Ժողովրդի մեծ մասը տեղյակ չէ սահմանադրական բարեփոխումներից

Ժողովրդի մեծ մասը տեղյակ չէ սահմանադրական բարեփոխումներից

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ մեզ հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների տեքստը հրապարակելուց հետո կմեկնարկեն հասարակական-քաղաքական շրջանակների հետ քննարկումները։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է նորից մարզային այցելություններ սկսվեն, ասաց․ «Կարծում եմ՝ այո, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթն ամենակարեւոր փաստաթուղթն է, շատ կարեւոր փաստաթուղթ է, եւ, բնականաբար, այստեղ բաց, հրապարակային աշխատանքը շատ կարեւոր է, Դուք էլ հիշում եք, որ նախագահը բազմիցս նշել է, որ ավելորդ շտապողականություն ցուցաբերել պետք չի, եւ առանց մարզերում, տարածքներում քննարկելու այդ փաստաթուղթը, չեմ կարծում, որ ճիշտ կլինի միանգամից բերենք Ազգային ժողով»։ Սպասվում է, որ այդ փաստաթղթի 7 գլուխները կհրապարակվեն մինչեւ հուլիսի 19-ը։ Հայեցակարգի գլխավոր մեխը, ինչպես հայտնի է, խորհրդարանական կառավարման մոդելն է։ Թեեւ քննարկվում էր նաեւ կատարելագործված կիսանախագահականի տարբերակը։



Հիշեցնենք, որ բարեփոխումների գործընթացի մեկնարկից առաջ, անցյալ տարի, մարզային այցելություններ տեղի ունեցան, հանձնաժողովի անդամները, շրջելով մարզերով, իրազեկում էին բնակչությանը, լսում կարծիքներ, մի խոսքով՝ քննարկումներ էին անում։ Դրանք, սակայն, մեծապես նմանվում էին սովետական «կոլխոզների» քննարկումներին, քանզի որեւէ հատուկ դեմ կարծիք, քննադատություն, կոնկրետ առաջարկություն, քննարկում՝ բառի լայն իմաստով, տեղի չէր ունենում։ Հավաքվում էին տվյալ մարզպետարանում, դահլիճ լցնելու համար հրավիրում էին հիմնականում իշխանամետ, ՀՀԿ-ական ակտիվին, որ լուրջ դեմքերով «մտահոգ» հարցեր հնչեցնեին։ Սովետական պաթոսով տեղեկացնում էին սահմանադրական բարեփոխումների «մարդակենտրոնության» մասին, ստից-մտից մի երկու կարծիք լսում՝ քննարկումը համարում իրականացված ու ժողովրդի կարծիքը լսած։ Իսկ թե ինչ արդյունք ունեցան նման «կոլխոզնիկային» քննարկումները, առանձին քննարկման հարց է։ Այսօր, փաստորեն, կրկին հնարավոր է շրջեն մարզերով ու նման «բուռն» քննարկումներ կազմակերպեն մարզերի բնակիչների հետ։ Ի դեպ, բարեփոխումների հանրաքվեի անցկացման օրն առավել հստակ կդառնա աշնանը, ԱԺ-ում քննարկումներից հետո։ Չնայած՝ արդեն հանրաքվեի անցկացման հավանական օրն էլ է նշվում՝ նոյեմբերի 29։



«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, օրինակ, սահմանադրական բարեփոխումների նկատմամբ լուրջ անվստահություն ունի, գլխավոր խնդիրը հենց դա է համարում ու վստահ է, որ մարզային այցելություններն էլ որեւէ արդյունք չեն տվել, քանզի ժողովրդի մեծ մասը մինչ օրս տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, ինչ է իրենից ներկայացնում այդ բարեփոխում ասվածը, որքանով է փոխելու այն ՀՀ քաղաքացու կյանքը, ու այլ հարցեր, որոնց պատասխանը տրված չէ։
«Եթե բնակչությունը չի ընկալում, թե ինչի համար է դա արվում, իրենք չեն էլ հասկանում, թե դա ինչ երեւույթ է… օրինակ, էսպիսի մի համեմատություն անեմ․ փորձագետները կոչ են անում, որ Եվրամիությունն Արեւելյան գործընկերության վեց երկրներում զբաղվի բարեփոխումների բացատրությամբ բնակչությանը, թե ինչ են նախատեսում այդ բարեփոխումներն իրենց կյանքի համար։ Հիմա, եթե մենք ուզում ենք հասկանանք նոր Սահմանադրության արժեքը, մեզ պետք է ամեն օր բացատրեն, թե ինչ է փոփոխվելու իմ կյանքում»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենը, ըստ էության, չի արվում։



- Իրազեկումը, բացատրական աշխատանքները կմեծացնե՞ն վստահությունն այդ բարեփոխումների նկատմամբ։ Օրինակ՝ Ձեզ ի՞նչ է պետք, որ վստահեք այդ փաստաթղթին։



- Չգիտեմ, դա պետք է փորձեն իրենք, բայց երբեւէ չեն փորձել… իսկ ինձ պետք է ընտրական համակարգի ընկալումը եւ հասկանալը, լիազորությունների տրամադրումը, որ հասկանալի լինի՝ կլինես դու ընդդիմություն, թե իշխանություն, դու ունես լիազորություններ՝ քո տեսլականը կյանքի կոչելու համար։ Ես, որպես քաղաքացի, ցանկանում եմ, որ երբ այդ տեքստն ընթերցեմ, ինձ բացատրեն, ասեն, խոսեն այդ մասին, ընկալումներս այնպիսին լինեն, որ իսկապես սա ինձ պետք է, եւ սրանով իմ կյանքը վաղը փոխվելու է դեպի դրականը։



- Անցյալ տարի ամռան ամիսներին մարզային այցելություններով որոշակի իրազեկում, քննարկումներ տեղի ունեցան…



- Ես նորից եմ ասում ու գիտեմ, որ իրականում կան այնպիսի հետազոտություններ, որ 3-4 տոկոսից ավելի որեւէ մեկը տեղյակ չէ սահմանադրական բարեփոխումների մասին, իսկ մնացած բնակչությանն ընդհանրապես չի հետաքրքրում։ Այսինքն՝ այդ այցելություններն արդյունք չեն տվել, որովհետեւ ինչ-որ սովետական, հին մեխանիզմով դահլիճը լցնում էին, երկու-երեք հոգի երկար խոսում էին բեմից, եւ որեւէ բան չէր արվում։ Այդպես չեն անում, պետք է նոր մեխանիզմներ հորինել, պետք է սեղանի շուրջ քննարկես, մարդու հետ ինչ-որ օրինակներ բերես, սցենարներ ձեւավորես, ընկալում անես… Մինչեւ մարդը չընկալի, որ դա իր կյանքում որակ է փոխելու…



- Իսկ քաղաքական դաշտում որակ կփոխե՞ն այդ բարեփոխումները, դաշտի առողջացմանը կնպաստե՞ն։



- Քաղաքական դաշտում ավելի շատ ես, այսօրվա դրությամբ, հավատում եմ սերնդափոխությանը՝ նոր որակի բերելու, առողջացնելու, հնի սխալների վրա դասեր քաղելու խնդրի առումով, քան թե այս գործընթացին։ Քաղաքական դաշտի կամ կուսակցությունների այդ նոր ինստիտուտները որ ձեւավորվեն, կամ նոր մարդիկ որ գան, տարբերություն չի լինի, թե հին Սահմանադրություն է, թե նոր Սահմանադրություն է։



- Այսինքն՝ սահմանադրական բարեփոխումների գնալու անհրաժեշտություն այսօր, ըստ էության, չե՞ք տեսնում։



- Նայե՛ք, կյանքը բարելավելու իմաստով գիտենք, որ պահանջը կա, բայց թե ինչպես են դա առաջարկել, ես չեմ իմանում, եւ արդյոք այդ «ինչպես»-ը ծառայելո՞ւ է իմ տեսլականին, որ կյանքս կբարելավվի, ես դրանում որեւէ վստահություն չունեմ։



- Անցյալ տարի այս բարեփոխումների համատեքստում հանդիպումներ եղան նախագահի հետ, որին մասնակցեցին նաեւ «Ժառանգություն» կուսակցությունից երկու հոգի։ Եվ դա քննադատության արժանացավ։ Արդյոք հնարավո՞ր է, որ այս տարի նույնպես այս փուլում նմանատիպ հանդիպումներ լինեն։



- Հրավերը չէր եղել խմբակցությանը, այլ եղել էր կուսակցությանը, եւ առնվազն ես՝ ինքս, երբեւէ չեմ համարում, որ այդ տեսակի հանդիպումները միայն եւ միայն ծառայում են ինչ-որ տակի գործընթացների համար։



- Այսինքն, եթե հիմա նորից առիթ լինի, ու այս անգամ Ձեզ էլ հրավիրեն՝ որպես խորհրդարանական խմբակցության անդամ, Դուք կմասնակցե՞ք այդ հանդիպմանը։



- Բնականաբար, առաջինը համարում եմ, որ պետք է հասկանանք, թե ինչ ֆորմատով է կազմակերպվում քննարկումը, եթե քեզ ասում են՝ արի նստի, բեմից մեկը կխոսի, դա անիմաստ եմ համարում։ Իսկ նույն ձեւաչափով հանդիպում, ինչ տեղի ունեցավ նախագահի հետ անցյալ տարի, ապա պահանջներն արդեն դրվել են, եթե այդ պահանջներն իրականացված չեն ծրագրի մեջ, ինչի՞ գնաս խոսես, եւ միգուցե չի ստացվելու, որովհետեւ իրենք տեքստ էլ չեն պատրաստվում փոխել, որովհետեւ իրենք ասում են՝ մենք ունենք տեքստ, եկե՛ք տեքստի վրա աշխատենք, այսինքն՝ էսպես թե էնպես, այդ քննարկումներին դու մասնակցելու ես, որովհետեւ այդ տեքստերը քննարկվելու են նաեւ խորհրդարանում, այսինքն՝ այսպես թե այնպես, մեր կյանքում այդ փուլը գալու է, որտեղ պետք է քննարկումներ լինեն։