Հայաստանում է Հունաստանի խորհրդարանի նախագահը

Հայաստանում է Հունաստանի խորհրդարանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին:



Նախագահը բարձրաստիճան հյուրին շնորհակալություն է հայտնել Հայաստան ժամանելու և հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար:



Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հույն ժողովրդին և Հունաստանի իշխանություններին՝ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին ապաստան տալու, ազգային ինքնությունը պահպանելու, արարելու և զարգանալու հնարավորություն ընձեռելու համար: Նախագահը բարձր է գնահատել Հունաստանի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունն առաջիններից ճանաչելու փաստը, իսկ հետագայում՝ ռասիզմի և այլատյացության դեմ օրինագծի ընդունումը, որով քրեականացվեց նաև Հայոց ցեղասպանության ժխտումը, վերահաստատվեց այդ ծանրագույն հանցագործության դեմ պայքարելու Հունաստանի հանձնառությունը:



Հունաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում այս օրերին ընթացող կարևորագույն այս միջոցառումներին մասնակցելու հրավերի, ջերմ հյուրընկալության և նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելով՝ հետագա ցեղասպանությունները կանխելու գործում Հայաստանի մեծ ջանքերի համար: Զոի Կոնստանդոպուլուն ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը և անձամբ ինքը՝ որպես միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների մասնագետ, պատմական արդարության միջազգային ճանաչման գործում Հայաստանի կարևոր ու վստահելի դաշնակիցն է:



Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել պատմամշակութային ամուր կապերի վրա խարսխված հայ - հունական դարավոր բարեկամությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ ջանքերը քաղաքական երկխոսությունը, տնտեսական, ռազմական և մշակութային կապերն առավել ընդլայնելու, միջազգային կառույցներում գործակցությունը խորացնելու նպատակով։



Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերին: