Սուրիկ Խաչատրյանն այս գործում միայն ծնող է

Սուրիկ Խաչատրյանն այս գործում միայն ծնող է

Լրատվամիջոցներով և սոցկայքերում ակտիվորեն քննարկվում է հարցը՝ այս անգամ էլ հրաժարական կտա՞, արդյոք Սուրիկ Խաչատրյանը, ոմ անունը կրկին հայտնվել է աղմկահարույց իրադարձության կենտրոնում: Խոսքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին է, որն ավարտվել է մեկ այլ երիտասարդի առողջությանը լուրջ վնասվածք հասցնելով:



Իմ գործընկերներին խորհուրդ կտամ ավելորդ տեղը կառավարությունում չփնտրել իրենց հարցի պատասխանը և ոչ էլ զանգերով անհանգստացնել վարչապետին ու նրա մամուլի խոսնակին: Կարող եք վստահ լինել, որ այս անգամ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական չի տա:



Այսպես բացատրեմ՝ բոլորս էլ ծնող ենք, երեխաներ ունենք, այդ ո՞ւմ տղա երեխան կռիվ չի արել ու նման պատմությունների մեջ չի ընկել: Ո՞ր մեկս ենք մեր երեխայի կռվի պատճառով հրաժարական տվել ու ազատվել աշխատանքից:



Միանգամայն այլ հարց է, թե ինչ ենք անում այդ կռիվներից հետո, երբ, մանավանդ, գործը հասնում է դիվան բաշիներին: Մեր երեխային նեղ տեղից հանելու համար ինչ ասես չենք անի, չէ՞: Դե ուրեմն կարիք չկա շահարկելու Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի հարցը: Ինքն այդ գործով ոչ վկա է, ոչ էլ, մանավանդ կասկածյալ: Դեպքն էլ իր տան բակում չի եղել, որ հրաժարական տա, որպեսզի իրավապահները կարողանան պարզել՝ ինքը քնած է եղել, թե ոչ:



Նա, որպես ծնող, բնականաբար, պետք է անի ամեն ինչ, թե տուժած երիտասարդի և թե իր որդու համար:



Բացի այդ, ի՞նչ տվեց Սուրիկ Խաչատրյանի նախորդ հրաժարականը արդարադատության կայացմանը, որ նոր հրաժարական ենք ակնկալում նրանից: Հրաժարական տա-չտա, նա նույն Սուրիկ Խաչատրյանը չի՞ լինելու: Եվ արդյոք Սուրիկ Խաչատրյա՞նն է մեղավոր, որ Հայաստանում դրվածքն այդպիսին է: Ինքը շարքային մարզպետ մարդ է: Դուք վերևներից խոսեք, որ ոչ մի կերպ չեն կարողանում յոլա գնալ առանց Սուրիկ խաչատրյանի:



Էդիկ Անդրեասյան