«Մարմնավաճառուհի չի, կինս է», կամ պատվի համար տուժածը
Ապրիլի 6-ի գիշերը Գյումրիում դաժան ծեծի է ենթարկվել թիվ 40 երթուղայինի վարորդ Արթուր Պետրոսյանը: Նրան վնասված փայցախով և միզապարկով տարել էին Գյումրու բժշկական կենտրոն։ Այդ օրերին Գյումրիում խոսում էին, որ վարորդին ծեծողը թիկնապահ է եղել և որ վեճը ծագել է գծի փողի շուրջ։ Երեկ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ
հարուցված քրեական գործի շրջանակներում Գյումրու բնակիչ Ռուդիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով /ՀՀ քր․ Օր․ 112-րդ հ․, 1-ին մաս/։ Իրավապահները պարզել են, որ ծեծը տեղի է ունեցել հենց ավտոկայանատեղիում։ 48 տարեկան վարորդը իր կնոջ հետ հեռախոսով խոսելիս է եղել։ Ռուդիկ Սարգսյանը կարծել է, թե Արթուրը մարմնավաճառի հետ է խոսում և համապատասխան արտահայտություն է արել, ինչը վիրավորել է վարորդին։ Վիճաբանության ընթացքում Ռուդիկ Սարգսյանը, որն ընդամենը 24 տարեկան երիտասարդ է, «գլխով հարվածել է Արթուր Պետրոսյանի դեմքին, բռունցքով՝ ուսին, աջ ոտքով որովայնին, գցել գետնին, որից հետո ոտքով ևս երկու անգամ հարվածել է որովայնին՝ Արթուր Պետրոսյանին պատճառելով դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքների, զույգ աչքերի ստորին կոպերի արյունազեղումների, որովայնի բութ վնասվածքի, փայծաղի և միզապարկի պատռվածքների ձևով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս», - հայտնում են քննչական կոմիտեից: Քննիչը դատարանից պահանջել է կալանավորել Ռուդիկ Սարգսյանին, սակայն նկատի ունենալով, որ վերջինս ընդունել է մեղքը, դատարանը չի բավարարել միջնորդությունը։ Թե ում թիկնապահն է եղել Ռուդիկ Սարգսյանը և արդյոք թիկնապահ է եղել, հայտնի չէ։ Քննչականի տրամադրած տեղեկություներում նրա զբաղմունքը չի նշվում։
Կարծիքներ