Ինչպես խոշորներին ազատեցին աուդիտի գլխացավանքից

Ինչպես խոշորներին ազատեցին աուդիտի գլխացավանքից

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սիրում էր թափանցիկության շղարշ հաղորդել ձեռնարկատիրությանը։ Նրա օրոք մեր տնտեսությունը, ստվերային լինելով հանդերձ, ինչ-որ տեղ նաեւ թափանցիկ էր։ Անընդհատ ինչ-որ ստուգումների, ուսումնասիրությունների արդյունքներ էին հրապարակվում, գերազանցիկ եւ «երկուս ստացող» ընկերությունների ցանկեր, բայց այս հրապարակումները, որպես կանոն, բարոյախրատական նպատակներ էին հետապնդում, էական վնաս չհասցնելով խախտողներին։ Բայցեւայնպես, ինչ-որ դրական արդյունք լինում էր։ Այդպես, 2013 թվականի ամռանը վարչապետը որոշել էր, որ պետք է կատարվեն «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի տարիներ շարունակ խախտվող դրույթները եւ այսուհետ հրապարակայնացվեն պարտադիր արտաքին աուդիտի արդյունքները: Այն ժամանակ 900-ից ավելի խոշոր կազմակերպություններից 311 ընկերություն աուդիտ ընդհանրապես չկազմակերպեց, իսկ 203-ը կազմակերպեցին, բայց դրական եզրակացություն չստացան։ Դրանց ցուցակն այսօր էլ կարելի է գտնել ֆինանսների նախարարության կայքում։



Աուդիտ չանցնելու համար ոչ տուգանում էին, ոչ վարույթ հարուցում։ Ուղղակի այս ընկերությունները զրկվում էին պետական գնումներին մասնակցելու իրավունքից, ինչը լուրջ սահմանափակում էր ցանկացած տնտեսվարողի համար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն անսպասելի էֆեկտ ունեցավ։ «Շտրաֆնիկների» ցանկում հայտնվեցին այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են «Վաղարշ եւ որդիներ»-ը՝ ոսկու շուկան, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն (պատկանում է ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին), «Քեթրին գրուպը», «Արսօյլը», Երեւանի շամպայն գինիների գործարանը (ԱԺ նախկին պատգամավոր ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանի սեփականությունը), «Ալեքս Գրիգը» (ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող), «Ռոյալ Արմենիան», «Արմենիա» բժշկական կենտրոնը, Մալայանի անվան ակնաբուժարանը, «Նաիրի» ԲԿ-ն, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը, «Բարձրավոլտ էլցանցերը», Արարատի կոնյակի գործարանը, «Մուշը», «Փեթակը», «Հովնանյան ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն (պատկանում է Վահագն Հովնանյանին), «ՄԱՊ» ՓԲԸ-ն (ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին), «Լուսաստղը», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, շատ այլ խոշորներ, անգամ Օպերայի եւ բալետի թատրոնը։



Ընկերությունների մեծ մասը նախորդ տարի էլ աուդիտներ չէր անցել։ Հետագայում «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի դրույթը, որով արտաքին աուդիտ չստացած անպարտաճանաչ եւ կասկածելի խոշորներին չէր թույլատրվում մասնակցել պետական գնումներին, փոխվեց, եւ 2014թ․ հուլիսի 1-ից հետո խոշոր համարվող կազմակերպությունների համար աուդիտի ենթարկվելու պարտադիր պահանջը դադարեցվեց։ Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր այս օրենսդրական փոփոխությունը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հորդորեց պատգամավորներին քվեարկելիս չառաջնորդվել անձնական շահերով։ Նա առաջարկեց, որ այն պատգամավորները, ովքեր ունեն շահերի բախում, հայտարարեն այդ մասին, հրաժարվեն քվեարկությունից կամ հիմնավորեն իրենց քվեարկությունը։ Պարզ է, թե որ պատգամավորների մասին էր խոսքը։ Մեր հարցմանն ի պատասխան եւ ի արդարացում օրենքը փոխողների, ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից հայտնեցին. «Պետք է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքով մասնակիցներին ներկայացվող որակավորման, այդ թվում` «ֆինանսական միջոցներ» չափանիշի սահմանումը պայմանավորված է տվյալ գնման ընթացակարգի շրջանակում կնքվելիք պայմանագրի պատշաճ իրականացման հանգամանքով:



Այս կապակցությամբ հայտնում ենք, որ պարտադիր աուդիտի ենթարկվելու եւ չձեւափոխված (դրական) աուդիտորական եզրակացություն ստանալու պահանջի սահմանումը, որպես «ֆինանսական միջոցներ» չափանիշի գնահատման պայման, ըստ էության, որեւէ կերպ փոխկապակցված չէր պայմանագրի կատարման հետ, այլ այդ պայմանի սահմանումը նպատակ ուներ սահմանափակել պարտադիր աուդիտի չենթարկված կամ չձեւափոխված (դրական) աուդիտորական եզրակացություն չստացած կազմակերպությունների մասնակցությունը պետական գնումներին, որն ուղղված էր ֆինանսական շուկան գնման գործընթացների միջոցով զարգացնելուն: Ավելին, պարտադիր աուդիտի պահանջը վերաբերում էր 1 միլիարդից ավելի շրջանառություն ունեցող կազմակերպություններին, որի արդյունքում անհավասար մրցակցության միջավայր էր ձեւավորվում մասնակիցների միջեւ»։ Այլ կերպ ասած, փոխելով օրենքը, արտոնություններ տվեցին խոշորներին, թույլ տվեցին խուսափել անկախ աուդիտից եւ առաջիկայում էլ ոնց ասես հաշվապահություն վարել, առանց գոնե մրցույթների ժամանակ ավելի բարեխիղճ մրցակիցներից ազատվելով։



Այժմ մրցույթների մասնակիցների համար ֆինանսական միջոցների գնահատման այլ չափանիշներ են սահմանված։ Օրինակ, 3 հաշվետու տարիների համախառն եկամտի հանրագումարը պետք է պակաս չլինի ներկայացված գնային առաջարկից, իսկ ստանձնած պարտավորությունները չպետք է գերազանցեն ակտիվները։ Նշված պահանջները բավարարելու հանգամանքը 2015 թվականի ապրիլի 1-ից գնահատվում է էլեկտրոնային եղանակով, իսկ գնահատողը ոչ թե անկախ մարմինն է, ինչպես աուդիտի դեպքում, այլ հարկայինը, այսինքն՝ խոշորների «մարդիկ»։