Կառավարությունը միջազգային կազմակերպությունների բացասական կանխատեսումները չի ընդունում

Կառավարությունը միջազգային կազմակերպությունների բացասական կանխատեսումները չի ընդունում

Չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բացասական կանխատեսումներին, արտահանման ծավալների, Հայաստան մուտք գործող տրանսֆերների շեշտակի նվազմանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ 2015 թվականի համար կառավարության նախատեսած 4.1 տոկոս աճը վերանայելու հիմքեր չկան: «Ես կարծում եմ, որ համախառն ներքին արդյունքի աճը շատ չի տարբերվի տնտեսական ակտիվության ցուցանիշից, որովհետև դրանք ընդհանրապես համադրելի են: Ես կարծում եմ՝ 4.1 տոկոսն ուժի մեջ է: Այսօր որևէ վերանայման հիմք չկա, մանավանդ որ բյուջետային հավաքագրումների հարցում էլ, ինչքան որ զգացվում է, խնդիրներ չկան»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կարեն ճշմարիտյանը:



Վերջինս նշել է, թե այդ կառույցներն ունեն որոշակի մոդելներ և կոնկրետ ազդեցությունները գնահատում են ոչ թե ավելի շատ իրական հատվածից ելնելով, այլ մեկ-երկու բաղադրիչով, որը նաև իրենց վերաապահովագրում է որոշակի առումով:
Որքան էլ ՀՀ կառավարությունը ջանքեր գործադրի՝ ապացուցելու, որ միջազգային կառույցների ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ տնտեսական իրական պատկերին, դա դեռ չի նշանակում որ ներդրող կազմակերպույունները հիմնվելու են հենց ՀՀ նկարած ցուցանիշների վրա:



Այս խնդրին անդրադառնալով՝ էկոնոմիկայի նախարարը նշեց. «Վատ է միայն միայն մեկ առումով՝ ներդրումային: Արդեն մեր ներդրողներն էլ սովոր են դրան, որովհետև գիտեն, որ միջազգային կազմակերպությունները մի քիչ ավելի զգուշավոր են: Ներդրողներին կոչ եմ անում, չնայած իրենք արդեն սովորել են, որպեսզի իրական հատվածին նայեն ու այն ոլորտներին, որտեղ կարող են ներդրում անել: Այստեղ ոչ թե մեղադրելու, այլ պարզապես մեթոդոլոգիայի տարբերություն կա»: Նախարարի խոսքով, թեև ներդրողները սովոր են այդ կանխատեսումներին, սակայն դրանք սպասումներ առաջացնող բաղադրիչ են պարունակում:



«Պատկերացրեք՝ դուք ներդրող եք, մտածում եք, որ այսօր այս ուղղությամբ որևէ աշխատանք կազմակերպեք, և այդպիսի կանխատեսման դեպքում որոշակի վերապահումներ են լինում կամ սկսում են լրացուցիչ ուսումնասիրություններ անել շուկայում»,- մանրամասնեց նա: Այդ դեպքում ինչպե՞ս են համոզում ներդրողներին, որ միջազգային կազմակերպությունների կանխատեսումները մի կողմ դնեն եւ իրենց ցուցանիշներին վստահելով ներդրումներ կատարեն. «Նաև նշանակություն ունեն այն միջոցառումները, բազմաթիվ ֆորումները, մասնակցությունները, իրենք նայում են նաև օրենսդրական փոփոխություններին: Իրենք շատ ուշադիր են, ներդրողները շատ մանրամասն են վերլուծում ամեն ինչ, նայում են Հայաստանի այսօրվա առավելություններին, որովհետև Եվրասիական տնտեսական միության մեջ այնուամենայնիվ ամենալիբերալ ռեժիմը Հայաստանում է, և ներդրումների, և գրանցման, և այլ երկրների հետ հարաբերություններում»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը: