Քաղաքագրություն. Երեւանի մամոնտը

Քաղաքագրություն. Երեւանի մամոնտը

Երեւանում ապրող մամոնտին տեսնելու ոչ մի առիթ բաց չեմ թողնում: Երկրաբանական թանգարանի բոլոր աշխատակիցները ճանաչում են ինձ: Հանկարծ օրվա մեջ անմարդ ցուցասրահում տեսնում են մամոնտի մոտ ցցված:
Ծիծաղում են ու մենակ թողնում մեզ:



Մի օր առաջ էլի մանկահասակ մամոնտի մոտ էի: Երեւանի միակ մամոնտը, սառցե շրջան վերադառնալու վերջին բնապատկերը: Ինձ տեսնելուն պես ժանիքներն ընդարձակվում են: Զգում եմ նրա ոսկորների հրճվանքը: Արյան քչքչոցը: Ուզում եմ կնճիթով բարեւի: Հետս խնձոր էի վերցրել: Մի քիչ կրծեցի, տվեցի, որ շարունակի: Չմերժեց: Կնճիթով վերցրեց, տարավ բերանը, սկսեց որոճալ: Աչքերի մեջ խոնավությանն ու շնորհակալությանը մոտ մի բան փայլեց: Ինչ խաղաղ էր որոճում խնձորը, մի թեթեւ ափսոսանքով, ձգելով ժամանակը: Մինչեւ կուլ տալն ուզում էր վայելել պտղամսի ջրերը, կճեպի քաղցրությունը, միջուկի փոսերը: Լույսի արագության հետ մրցող մամոնտի որոճումից քարացել եմ: Կիսաբաց բերանով նայում եմ մոխրե խոռոչին, որի մեջ ճոճվում է սրբազան խյուսը: Հանկարծ հասկանում եմ, որ խնձորը նույնքան վայելքի մեջ է, որքան նրան որոճող փիղը: Կուզեմ խնձորի տեղում լինել: Իրոք, ո՞վ չէր ուզի ամեն շարժման թովչությունից երջանկացող բերանում որոճվել: Ո՞վ չէր ուզի նման հոգատար բերանին հանձնել իր մարմնի կիսատ ձգտումները, իր հոգու մեջ ապրող զգացմունքներն ու երազանքները կամ ապրել, ուղղակի մամոնտի որոճալու պես՝ բեկորի մակերեսին դաջված, ոչ մի տեղ չշտապող հարյուր հազար տարեկան մոծակի նախահոր ապշանքով: Լուսաբացով զմայլված ջահել սիրամարգի ուրախության անհարթ երգն է հնչում: Մենք շրջապատված ենք չեղած աշխարհի երազների մեջ: Ձարխոտի նմուշներ: Նախնադարյան եզան գանգ: Ռնգեղջյուրի ստորին ծնոտի ձախ հորիզոնական ճյուղ: Դիատոմեա ջրիմուռների մահացման եւ կուտակման արդյունքում` ճերմակ դիատոմիտ: Ազնվական եղջերվի մնացորդներ: Միլիոնավոր տարիներ առաջ ապրած ձուկ: 36 կիլոյանոց մետեորիտ, որին մի անգամ շոյեցի, ու ինձ թվաց՝ տիեզերքն եմ շոյում: Անընկալելի թվեր: 500.000 տարի առաջ: 700.000 տարի առաջ: Միլիոն, միլիոն, միլիոն տարիներ առաջ: Իմ հայացքի, մամոնտի որոճման միջեւ ներկայի կրքերն ու անցյալի տարեթվերը խաբկանք են թվում: Բերանիս եզրերից հոսող լոզերի, մկնագույն հորձանուտում դոնդողող խնձորի արդյունքի շուրջ թվերը ոչ մի կերպ չեն տեղավորվում: Եթե տեղավորվեին, չէինք հանդիպի: Ներկայի ու անցյալի միջեւ կես քայլ է: Մի արտաշնչում: Եղել ես, էլ չկաս: Եթե ես ու մամոնտը եղել ենք, ուրեմն չկանք: Այստեղ է միայն քաղաք՝ երազային Երեւանը:



Արամ ՊԱՉՅԱՆ