Տարոն Մարգարյանը չի ուզում նեղացնել «օլիգարխիկ» օբյեկտի տերերին

Տարոն Մարգարյանը չի ուզում նեղացնել «օլիգարխիկ» օբյեկտի տերերին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի «դուխն» արդեն երեք տարի է՝ չի հերիքում ինչ-որ հաստագլուխների պատկանող այս ապօրինի շինության դեմ: Այնպես չէ, որ քաղաքապետն այն չի ցանկանում քանդել: Մի քանի անգամ նա հավաստիացումներ, խոստումներ, բարի մտադրությունների մասին հայտարարություններ է արել «Մենք ենք մեր քաղաքի տերը» ակտիվիստների, «Բարեւ, Երեւանի» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի, լրագրողների առաջ, բայց այս օբյեկտը ոչ միայն չքանդվեց, այլեւ նորանոր հարկեր ունեցավ: Մամուլն այն համարում է Նավասարդ Կճոյանի կամ էլ Հարութ Փամբուկյանի սեփականությունը, բայց ստույգ տեղեկություն այդպես էլ չկա, թե ումն է սա, եւ ում ոտքն է վախենում տրորել Տարոն Մարգարյանը: Պաշտոնական կառուցապատողները «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներն են:



Հանրության ուշադրությունն օլիգարխիկ այս շինության նկատմամբ սրվեց 2012 թվականի հոկտեմբերին, երբ այս կիսակառույցը փլուզվեց: 11 բանվորներ այն ժամանակ տարբեր վնասվածքներ ստացան, եւ հանրապետությունով մեկ «շուխուր» ընկավ: Սա քաղաքապետարանի համար փայլուն հնարավորություն էր՝ ազատվելու կառույցից էլ, սարքողներից էլ: Փլուզման հաջորդ օրը եւեթ՝ հոկտեմբերի 26-ին, քաղաքաշինության նախարարությունն շտապեց հայտնել, որ վաղուց է զբաղվել այս օբյեկտով, որ Խանջյան 20-ի կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի եւ դրա նկատմամբ ստուգումների իրականացման խոչընդոտման փաստով հուլիսին նույնիսկ կազմել է ակտ, իսկ օգոստոսին այս ընկերության տնօրեն Հակոբյանին տուգանել է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, այն բանի համար, որ վերջինս չի ունեցել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր: Երկու կառուցապատողները 2 մլն դրամ տուգանք վճարեցին:



Դեպքի օրը փրկարարական ծառայությունից մի բարձրաստիճան սպա նույնիսկ հավաստիացրեց, որ այս օբյեկտը, որն անօրինական է, կքանդեն: Ոչ ոք չէր կասկածում, կարծես, որ այդպես էլ կլինի, բայց անցավ ժամանակ, մամուլը հանգստացավ, եւ կառուցապատողը թաքուն-թաքուն իր հարաբերությունները «դզեց» քաղաքային իշխանության հետ: Խանջյան 20-ի մասին հիշեցին 2014 թվականին, երբ «Բարեւ, Երեւանը» դեռ թարմ ուժ էր Երեւանի ավագանիում եւ չէր հոգնել երկրորդ անգամ ընտրված ՀՀԿ-ական քաղաքապետ Մարգարյանին կսմթելուց: Իհարկե, այդ կսմիթները քաղաքական ենթատեքստ ունեին եւ դրանից ավելի հնչեղ էին ստացվում: Կամո Արեյանը ավանդական աչքկապոցիի շրջանակներում, մարտին Կենտրոնի թաղապետին հանձնարարեց մեկ շաբաթում կարգի բերել Օղակաձեւ զբոսայգին իր ողջ ծավալով: Բայց օլիգարխիկ այլանդակությանը ձեռք չտվեցին: Ինչո՞ւ պատասխանատվության չեք կանչում այդ տնտեսվարողին եւ չեք պահանջում քանդել ու ազատագրել այգու այդ տարածքը, որտեղ տասնամյակների տարիք ունեցող բարդիներն արդեն չորացել են. Անահիտ Բախշյանի հարցերը մնացին անպատասխան: Հաջորդ էնտուզիաստը «Մենք ենք մեր քաղաքի տերը» խմբի ջահելներն էին: Նրանք քաղաքապետարան հատուկ հարցում ուղարկեցին Օղակաձեւ զբոսայգու «Ջոս» սրճարանի ետնամասում փլուզված կիսակառույցի վերաբերյալ, հետաքրքրվելով, թե արդյոք այն համապատասխանո՞ւմ է Երեւանի գլխավոր հատակագծին: Քաղաքապետարանից խղճուկ պատասխան տվեցին. «Հետագա ընթացքը քննարկման փուլում է»:



Ահա այսպես: «Да-да, ну-ну, большой привет»: Օրերս տեղեկացանք, որ օբյեկտի տերերը նույնիսկ փլուզումից տուժած բանվորներին մինչ օրս չեն վճարել փոխհատուցումը եւ վերջին աշխատավարձը: Այս լուրը հաստատեցին Դդմաշենի գյուղացիները: Հենց այս գյուղից են 2012 թվականի հոկտեմբերի 25-ին ծանր վնասվածքներ ստացած բանվորներից երեքը: Ինչո՞ւ այլեւս չեք պայքարում Խանջյան 20-ի ապօրինի կառույցի վերացման համար: Այս հարցին Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Քաղաքապետարանից ինձ պատասխանել էին, որ 13 թվականին օբյեկտի տիրոջը տվել են շինթույլտվություն: Բայց 14 թվականին ոչինչ չէր արված: Ես էլ ասում էի՝ վերցրեք ձեռքից: Հիմա, փաստորեն, նույն վիճա՞կն է: Լավ, ես կանցնեմ եւ կնայեմ»: Նա ուրախ էր, որ «Հրապարակը» հիշել էր խնդրի մասին. «Դուք մեզ օգնում եք, երբ տեսնում ենք, որ հետաքրքրվում եք, լրացուցիչ ստիմուլ ենք ստանում»:



Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ, ով ժամանակին պնդում էր, որ այս կառույցն ապօրինի է, որովհետեւ Օղակաձեւ զբոսայգում միայն թեթեւ, մեկ հարկանի շինություններ պետք է լինեն, ոչ թե բետոնե, ծանր, հիմնական շենքեր, մեզ հուսահատված եւ համակերպված թվաց: Նա հետեւյալ մեկնաբանությունն արեց. «Մենք բոլորս կարծում էինք, որ այդ կառույցը փլվեց սխալ շինարարության հետեւանքով: Քաղաքապետարանից ասացին, որ թույլ են տվել միայն մեկ հարկանի կառույց, բայց կառուցապատողը նոր հարկեր է ավելացրել՝ ապօրինի կերպով: Եթե մեկհարկանի կառույց են հաստատում, հետո դա հանելը ծանր է նստում: Ես աշխատում եմ հասկանալ իրենց: Կարծում եմ՝ այստեղ փողի խնդիր է: Եթե մի ժամանակ թույլ են տվել շինարարությունը, իսկ հիմա հրահանգում են քանդել, ապա կառուցապատողն ասում է՝ այն ժամանակ չթողնեիք, դե հիմա վերադարձրեք փողս: Եվ մտնում է դատարան: Քաղաքապետարանն էլ չի կարողանում այդ գումարները վճարել»: Փաստորեն, տուժում է քաղաքը, որը, «ժեշտի» պես, ամեն ինչի կդիմանա: