Ինչո՞ւ ավելի մեծ թվով նախագահներ չեն գալիս

Ինչո՞ւ ավելի մեծ թվով նախագահներ չեն գալիս

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ վերջապես հրապարակեց երկար սպասված ցուցակը, թե որ երկրներից ինչ մակարդակով են այցելելու Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այդ ցուցակում տեղ գտած նախագահների թիվը թեեւ սակավ է, բայց իշխանական շրջանակների կարծիքով՝ պերճախոս ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների մասնակցության առումով: Բացի նրանցից, կլինեն նաեւ Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները: 4 նախագահ եւ, ըստ Վիգեն Սարգսյանի, 60 պատվիրակություն այլ երկրներից: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից հարկ չեն համարել ներկա լինել Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները: Ինչո՞վ է պայմանավորված նախագահների այս սակավությունը, այն էլ Հռոմի պապի հայտարարությունից եւ ԵԽԽՎ-ում ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո, քաղաքագետները տարբեր պատասխաններ ունեն:



Ստյոպա Սաֆարյանն ասում է. «ԵՏՄ անդամ պետություններից այլ բան պետք չէր սպասել, քանի որ Ղազախստանը եւ Բելառուսը մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ իրենք չեն անի այնպիսի քայլեր, որ դրանք չնյարդայնացնեն Բաքվի իրենց գործընկերոջը, իսկ Բաքուն Անկարայի հետ միասնական է Հայոց ցեղասպանության հարցում մեր դեմ պայքարում: Նրանք, որպես Ադրբեջանի սերտ գործընկեր, չէին անի քայլեր, որ նրա սրտով չլիներ»: Անդրադառնալով եվրոպական երկրների նախագահների պասիվությանը, քաղաքագետն ընդգծեց, որ դա նաեւ մեր պետության կարողության արտացոլանքն է: «Շատ ցանկալի կլիներ տեսնել մեծ թվով նախագահների այց, ի վերջո, դա 20-րդ դարի առաջին ոճրագործությունն է, եթե նրանք ուզում են որեւէ կերպ Հայաստանը եւ ՀՀ հասարակությանը տեսնել ժողովրդավար աշխարհի մասնիկ, հետեւաբար, ճիշտ կանեին, որ գային: Իհարկե, այս ամենը մի տեսակ արտացոլանքն է մեր պետության կարողության, որքան մենք քննադատենք միջազգային հանրությանը՝ նման վերաբերմունքի համար, այնուամենայնիվ, դա Հայաստանի ցուցանիշն է, եւ եթե աշխարհը հիմնված է շահերի վրա, եւ քրիստոնեական արժեհամակարգն այդքան էլ թելադրող չի քաղաքական հարցերում, այնուամենայնիվ, Հայաստանն էլ թող իրեն մեղադրի, որ տարիների ընթացքում չկարողացավ ստեղծել այնպիսի պետություն, որ պարտադրված լինեին գալ ու կիսել հայ ժողովրդի վիշտը»:



Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց, թե չի կարծում, որ նախագահների չմասնակցելը բացասական դեր կխաղա 100-ամյակի միջոցառումների վրա. «Ես չգիտեմ, միգուցե կազմակերպչական առումով խնդիրներ կային, կամ միգուցե Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում է, որ երկրների ղեկավարները փորձեցին խուսափել ներկա լինելուց, բայց ես չեմ կարծում, որ դա վճռորոշ բացասական դեր կխաղա Ցեղասպանության միջոցառումների վրա: Հարցի պատասխանը ես չունեմ, այն ավելի շատ քաղաքական է՝ ընդդիմադիր ներկայացուցիչներն այն կարող են վերագրել իշխանությունների կազմակերպչական թերացումներին, իսկ մի մասն էլ կարող է ասել՝ արդյոք ՀՀ-ի պես փոքր երկրի համար հնարավո՞ր էր տեսականորեն ավելի շատ քանակ ապահովել»: Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը կարծում է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մասնակցությունն արդեն հատկանշական է. «Այստեղ շատ կարեւոր է նաեւ, թե քանի երկրներից են ներկայացված լինելու: Առհասարակ, եթե մենք նայում ենք երկրների ցանկը, որ ճանաչել են Ցեղասպանությունը, այդքան էլ մեծ չի, ընդամենը 21: Հիմա կարեւոր է, որ այդ երկրները, որոնք որ ճանաչել են, ինչ-որ չափով ներկայացված լինեն, բոլոր դեպքերում Ռուսաստանի ու Ֆրանսիայի պետությունների ներկայությունն արդեն հատկանշական է, ես չեմ ուզենա գերագնահատել կամ թերագնահատել, քանի որ 24-ով էդ գործընթացը չպիտի ավարտվի: Եթե դրանից հետո ինչ-որ գործընթացներ չլինեն ու արդյունքի չբերեն, դա նույնպես արդյունավետ չեմ գտնում»: