Կոռուպցիոն սկանդալի հերոսը ոչ թե ԱԱԾ-ում է, այլ հանգստանում է Կիպրոսում

Կոռուպցիոն սկանդալի հերոսը ոչ թե ԱԱԾ-ում է, այլ հանգստանում է Կիպրոսում

Հունիսի սկզբին անսպասելիորեն աշխատանքից ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական Տիգրան Խեչոյանը, ով Գևորգ Կոստանյանի մտերիմ ընկերն էր դեռևս ուսանողական տարիներից։ Պաշտոնական պատճառը սեփական ցանկությամբ այլ աշխատանքի անցնելն էր։ Իսկ մամուլում և իրավապահ մարմինների կուլիսներում խոսվեց այն մասին, որ Խեչոյանի ազատումը կապված է կոռուպցիոն բացահայտումների հետ և ԱԱԾ-ում Տիգրան Խեչոյանի հետ կապված վարույթ սկսվեց։ Նույնիսկ տեղեկություններ շրջանառվեցին, որ մեծ գումարներ են վերցվել որպես գործ անելու փող, որ կան տուժողներ։ Այս մասին գրում էին, և ԱԱԾ-ն ոչ հերքում տարածեց, ոչ էլ որևէ տեղեկատվություն տրամադրեց խիստ ուշագրավ այս պատմության վերաբերյալ։ Տիգրան Խեչոյանը նույնպես լռում էր, բայց մերթ ընդ մերթ ինֆորմացիա էր հայտնվում նրա մասին։ Նույնիսկ տպագրվեց Խեչոյանի՝ Ստրասբուրգում արված լուսանկարը հայտնի փաստաբան Ամալ Քլունիի հետ և անմիջապես լուրեր տարածվեցին, որ Խեչոյանը Կոստանյանի միջոցով դուրս է եկել միջազգային ասպարեզ հայրենի ԱԱԾ-ից պաշտպանվելու, այդ նպատակով Ամալ Քլունիի իրավական աջակցությունը ստանալու համար։ Օրերս մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Տիգրան Խեչոյանի վերաբերյալ գործը փակել են։ Հունիսին նրան տարել են ԱԱԾ, սակայն կարճ ժամանակ անց բաց են թողել։ Ներկայումս էլ և նա գտնվում է Կիպրոսում, Նիկոսիայի իր առանձնատանը։ ԱԱԾ-ից մեզ հայտնեցին, որ քրեական գործ Խեչոյանի դեմ չի հարուցվել, խափանման միջոց չի կիրառվել, իսկ թե եղել է վարույթ թե ոչ, ԱԱԾ մամուլի կենտրոնի աշխատակիցը չպատասխանեց։ Միաժամանակ նա չհերքեց հետաքննության մասին տեղեկությունը։