Ի՞նչ կապ ունի, որ Գագիկ Ծառուկյանի փեսան ա

Ի՞նչ կապ ունի, որ Գագիկ Ծառուկյանի փեսան ա

Կոտայքի մարզի վրա մարզպետ «չի գալիս». Կովալենկո Շահգալդյանը նստել էր աթոռին ու նստած մնաց այնքան, մինչեւ Հովիկ Աբրահամյանը նրա խորհուրդների կարիքն զգաց: Նրա փոխարեն բերեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ով ծնունդով Կոտայքի մարզից է՝ Եղվարդ քաղաքից: Ոչ Կովալենկո Շահգալդյանին, ոչ էլ Արամ Հարությունյանին այստեղ չսիրեցին. նշանակման օրվանից սկսեցին պախարակել ու քննադատել: Մի քանի նախարարական աթոռ փոխած Արամ Հարությունյանի դեպքում էլ սկսեցին խոսել, թե բնության նման հիմա էլ Կոտայքի մարզի հախից է գալու: Կովալն էլ հեռանալիս մարզին ժառանգություն թողեց որդուն, ով երրորդ անգամ Չարենցավանի քաղաքապետ ընտրվեց: Եկավ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդու, Գագիկ Ծառուկյանի փեսայի ժամանակը, ում ընտրովի պաշտոնից տեղափոխեցին նշանակովի պաշտոնի: Այս նշանակումը ՀՀԿ-ականները ողջունեցին, տարբեր վերլուծաբաններ ասացին, որ սա «կոմպենսացիա» է Ծառուկյանի կրած վնասների դիմաց, ոմանք էլ զարմացան, թե այսքան ջահել մարզպետն ի՞նչ պետք է անի: Իսկ ի՞նչ կարծիքի են մարզպետի «ենթակաները»՝ Կոտայքի մարզի գյուղապետերը:



Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանն ասաց. «Է, թող լինի երիտասարդ, ի՞նչ ա եղել, հիմա երիտասարդ ա, շատ լավ ա, ի՞նչ ա եղել: Նախ ասեմ՝ ինքը քաղաքապետ աշխատել ա, ծանոթ ա ամեն ինչին, աշխատանքին, խի՞ չպիտի արդարացնի որ»: Ու անդրադարձավ նախորդին. «Նախորդը նոր էր սկսել, դե, էդքան շուտ՝ 10 ամսում չեն ձեւավորվում, նոր էր եկել, նոր էր ծանոթանում, նոր էր շարժվում, առանձնապես ի՞նչ ասեմ… բայց լավ բան էլ ենք տեսել, ո՞վ ա ասում վատ բան ենք տեսել: Դե, գյուղերում ման եկավ, ծանոթացավ գյուղերի պրոբլեմների հետ… էդ էր հիմնականում»: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի փեսան լինելուն, ապա. «Ի՞նչ կապ ունի, հիմա որ Գագիկ Ծառուկյանի փեսան ա, նշանակում ա ի՞նչ… Իրա աշխատանքն են գնահատել, նշանակել են, կառավարություն կա, վարչապետ կա, նախագահ կա»: Նախկին մարզպետների համեմատությունը վերջինի օգտին չէ. «Կովալ Սուրենիչի հետ աշխատել ենք երկար տարիներ, աշխատանքային պրոցեսում շատ հարցերում իրար հետ շփվել ենք, շատ իրար հետ աշխատել ենք, շատ լավ բաներ ենք տեսել, շատ լավ աջակցել ա… էդ ի՞նչ ասելու բան ա, ինչ մի մարդու հետ աշխատես տասն ամիս, ինչ տասը տարի»:



Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանն էլ համոզված է, որ նոր մարզպետը մարզպետին համապատասխան լիազորություններն ամբողջ ծավալով, խորությամբ կարող է իրականացնել, ու բացատրեց, թե ինչու է այդպես համոզված. «Ասեմ՝ իր մակարդակը եւ տարիների աշխատած փորձն Աբովյանի քաղաքապետի պաշտոնում»: Դիտարկմանը, թե Կոտայքի մարզում 10 տարուց ավելի մարզպետ չէր փոխվում, հիմա հանկարծ մեկ տարում 2 մարզպետ, պարոն Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ դա նշանակողների խնդիրն է. «Միգուցե էդ մարդն էն մի տեղին էր պետք, էս մեկը ստեղին ա պետք, իմ համար էլ ա մի քիչ բան… բայց ես կարծում եմ՝ հանրապետության նախագահը կադրեր նշանակելու փորձ ունի, հմուտ ա, չեմ կասկածում իրենց որոշումների վրա»: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի փեսան լինելու փաստին՝ Արզականի գյուղապետն ասաց, որ, իր կարծիքով, դա ավելի լավ ազդեցություն կթողնի նրա աշխատանքում՝ հիշեց Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները, անձնական կապերը, որոնց արդյունքում կշահեն Կոտայքի մարզը եւ ժողովուրդը: «Իսկ ԲՀԿ-ից դուրս գալ-չգալը… բոլորս էլ մի գործ ենք կատարում՝ իշխանություններս, եթե իշխանություն ա, ուրեմն պիտի ծառայություն մատուցես դեպի ժողովուրդը, իսկ ճիշտ ծառայություն մատուցելու արդյունքում ամեն ինչը կմոռացվի՝ կուսակցական պատկանելությունը, փեսա լինելը, մյուսը, մյուսը»,-նկատեց նա:
Բջնիի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանն էլ նկատեց. «Ճիշտն ասած՝ այդ հարցը կարելի է թողնել անպատասխան», բայց չզլացավ ու մի քանի բառով պատասխանեց. «Մարդն աշխատել ա համայնքի ղեկավար, գործին ծանոթ ա, կաշխատի, ի՞նչ ա եղել… բայց չեմ կարա ասեմ, թե մյուսներից ինչով կտարբերվի»:



Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսեւանյանը խուսափեց կարծիք հայտնելուց՝ նոր է նշանակվել, բայց հիշեց, որ որպես քաղաքապետ շատ լավ աշխատող էր: Նախորդի մասին էլ ասաց, որ լավ աշխատող, լավ դիսցիպլինայով, կարգապահ, ունակ մարզպետ էր: Ձորաղբյուրի գյուղապետ Արայիկ Մուքայելյանը, ով այն եզակի համայնքապետերից է, որ անկուսակցական է, ասաց, որ դեռ նոր է նշանակվել, թող աշխատի, հետո կարծիք կհայտնի, բայց նախկինում որպես քաղաքապետ որքան որ շփվել է նրա հետ, կարող է ասել, որ նորմալ մարդ է: Քաղաքական մեկնաբանությունների մասով էլ անկուսակցական գյուղապետն ասաց, որ ինքը քաղաքականությունից հեռու մարդ է, չի կարող ոչինչ ասել: Նախկին մարզպետ Արամ Հարությունյանի մասով էլ ասաց՝ նորմալ էր աշխատում: Իսկ արժե՞ր, այդ դեպքում, փոխել նրան, եթե նորմալ էր աշխատում, կամ ինչո՞ւ փոխեցին: Պարոն Մուքայելյանը դժվարացավ պատասխանել. «Ցավդ տանեմ, էտի արդեն վարչապետին հարցրեք»:



Նշենք, որ նորանշանակ մարզպետ Գուլոյանն արդեն անցել է աշխատանքի, կիրակի օրն էլ Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցում կնոջ եւ մարզպետարանի աշխատակիցների հետ մասնակցել է Սուրբ Հարության տոնին: Ի դեպ, ուրախ են նաեւ աբովյանցիները, նրանք ասում են, որ «քաղաքապետը գոռոզ էր, մարդկանց հետ չէր շփվում, քաղաքին լավ չէր նայում»: Հրազդանում էլ, ասում էին, քաղաքապետ Արամ Դանիելյանի սրտով չէ Գուլոյանի նշանակումը, քանզի դեռ անցյալ տարվանից խոսակցություններ էին շրջանառվում, որ քաղաքապետ Դանիելյանը մարզպետի աթոռին նստելու «ախորժակ» ուներ: Այդ խոսակցություններն ակտիվացան հատկապես այն ժամանակ, երբ Դանիելյանը քաղաքային բյուջեից կլորիկ գումար տրամադրեց՝ նույն շենքի 4-րդ հարկում գտնվող մարզպետարանի վերանորոգման համար: Հավանաբար, հույս ուներ, որ ինքը շուտով մեկ հարկ ներքեւ կիջնի: Գուլոյանը խառնեց պլանները: Իսկ տարեվերջին Հրազդանի քաղաքապետի նոր ընտրություններ են, որին, ըստ նախնական լուրերի, կրկին մասնակցելու մտադրություն ունի Սասուն Միքայելյանը: Այնպես որ, Դանիելյանը մարզպետի աջակցության խիստ կարիքն ունի: