Արցախի ընդդիմադիրներն օրինախախտումներով զբաղվելու ժամանակ չունեն

Արցախի ընդդիմադիրներն օրինախախտումներով զբաղվելու ժամանակ չունեն

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի, առաջադրվել է՝ խախտելով Սահմանադրության այն կետը, ըստ որի, թեկնածուն պետք է 5 տարի մշտապես բնակված լինի ԼՂՀ-ում եւ ունենա ԼՂՀ քաղաքացիություն: Ըստ ղարաբաղցիների, հենց այս կետն է խանգարել, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջադրվի: Իսկ նա պետք է գլխավորեր ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ցուցակը: Անդրիաս Ղուկասյանը մեզ տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է միավորվեն եւ դատի տան մրցակցին, ով միջազգային հանրության ուշադրության ներքո գտնվող Արցախում առաջադրվում է օրենքի կոպիտ խախտմամբ:



Ի դեպ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի աջակցությամբ ստեղծված «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը եւս մասնակցում է ընտրություններին: Դաշնակցական Արմեն Ռուստամյանը, պատասխանելով վերջինիս, փորձել էր փաստարկել, թե Աղաբեկյանն առաջնորդվել է օրենսդրությամբ եւ որեւէ խախտում չի արել: Սակայն ընդդիմախոսները համաձայն չէին նրա փաստարկների հետ եւ ասում էին՝ արցախյան կուսակցությունների շարքում կգտնվեն մեկ-երկուսը, որ դատի կտան Աղաբեկյանին, այդպիսով ցույց տալով իրենց անկախությունն իշխանությունից: Հավանական էր համարվում, որ դատարան կդիմի «Ազգային վերածնունդը»: Երեկ կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանից հետաքրքրվեցինք, թե ինչ մտադրություն ունեն: «Աղաբեկյանի նկատմամբ մենք որեւէ քայլեր չենք ձեռնարկում, «Խաղաղություն եւ զարգացումն» էր նախաձեռնել, ընտրական հանձնաժողովը թող որոշի, մենք կուսակցությունների գործով չենք զբաղվում»:



Եվ խորհուրդ տվեց «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունից հարցնել՝ նման մտադրություն ունե՞ն, թե՞ ոչ: Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք Սամվել Բաբայանը հենց այդ պատճառո՞վ չի հրաժարվել առաջադրումից, Խանումյանն ասաց. «Բաբայանը չէր էլ առաջադրվելու, նա նման նախաձեռնություն չէր ցուցաբերել, խնդիր չէր տեսնում: Բաբայանը կուսակցության աջակցողի ֆորմատով է, եւ ինքը թեկնածու չի եղել, ոչ էլ ցանկացել է, իսկ եթե Աղաբեկյանը ցանկացել է օրենքի խախտումով կամ սխալ մեկնաբանմամբ, թողնում եմ Աղաբեկյանի խղճի վրա: Մենք բոլորին էլ դիտում ենք մրցակից եւ հավասար հարգանքով ենք վերաբերվում, այսինքն՝ Դաշնակցությունն Արցախում ֆավորիտը չի: Մենք գտնում ենք, որ Աղաբեկյանի առաջադրմամբ խնդիր կա, որը դաշնակցականները պարզաբանել են, բայց այս պահին ժամանակ չունենք, ինչպես նաեւ տրամադրվածություն՝ այդ հարցով զբաղվելու, քարոզչությամբ ենք զբաղված»: Խանումյանը, սակայն, նշեց, որ կային մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներ, որոնք հրաժարվել են հենց 5 տարվա մշտական բնակություն չունենալու պատճառով, եւ տվյալ դեպքում սա իրենց զբաղվելու հարցն էր: