Քոլը՝ որպես տարածաշրջանային ֆինանսական եվ ուսումնական կենտրոն

Քոլը՝ որպես տարածաշրջանային ֆինանսական եվ ուսումնական կենտրոն

Արմեն Շեկոյանը մի պատմվածք ունի անհաջող արձակուրդի մասին։ Հերոսն ընտանիքով գնում է մի ռուսական քաղաք, որտեղ ոչինչ չկա, բացի բնությունից ու հին այգուց։ Երբ երեխաները հարցնում են, թե ինչ պետք է անեն, ասում է՝ շնչեք, երեխեք, շնչեք։ Այս նույն խորհուրդը կարելի է տալ Դիլիջանում հանգստացողներին։ Շնչեք, որովհետեւ Դիլիջանի միակ առավելությունն օդն է եւ բնությունը։ Շնչեք, բայց նախ փակեք ձեր աչքերը, քանի որ եթե բացեք, անմխիթար պատկերներ կտեսնեք, եւ ձեր հանգիստը կհարամվի։ Օրինակ, կենցաղային աղբ արածող կովեր, աղբամանները պաշարած աղքատներ, որոնք աղբամաններից հայթայթած սննդի մնացորդները ոչնչացնում են տեղում։ Դիլիջանը կենտրոն, որպես այդպիսին, չունի։



Կենտրոն կոչվածը քաղաքապետարանի շենքն է, քաղաքի ամենամեծ առեւտրի վայրը՝ «Կրպակ» խանութը՝ ժամկետանց մածունով, եւ խամրած «զոնտիկներով» «մշտադատարկ» սրճարանը։ Դիմացի մայթին գյուղացիները երբեմն անասուն են բերում վաճառքի՝ գառ կամ մորթած խոզ, եւ հակահիգիենիկ պայմաններում վաճառում են անմիջապես մայթի վրա։ Հայտնի է, որ մեր կառավարությունը որոշել է Դիլիջանը դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոն է կառուցել այստեղ, որը դիլիջանցիները մատնացույց են անում, որպես քաղաքի ամենագեղեցիկ շենք։ Բայց, տեսնելով Դիլիջանի չքավորությունը, դժվարությամբ ես հավատում այս հեռանկարներին։ Տեղացի երիտասարդները եւ զբոսաշրջիկները մինչեւ 7-8-ը թրեւ են գալիս կենտրոն կոչվածով, բայց 8-ից հետո ցրվում են տներով, որովհետեւ Դիլիջանի միակ տրանսպորտային միջոցը՝ ավտոբուսը, աշխատում է մինչեւ 20։00-ն։



Այս ավտոբուսն առանձին պատմություն է։ Այն չինական արտադրության «Իկարուս» է, որոնցից ժամանակին հրաժարվեց Երեւանը։ Կրիայի արագությամբ տեղաշարժվող, բայց ինքնաթիռի շարժիչի աղմուկ բարձրացնող տրանսպորտային այս միջոցը մեկ ժամում հասնում է քաղաքի մի ծայրից մյուսը։ Կանգառներում այն լինում է կես ժամը մեկ, եւ դիլիջանցիներն անգիր գիտեն, թե երբ պետք է սպասեն ավտոբուսին։ Ինչո՞ւ տուրիստական քաղաքում նույնիսկ տրանսպորտ չկա։ Տեղացիները, այս հարցը լսելով, միայն ուսերն են թոթվում եւ վերհիշում սովետական շրջանը, երբ Դիլիջանն աշխույժ քաղաք էր։ Տուրիստական այս կենտրոնում ամռան շրջանում շատ զբոսաշրջիկներ կան, բայց քաղաքն ընդհանուր առմամբ մեռյալ գոտու տպավորություն է թողնում, մանավանդ՝ երեկոյան ժամերին։ Մի քանի փողոց՝ Գետափնյա, Շահումյան, կիսով չափ լուսավորվում են։ Մյուսներում դեռ 1992 թվականն է։ Կանայք երեկոյան ժամերին ոտքերի տակ նայելով են քայլում՝ քարուքանդ ասֆալտին։ Գործարաններ Դիլիջանում չկան։ Մարդիկ կարոտով են հիշում սովետական ժամանակը, երբ պանրի գործարանն էր աշխատում, գորգերի գործարանը, «Իմպուլսը», կարի ֆաբրիկան, կահույքի արտադրամասերը։ Ռուբեն Վարդանյանի բացած միջազգային դպրոցի մասին միայն խոսում են, բայց այս կառույցի առկայությունը քաղաքի առօրյայում չի երեւում։ Աշխուժություն կամ աշխատանքային շարժ այն չի մտցնում։ Դիլիջանցիները, որոնք աշխատում են դպրոցում, դժգոհում են, որ ստիպված են իրենց մեքենաներով կամ տաքսիներով գնալ աշխատանքի։ Դպրոցը չի ապահովում նրանց տրանսպորտով։



Երբեմն նրանք տեսնում են Վարդանյանի «վերտալյոտներն» օդում։ «Ռուբեն Վարդանյանը վերեւից տնտղում է քաղաքը, տեսնում է՝ էլ որտեղ ազատ տարածք կա, որ գա առնի»,- հեգնում են մարդիկ։ Բնակիչների մի մասը դեմ չէ իրենց տները եւ տարածքները Վարդանյանին վաճառելուն։ Վստահ են, որ լավ գին կառնեն գործարարից։ Միակ բիզնեսը, որ զարգանում է Դիլիջանում՝ տան, անշարժ գույքի բիզնեսն է։ Բնակարանների եւ տների գներն այստեղ համարյա երեւանյան են՝ փոքր տարբերությամբ, իսկ ամառային հանգստի մեկ օրը 1 անձի համար սկսվում է 5000 դրամից։ Նրանք, ովքեր այս գնով «օդ շնչելու» են գնում Դիլիջան, հիմնականում փոշմանում են, որովհետեւ տուրիստական քաղաքին բնորոշ ոչ սպասարկում կա, ոչ զվարճանքի վայրեր՝ խորովածի տաղավարները չհաշված։ Ով չի ուզում վճարել, կարող է անտառում կրակ վառել։ Եկողները հարցնում են տեղացիներին․ «Իսկ կարո՞ղ է բռնեն եւ տուգանեն անտառում այս շոգ շրջանում կրակ վառողին»։ Եվ լսում են պատասխան․ «Ո՞վ բռնի։ Ստեղ քոլ ա, քոլ»։



ՀԳ․ «Ինչո՞ւ ձեր քաղաքում չկա տրանսպորտ։ Էլ ի՞նչ տուրիստական կենտրոն՝ առանց երթուղային գազելների» հարցին քաղաքապետարանում ոչ ոք չբարեհաճեց պատասխանել։ Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը երեկ աշխատանքի չէր եկել, նա պատրաստվում էր այսօր մեկնել արձակուրդ։ Թե որտեղ է արձակուրդն անցկացնելու քաղաքապետը, քարտուղարուհին չգիտեր՝ մեծ գաղտնիք է։ Տեղակալը, ինչպես սպասում էինք, եւս տեղում չէր։