Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հաշտեցման ամենակարճ ճանապարհն է. Սերժ Սարգսյան

Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հաշտեցման ամենակարճ ճանապարհն է. Սերժ Սարգսյան

Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը մեր ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է, Euronews-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»։



«Ես խորապես համոզված եմ, եթե դա արվի և արվի անկեղծ, շատ շուտով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կբարձրանան մեկ այլ, բավականին բարձր աստիճանի»,- ասել է նա։



Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին։ Սղագրությունը ներկայացրել է Panorama.am կայքը։



Արձագանքելով Al Jazeera-ի հարցին՝ Սարգսյանն ասել է, որ 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ՝ անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարագայում։



«Իսկ ո՞վ է ասել, որ երբ սահմանները բացվեն Ցեղասպանության ճանաչման արշավը դադարելու է, իսկ ո՞վ է ասել, որ եթե սահմանները բացվեն, մենք հրաժարվելու ենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց, Ո՛չ»,- հայտարարել է Հայաստանի նախագահը, ով այս զրույցում շեշտել է՝ Հայաստանը Թուրքիայի հետ պատրաստ չէ հարաբերություններ հաստատել որևէ նախապայմանով։



«Մենք, իհարկե, ուզում ենք, որ մեր սահմանները բաց լինեն, ուզում ենք Թուրքիայի հետ առևտուր անել, ուզում ենք, որ մեր քաղաքացիները շփվեն։ Մեր ակնկալիք այն է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարեն՝ այո՛, Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն։ Մենք մեր նպատակի համար պայքարելու ենք, մեր մեր ցանկացածին հասնելու համար ջանքեր ենք գործադրելու։ Այլ ճանապարհ չկա»,- ասել է Սարգսյանը։



Հայաստանի նախագահը չի թաքցրել՝ կցանկանար, որ իր ուղերձում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասեր «ցեղասպանություն» բառը։



«Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։