Պուտինի հետ հեռախոսազրույցի առեղծվածը

Պուտինի հետ հեռախոսազրույցի առեղծվածը

Ինչքան էլ փորձես լրջով անդրադառնալ հայաստանյան քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի մարտի 12-ի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանդիպումներին, հնարավոր չէ:



Պարոնյանական երգիծանքի արժանի նյութ:



Անգամ կուսակցությունների ներկայացուցիչներն էին իրենց պահվածքով ընդգծում իրենց ոչ կարևոր ու ընկճված լինելը: Իրենց նվաստ վիճակը:



Բայց դա թողնենք հետագա գրիչներին, որոնք թանաքի տեղ արցունքով կարձանագրեն, որ նախագահը հանդիպեց «ավերակների վրա գործող թագավորների հետ»: Իսկ ավերակներ դարձնելը նրա տևական պայքարի արդյունքն էր:



Ինձ այլ բան է հետաքրքրում: Ինչու՞ նախագահը Պուտինի մասին շրջանառվող լուրերից հետո սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն ակտիվացրեց: Դա ոչինչ չի՞ ասում:



Այդ դեպքում ինչու՞ նա հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ հենց այն նույն օրը, երբ պետք է հանդիպեր քաղաքական փլատակներից փրկած իր «զոհերի հետ»:



Առաջին հայացքից անկարևոր այս հարցերը կարող են տալ ամենալուրջ հարցի պատասխանը: Ինչպիսի՞ն է հիմա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վիճակը:



Եթե խորհրդակցում է նրա հետ, դա ոչինչ չի ասու՞մ: Վլադիմիր Պուտինը նժույգի վրա է, այն էլ՝ ճերմա՜կ նժույգի վրա:  Ու միանգամայն պարզ է դառնում՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի առեղծվածը:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ