«Ծաղկահավաք» ամենամյա միջոցառում

«Ծաղկահավաք» ամենամյա միջոցառում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին եւ 28-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում անցկացվում է «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը:



Ապրիլի 24-ից օրեր անց, հուշահամալիրում դրված հարյուր հազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում ու տեղափոխվում էին աղբատեղի եւ այրվում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ 2010թ.-ից ի վեր, ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց, թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Մեկ կիլոգրամ չորացած ծաղկաթերթերից ստացվում է A3 ձեւաչափի 40 թուղթ:



Հատուկ տեխնոլոգիայով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս, իսկ պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար:
Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը եւ բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:



Ծաղկահավաքին մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր եւ պետական հատվածների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ, կամավորներ, ինչպես նաեւ նախաձեռնության կազմակերպիչների՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները:
Հաշվի առնելով ակնկալվող այցելությունների եւ անմար կրակի մոտ բերվող ծաղիկների ծավալը, այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, միջոցառումն անցկացվում է երկու օր՝ ապրիլի 27-ին եւ 28-ին:



«Ծիծեռնակաբերդի մոտ դրված ծաղիկները վերամշակման ենթարկելու գաղափարը յուրահատուկ է իր նորարարությամբ եւ միակն է իր տեսակի մեջ: Դա պատասխանատու վերաբերմունքի դրսեւորում է շրջակա միջավայրի նկատմամբ, քանի որ ծաղիկները նոր կյանք են ստանում: Սա նաեւ հարգալից վերաբերմունքի դրսեւորում է ծաղիկները բերող մարդկանց հանդեպ: Բացի այդ, նախաձեռնությունը խորհրդանշական իմաստ է կրում, քանի որ ծաղկաթերթիկներից պատրաստվող թուղթը Ցեղասպանության թանգարանի կողմից օգտագործվում է շնորհակալական բացիկների եւ պատվոգրերի համար: Ուստի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին՝ նախաձեռնության իրականացման հարցում: Ինձ համար նաեւ ուրախալի է այստեղ տեսնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազմաթիվ աշխատակիցների, որոնք, որպես կամավորներ, մասնակցում են միջոցառմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: