Լավ չի՞ պարզ ասեք՝ մեզանից ձեռ քաշեք… ժողովուրդ

Լավ չի՞ պարզ ասեք՝ մեզանից ձեռ քաշեք… ժողովուրդ

Հասկացանք, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում հանդիպել է նոր «Բարգավաճ Հայաստան կուսակցության» ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ:



Բայց դժվար է հասկանալ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի հաղորդագրությունը.



«Կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են սահմանադրական
փոփոխությունների վերաբերյալ նախկինում հայտնած իրենց դիրքորոշումը»:



Այնպիսի տպավորություն է՝ ասես կուսակցությունը նույն կուսակցությունն է, մի թեթև քաղաքական զեփյուռ էլ չի եղել, քնել- զարթնելուց հետո որոշել են վերահաստատել իրենց նախկին դիրքորոշումը: Մյուս կողմից էլ՝ եթե կուսակցությունը էլի պիտի նախկին դիրքորոշումը հայտներ, էլ ի՞նչ իմաստ ուներ նորի գոյությունը: Ինչու՞ է նախագահն իր համար ավելորդ դժվարություն ստեղծել:



Էլ ավելի դժվար է հասկանալ, երբ ՍիվիլՆեթի հետ զրույցում Վահան Բաբայանը նշում է.



«ԲՀԿ-ի հայտնած դիրքորոշումը հանրությանը հայտնի է, և այս պահի դրությամբ սահմանադրական բարեփոխումների շուրջ նախագահի հետ քննարկումները շարունակվում են»` հավելելով, որ այլ մանրամասներ լիազորված չէ հաղորդել:



Դե եկ ու բան հասկացիր: Դիրքորոշումը հայտնի է, բայց քննարկումները շարունակվում են: Ավելին, մանրամասները լիզորված չի հաղորդել:



Լավ չի՞ պարզ ասեք՝ մեզանից ձեռ քաշեք… ժողովուրդ:



Թե՞ էլի պետք ենք…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ