Ոտքի վիրահատությունից հետո հիվանդը իմացել է, որ հեպատիտ C ունի

Ոտքի վիրահատությունից հետո հիվանդը իմացել է, որ հեպատիտ C ունի

Երևանի բնակիչ Գագիկ Չալյանն իրեն մերօրյա բժշկության անմեղ զոհ է համարում։ Նա վստահեցնում է, որ առանց որևէ ինֆեկցիոն հիվանդություն ունենալու գնացել է վիրահատության Մոսկովյանի վրա գտնվող «Վլադիմիր Ավագյան» կենտրոն, և դուրս է գրվել այնտեղից Հեպատիտ C-ով վարակված։



Գագիկ Չալյանն այս կենտրոնից գոհ էր։ Նա այստեղ արդեն մեկ անգամ վիրահատվել էր՝ 2008 թվականին, երբ շաքարախտի հետևանքով խցանվել էին ձախ ոտքի անոթները։ Պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանը փրկեց Չալյանի ոտքը, վերջինս էլ վիրահատության համար 2 մլն դրամ վճարելով, թեթև հոգով հեռացավ։ Պրոֆեսոր Սուլթանյանի հետ կապը չէր կտրում՝ պարբերաբար հետազոտությունների էր այցելում։ «Անցյալ տարի հետազոտություն կատարեցի, բժիշկն ասաց, որ նույն ոտքի անոթներում կրկին խցանում կա, բայց կողքի անոթներն աշխատում են, կարող եմ չվիրահատվել», - պատմում է Չալյանը։ Նույն կենտրոնի մեկ այլ մասնագետ խորհուրդ է տալիս վիրահատվել․ «միևնույն է, մի օր անելու է»։ Նույնիսկ 500 հազարի զեղչ են անում Չալյանի համար, և որպես օրինակելի հիվանդ նա կրկին պարկում է վիրահատության։ Տրագիկոմեդիան սկսվում է վիրահատարանի նախասրահում։ «Արդեն ինձ պատրաստել են, պարկացրել են նախասրահում, սպասում եմ, որ ինձ պետք է վիրահատարան մտցնեն։ Մեկ էլ կողքի մահճակալին արյունլվա դեմքով մի կին բերեցին-պարկեցրին։ Բժիշկները վազվզում էին շուրջը։ Մեկը ճնշումն էր չափում, մեկը արյունն էր սրբում, մեկը քիթն է մաքրում, մեկը գործիք էր բերում։ Արյունը թափում է կնոջ վրայից։ Ես վատացա, ասեցի՝ գնում եմ», - օրինակելի հիվանդն այդ օրը մանրամասն վերականգնել է հիշողության մեջ, որովհետև կասկածներ ունի, թե հենց այդտեղ էլ վարակվել է․ «Մեկը եկավ, քույրերից, բա՝ կանգնեք, հեսա 5 րոպեից ձեզ վիրահատում ենք։ Էդ կնոջը արագ տարան այդտեղից, նույն մարդիկ եկան ինձ մոտ, նույն պերսոնալը, առանց ձեռքերը լվանալու, նույն գործիքներով, առանց դիմակների, մեկը կոֆե էր խմում, մեկը գործիքը սրբում-տալիս էր»։ Հետվիրահատական պրոցեսում Չալյանը նկատում է, որ վերքը դեղնում է։ «Ասեցի՝ երևի, դեղերից է։ Հետո տեսա՝ աջ ձեռքս էլ է դեղնում, աչքերս էլ։ Բուժող բժիշկը՝ Լևոն Ռոբերտովիչը, ասում է՝ դեղերից է, կանցնի»։ Hepatitis C-ով վարակված լինելու մասին հիվանդն իմանում է պոլիկլինիկա դիմելուց հետո, ապա սարսափահար վերադառնում է ԲԿ, Լևոն Ռոբերտովիչի մոտ։ «Ասում եմ՝ լսի, ինձ մոտ սենց բան է հայտնաբերվել։ Ասում է՝ ես գիտեմ, որ տենց բան կա։ Ասում եմ՝ բա ես չպե՞տք է իմանայի»։ Ըստ Չալյանի, հիվանդանոցում հրաժարվում են իրեն ներկայացնել մինչվիրահատական հետազոտության արդյունքները։ Նա վստահ է, որ վիրուսը ստացել է հիվանդանոցում։ Մենք դիմեցինք «Վլադիմիր Ավագյան» ԲԿ, Չալյանի բուժող բժիշկը՝ Լևոն Ռոբերտի Մանուկյանին։ Նա հայտնեց, որ ԲԿ-ում այդ ամենից տեղյակ են։ «Հետազոտությունն արվել է մինչև վիրահատությունը և արձանագրվել է, որ հիվանդը այդ ժամանակ արդեն հեպատիտ C ուներ։ Վիրահատությունից մի շաբաթ առաջ անալիզնելով դա գրանցվել է, մենք հայտնել ենք և ինֆեկցիոն, և սանէպիդ կայան», - ասաց նա։ Հայտնեց նաև, որ հեպատիտ C-ն ինքնին հակացուցում չէ նման վիրահատություն կատարելու համար, իսկ եթե վիրահատություն չարվեր, ապա Չալյանը կարող էր կորցնել ոտքը։ Հարցին, թե ինչու, հայտնաբերելով, որ հիվանդը այդպիսի լուրջ վարակ է կրում, նրան չեն հայտնել այդ մասին, բժիշկը պատասխանեց, որ ինքը վիրահատարանում է, և չի կարող երկար հարցազրույց տալ հեռախոսով։ Կարճ պատասխանը համոզիչ չէ․ «Իրեն հասանելիք էպիկրիզն ինքը ունի, ինքը դոկումենտացիան ունի, նա տեղեկացվել է գրավոր և իր ձեռքում համապատասխան փաստաթղթերը կան։ Այնպես որ, թե մարդկային իմաստով, թե իրավական և մասնագիտական մենք մաքուր ենք»։ Գործով զբաղվում են իրավապահները։ Կենտրոնի ոստիկանությունում ընթանում է հետաքննություն։