ԱԺ բուֆետի «արա wi-fi»-ը՝ հատուկ Եվրանեսթի համար

ԱԺ բուֆետի «արա wi-fi»-ը՝ հատուկ Եվրանեսթի համար

Ազգային ժողովում եվրանեսթյան աժիոտաժ է: Մարտի 16-18-ն այստեղ տեղի է ունենալու Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստը: ԱԺ-ում հատուկ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որպեսզի հավուր պատշաճի ընդունեն եվրանեսթականներին: ԱԺ հայտնի 334 սրահն արդեն «զարդարել են» «Եվրանեսթ» մակագրությամբ պաստառով: ԱԺ աշխատակազմը որոշել է խորհրդարանի բուֆետում wi-fi «քաշել», ինչը հարուցել է շատերի զարմանքն ու տարակուսանքը: «Հաց ուտելուց ի՞նչ wi-fi, մարդիկ գալու են բուֆետ հա՞ց ուտեն, թե՞ ինտերնետ մտնեն»,-զարմացան բուֆետում այդ պահին ներկա գտնվողները, որոնց միացան նաեւ ԱԺ աշխատակազմի տեխնիկական բաժնի աշխատակիցները: Նրանք wi-fi-ի սարքը ձեռքներին՝ այս ու այն կողմ էին անում ու չէին կողմնորոշվում՝ պա՞տը ծակեն, թե՞ այլ կերպ հարմարեցնեն սարքը բուֆետում, որ աննկատ մնա: Բուֆետից էլ նեղսրտեցին, թե «էս չորս օր ա՝ գալիս գնում են, չեն կարողանում մի հատ wi-fi միացնեն»:



Իսկ wi-fi «քաշողներից» մեկն էլ մեր հարցին, թե ինչու են որոշել բուֆետում ինտերնետ անցկացնել, ասաց. «Տո ես շատ գիտեմ, է, դրանցից ո՞վ ա բան ջոգում, թե ասա ինչ ա խելքներին փչել բուֆետում wi-fi քաշեն... իբր ո՞նց կլիներ, մարդիկ հաց ուտելուց ինտերնետ չմտնեին»: Իսկ արդյոք սա հատուկ Եվրանեսթի՞ համար է արվում ու նիստերից հետո հանվելու է կրկին, թե՞ մնալու է, որ լրագրողներն ու մյուս այցելուներն էլ հետագայում օգտվեն, մեզ ասացին. «Դե, իրենց համար ենք քաշում, բայց երեւի Եվրանեսթից հետո էլ կմնա, էլի»: Բուֆետում ներկա անձանցից մեկն էլ հումորով նկատեց, թե «մի հատ երգ կար, է` արա վա՜յ-վա՜յ, հիմա էստեղ լրիվ էդ պահն ա»: Ինչին ի պատասխան՝ ԱԺ աշխատակիցներից մեկն արձագանքեց. «Հիմա դրան տենց չեն ասում, հիմա ասում են՝ արա wi-fi»:



Նկատենք, որ Ազգային ժողովում այս տարիներին երբեւէ որեւէ մեկի մտքով չի անցել ու չէր անցնի հատուկ լրագրողների համար մի լավ բան անել ու բացի շենքի մի երկու հատվածներից, նաեւ, օրինակ, բուֆետում կամ 334 սրահում էլ ինտերնետ կապ ապահովել: Կամ եթե դա էլ չեն անում, ապա գոնե եղած տեղերում նորմալ կապ ապահովեն, որ լրագրողներն ամեն օր չդժգոհեն ինտերնետի չափազանց վատ որակից: Իսկ, ահա, դրսից եկած հյուրերի համար իրար կխառնվեն, դռնեդուռ կընկնեն, որ նույնիսկ հաց ուտելիս առանց ինտերնետի չթողնեն մեր եվրոպացի բարեկամներին, դե, լրագրողներն էլ առիթը կօգտագործեն ու իրենք էլ կօգտվեն ԱԺ աշխատակազմի եվրոպամետ դրսեւորումներից:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ