ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա Եվրոպական ներդրումային բանկի հետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխշահավետ համագործակցության համար:
« Եվրոպական ներդրումային բանկը արդյունավետ ծրագրեր է իրականացնում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսությունն այսօր մեր երկրում հանդիսանում է գերակա ոլորտներից մեկը, կարծում եմ, ժամանակն է ծրագրեր մշակել և իրականացնել նաև գյուղատնտեսության ոլորտում», - նշել է իր խոսքում նախարարը:
Համառոտ ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը` նախարարը հանգամանորեն անդրադարձել է ոլորտի այն ճյուղերին, որոնցում առկա են համագործակցության իրատեսական հեռանկարներ: Այս առումով նախարարը մասնավորապես առանձնացրել է պտղաբուծության, վերամշակման, ջերմոցաշինության ոլորտներում երկկողմ ծրագրերի մշակման, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների կազմակերպման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և ջրամբարների կառուցման, մատչելի գներով գյուղատնտեսական վարկերի տրամադրման հնարավորությունը:
Պարոն Մոնտերերն իր հերթին նշել է, որ ներկայումս բանկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև առկա են համագործակցության իրատեսական հնարավորություններ:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի խոսքով` ՀՀ Կենտրոնական բանկի հետ կնքված շրջանակային համաձայնագրի շրջանակում հնարավոր է ֆինանսավորել նաև գյուղատնտեսության զարգացման ծրագրեր` աջակցելով մասնավոր հատվածին: Միաժամանակ բանկի փոխնախագահն ընդգծել է, որ նման ծրագրերի իրագործման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է մշակել այնպիսի ռազմավարություն, որը կընդգրկի գյուղատնտեսական ողջ արժեշղթան: Իր խոսքում նա կարևորել է նաև ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում գիտական համագործակցության ընդլայնումը, վերապատրաստումն ու հայ մասնագետների մասնագիտական կարողությունների ուժեղացումը:
Անդրադառնալով ջրի կառավարման խնդիրներին` բանկի փոխնախագահը կարևորել է այդ ոլորտում ժամանակակից ոռոգման խնայողատար տեխնոլոգիաների ներդրման հարցը:
Վիլհելմ Մոլտերերը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային տնտեսական և ֆինանսական այլ կազմակերպությունների հետ` ներգրավելով նրանց առաջիկայում նախատեսվող ծրագրերում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին