Վլադիմիր Պուտինը ռիսկ կանի՞ գալ Հայաստան

Վլադիմիր Պուտինը ռիսկ կանի՞ գալ Հայաստան

«Պրոեվրոպականները» «ճղում են» իրենց, թե ուր է Եվրասիական տնտեսական միությունը, երբ ոչ մի տեսանելի փոփոխություն այդպես էլ չիրականացավ: Այդ ընթացքում «պրոռուսականները» հայտարարում էին, թե բան չմնաց, սպասեք, ու արդեն երեկ մեծ խանդավառությամբ սոցիալական ցանցերում տարածում էին լուրն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:



«Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին եւ նավթագազային բնագավառին»,- գրված է հաղորդագրության մեջ:



Ի դեպ, խոսվում է նաեւ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպման մասին: Ղեկավարների հանդիպումը նախատեսվում է ապրիլի վերջին-մայիսի սկզբին. «Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում»:



Այս պաշտոնական հաղորդագրությունից ենթադրել, որ ՌԴ նախագահը կժամանի Հայաստան, խոցելի ենթադրություն է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին միջոցառումներ անցկացվելու են նաեւ Ռուսաստանում՝ հայկական օջախներում: Դեռ վաղ անցյալում վերլուծաբանները կանխատեսում էին, թե ՌԴ նախագահը «ռիսկ» չի անի գալ Հայաստան ապրիլի 24-ին, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններն այս փուլում խիստ կարեւորում է: