Չինաստանի վարչապետի «ֆեյքը» քայքայել է ադրբեջանցիների նյարդերը

Չինաստանի վարչապետի «ֆեյքը» քայքայել է ադրբեջանցիների նյարդերը

Մայիսի 20-ին lifenews ռուսական էլեկտրոնային պարբերականը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում եւ հայկական սփյուռքում։ Համացանցի հազարավոր միամիտ օգտատերեր լուրջ էին ընդունել այս պարբերականի լրատվական սյուժեն, որում հայտնում էին, թե, իբր, ՄԱԿ-ը մայիսի 20-ին պետք է քննարկեր Չինաստանի կողմից մտցված ռեզոլյուցիան, որով առաջարկվում էր ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Սենսացիոն այս ռեպորտաժում ցուցադրվում է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի գրառումը Թվիթերում։ Հայկական ԶԼՄ-ների մի մասը տեղադրեց այս սյուժեն, առանց մտածելու, թե չինացիների ինչին ենք մենք պետք, որ նման ահռելի պետությունը ԼՂՀ ճանաչման հարց դնի ՄԱԿ-ում։



Մյուսները փորձեցին պարզել անհավանական այս լուրի իսկությունը, զանգահարելով տարբեր տեղեր։ «Երկիրը», օրինակ, զանգեց Lifenews-ի խմբագրություն, բայց այնտեղ չէին կարողացել բացատրել, թե ինչ լուր է սա, եւ նույնիսկ չէին էլ կարողացել գտնել սյուժեն լրահոսում։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էր զանգերի տարափ ստացել։ «Հաքերական հարձակում է եղել, ինչ-որ մեկը, հավանաբար, կոտրել է Չինաստանի վարչապետի թվիթերյան էջը։ Եթե Չինաստանի մասին է խոսքը, թող չինական կողմն էլ մեկնաբանի»,- մեզ ասաց Տիգրան Բալայանը, ավելացնելով, որ լուրջ չի վերաբերվում նման լուրերին։ Իսկ Չինաստանի դեսպանի խորհրդական Լո Շիսյունը, հակառակը, անհանգստացած էր լուրով։ «Սա ապատեղեկատվություն է, որը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա մեզ, հրաժարվելով պարզաբանել, թե ինչպես կարող էր Չինաստանի վարչապետի էջին նման գրառում հայտնվել։ Իրավիճակն օգնեց պարզել «Հրապարակի» ուշադիր ընթերցողներից մեկը՝ Աշոտ Թումանյանը, որը Կրասնոդարի մարզի բնակիչ է։ Փորփրելով Թվիթերը, նա Չինաստանի վարչապետի միաժամանակ երկու կեղծ էջ էր գտել, որոնցից մեկում գրված էր, որ նա Շանհայում հայկական համայնքի ղեկավարն է։ Ինչ-որ ժամանակ այս «ֆեյք» էջերը լցվել են ռեալ նորություններով։



Հետո արվեց այս բավականին պրոֆեսիոնալ ինֆորմացիոն «ներարկումը»։ Ահա այսպիսի «մազալու» բաներ։ Երեւի, մեր հայրենակիցները որոշել են կատակել, կամ էլ ինչ-որ մեկը մարզվում է ավելի լուրջ ապատեղեկատվական արշավից առաջ։ Չի բացառվում նաեւ, որ սա ադրբեջանցիների նյարդերը քայքայելու փորձ էր, ընդ որում՝ միանգամայն հաջողված։ Ադրբեջանցիների արձագանքը երկար չսպասեցրեց։ Մայիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի արտգործնախարարությունը Չինաստանում Ադրբեջանի դեսպանին հանձնարարեց բացատրություններ պահանջել չինական կողմից վարչապետի գրառումների վերաբերյալ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները տիրաժավորեցին Չինաստանի վարչապետի կեղծ հայտարարությունը, որտեղ գրված էր, որ եթե ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը պաշտպանեն Չինաստանի վարչապետի հայտարարությունը, ապա ԼՂՀ-ն կդառնա անկախ պետություն եւ կմտնի ՄԱԿ։ Փաստորեն, հումորի զգացումը քաղաքականության եւ լրագրության մեջ կարեւոր է։