Զոմբիյաշիկն» աշխատում է իր ամբողջ ուժով, պրոպագանդիստները, որոնք աշխատում են մեծ գումարների դիմաց… նրանց համար կարեւորն իրականությունն ու ազնվությունը չեն, այլ տիրոջն սպասարկելը: Այն, ինչ անում է Պուտինը, աղետ է: Ուկրաինան երբեք չի ների Ռուսաստանին այն բանի համար, ինչ եղավ». սա եւս Նեմցովի խոսքերն են՝ ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցից: Մինչ Ռուսաստանում մի ստվար զանգված հավատում է չեչենների «վիրավորվածության» մոտիվացիային, ընդդիմադիրները մատնանշում են այս եւ նմանատիպ այլ հրապարակայնորեն ասված խոսքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: «Սպանել են Կրեմլի քննադատողին, նրան սպանել են Կրեմլի ֆոնին՝ Կարմիր հրապարակի ֆոնին, եւ ամեն ինչ պարզ է: Հիմա միջազգային հանրության աչքերում Բորիս Նեմցովը շարքային ընդդիմադիր չէ, այլ Կրեմլի զոհը»,- ասում է իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դոմրինը: «Երբ հասարակության մեջ ատելության նման մթնոլորտ է տիրում, եւ լիբերալների հետ գաղափարական պատերազմ է մղվում, այս ամենն այլ բանի չէր կարող հանգեցնել: Ամբողջ պատասխանատվությունը կրում են Սոլովյովները եւ Զեյնալովները, որոնք ստում են ամեն օր եւ գաղափարական պատերազմներ են ստեղծում». սա էլ լրագրող Քսենյա Սոբչակի կարծիքն է, ում սպառնացել էին՝ հաջորդը կլինես դու: Սոլովյովն ու Զեյնալովը ռուս լրագրողներ են, որոնց հետ Սոբչակը բազմաթիվ վիճաբանություններ է ունեցել Ուկրաինայի խնդրով: Լրագրողուհին նույնպես կարծում է, որ Բորիս Նեմցովին սպանել է պուտինյան ռեժիմը: