Գիտություն՝ գումարած տուրիզմ

Գիտություն՝ գումարած տուրիզմ

Երեկ տարածված հաղորդագրությունը՝ «Գիտական տուրիզմի» հետ կապված ասուլիսի մասին, միանգամից գրավեց մեր ուշադրությունը։ Էկոտուրիզմ լսել էինք, էքստրեմալ տուրիզմ՝ նույնպես։ Առողջարարական, հնագիտական, խոհարարական, անգամ որսորդական տուրիզմ կարծես կա, բայց գիտական տուրիզմը մեզ՝ խավարամիտներիս հասու չէր։ Մանավանդ՝ տրամաբանորեն կարծում էինք, որ մի երկրում, որտեղ ոչ տուրիզմն է զարգացած, ոչ գիտությունը, դրանց հիբրիդից մի անճոռնի բան կարող է ստացվել։ Պարզվեց՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բոլորովին այլ կարծիքի է։ Նա կարծում է, որ սա կնպաստի գիտության զարգացմանը, հնարավորություն կտա ֆինանսներ բերել գիտության ոլորտ։ Նա բացատրում է, թե ինչ է գիտական տուրիզմը․ «Այսինքն, ծանոթանում են կառույցների հետ, որտեղ գիտական հետազոտությունները ոչ միայն հետաքրքիր են զուտ գիտությամբ զբաղվողների համար, այլ հետաքրքիր են նաեւ սովորական մարդուն, որն այդ մասնագիտությունը չունի։ Գիտական տուրիզմը կօգնի գիտության զարգացմանը, որովհետեւ ինչքան շատ մարդիկ այցելեն այնպիսի վայրեր կամ ծանոթանան այդպիսի գիտական մշակույթների հետ, այնքան հնարավորությունները կլավանան։ Եվ գիտաշխատողների համար կստեղծվի այդպիսի հնարավորություններ, ես նկատի ունեմ ֆինանսական հնարավորությունների ավելացման, բայց մյուս կողմից էլ ուշադրություն գրավելու այն կառույցներին»։ Այս ելույթից, ըստ էության, ոչինչ չի հասկացվում։ Այդ ի՞նչ գիտական հաստատություններ ունենք մենք աշխարհին ու զբոսաշրջիկներին ցուցադրելու։ Բնականաբար, խոսքը Բյուրականի աստղադիտարանի մասին է։ Երկրորդ օրինակն էլ, ըստ գիտնականների, կաթողիկոսի ամառային նստավայրն է։ Ուրի՞շ։ Չկա։ Իսկ այս խեղճուկրակ օրինակներով հնարավոր չէ տուրիզմ զարգացնել։