Մահաբեր լոտո կամ բարի կախարդ Գուդվինի կեղծ ադամանդները

Մահաբեր լոտո կամ բարի կախարդ Գուդվինի կեղծ ադամանդները

Շինանյութի Սերոժին՝ Սերգեյ Մանուկյանին պատկանող ««Գուդվին Բետ» խաղային գրասենյակներն ու կազինոյի ապարատներից ոչնչով չտարբերվող «Էլ լոտո» անունով սարքերը լուրջ անհանգստություն են առաջացրել ՀՀ գյուղերում եւ քաղաքներում։ Ֆինանսների նախարարությունն արդեն հայտնել է, որ սա ոչ թե շահումով խաղ է, այլ՝ վիճակախաղ, այսինքն՝ «լոտո», եւ կարգավորվում է «Վիճակախաղերի մասին» օրենքով, բայց այս լոտոն արդեն մարդկանց գլուխներ է ուտում։ Քրեական դեպքերի մասին են թերթերը գրում։ Մեզ են զանգահարում մտահոգված մարդիկ եւ խնդրում չորրորդ իշխանության ուժով կանխել այս նոր վարակի տարածումը։ «Խուլ գյուղերի գազալցակայաններում են դրել, որտեղ ոչ մի զբաղմունք չկա։ Ցանկացած ոք, անգամ անչափահաս երեխաները, կարող են գնալ եւ խաղալ, ոչ մի հսկողություն, ոչ մի խոչընդոտ չկա,- տագնապում է մանկավարժ Անուշ Հովսեփյանը՝ Երեւանից։- Մեր երկրում պաշտոնյաների մեծ մասը խաղամոլներ են։ Տեսեք, թե գիշերները կազինոների առաջ պաշտոնյաների քանի մեքենա է կայանած։ Մարդիկ, խաղամոլության ախտով վարակված, ուզում են մյուսներին էլ վարակել, ինչպես ՍՊԻԴ-ով հիվանդներն են հնարավորինս շատ մարդ վարակում, իմանալով, որ միեւնույն է, մահանում են»։



Պրծավ՝ գնաց



Դարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում ինքնասպան եղած գազալցակայանի աշխատող Յուրա Բ․-ն, որի մասին գրեց «Հրապարակը», ըստ Հայանիստ գյուղի բնակիչների, վերջին 5 տարիներին պարտքեր էր կուտակել, անհոգ կյանք էր վարում, որին վերջակետ դրեց «Գուդվինի» ապարատը։ Յուրան ապարատին պարտվեց լցակայանի օրվա ողջ հասույթը եւ կախվեց։ Ըստ Հայանիստ համայնքի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանի, նրա տարեց ծնողների ռեակցիան եղել է․ «Պրծավ՝ գնաց»։ Գյուղապետը վստահեցնում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ բացատրական աշխատանքներ է տարել հանգուցյալի հետ, նաեւ ապարատների թեմայով։ «Բայց եթե մարդը չի հասկանում, որ փողը բալիկներին տանելու փոխարեն պետք չէ ապարատի մեջ լցնի, ի՞նչ անես»։ Յուրան երկու երեխա ուներ, կնոջից բաժանված էր, եղբայրը Ռուսաստանում էր, ծնողները մնացին մենակ։ «Ինչպե՞ս կանխել նման դեպքերը» հարցին գյուղապետը պատասխանում է․ «Հանել-ռադ անել ապարատները»։



Ոչ թե կազինոյի ապարատ է, այլ համակցված վիճակախաղի տերմինալ



Լուրեր են պտտվում, որ վերջին տարում Շինանյութի Սերոժը, նույն ինքը՝ «Եվրոպա» ռեստորանի տերը, Յուրա Բ․-ի նման մեծ պարտքեր է կուտակել, որոնք մարելու լավ ձեւ է գտել։ Վերին օղակներում իր լծակներն օգտագործելով, պարտադրել է գազալցակայանների տերերին պայմանագրեր կնքել «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի հետ եւ վերջինիս վարձակալությամբ տարածքներ տրամադրել՝ ապարատները տեղադրելու համար։ Գազալցակայանների տերերը չեն կարողացել հրաժարվել առաջարկից, իսկ նրանց հետ, ովքեր Դարակերտի գազալցակայանի տիրոջ պես փորձել են ըմբոստանալ եւ հանել ապարատը, բացատրական աշխատանքներ են տարել բարձր մակարդակով։ Վերջիններս էլ կտրուկ խելոքացել են։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի ղեկավարները մեզ հրավիրեցին իրենց գրասենյակ՝ տեղեկությունները ճշտելու համար, սակայն հանդիպումից մեկ ժամ առաջ չեղարկեցին այն, պատճառաբանելով զբաղվածությունը։ Տնօրեն Սարգիս Միքայելյանն զգուշանում է լրագրողների հետ հանդիպումներից։ Արտակ անունով հաշվապահը հայտնեց, որ չի ցանկանում խոսել լրագրողների հետ, որովհետեւ, իրենցից բացատրություն վերցնելով, վերջիններս «դա չեն գրում», այլ գրում են այն, ինչ իրենք են ցանկանում։ Հաշվապահը, այնուամենայնիվ, հայտնեց, որ իրենց ապարատները գյուղերում տեղադրվել են մի երկու ամիս առաջ։ Շինանյութի Սերոժի պարտքերի մասին նա ոչինչ չգիտեր։ «Մեր ընկերությունը պարտք չունի, նման պարտավորության մասին տեղյակ չենք»,- ասաց հաշվապահը, ավելացնելով, որ ոչ բոլոր գյուղերում են տեղադրված իրենց տերմինալները, բայց շատ տեղերում կան։ «Դրանք տերմինալներ են, ոչ թե ապարատներ, կազինոների ապարատներից տարբերվում են, եւ դա երեւում է նաեւ փաստաթղթերով, ներմուծման երկրի սերտիֆիկատներով, տվյալ դեպքում՝ Մոսկվայի առեւտրի պալատի կողմից տրված ակտով, ինչպես նաեւ ֆինանսների նախարարության կողմից տրված լիցենզիայով, որից երեւում է, որ սա համակցված վիճակախաղ է, ոչ թե շահումով խաղ։ Շահումով խաղն ուրիշ բան է»։ Ի՞նչ տարբերություն կա իրենց «լոտոյի» եւ կազինոյի համանման ապարատների միջեւ, նա այդպես էլ չասաց, պատճառաբանելով լրագրողների հանդեպ վստահության բացակայությամբ։ Բնական է, որ մարդիկ, ովքեր հասարակ մարդկանց վստահությունը չարաշահելով, շահույթով խաղի անունը լոտո դնելով, հարստանում են, ոչ մեկի չեն վստահի։



Լոտո՞, թե՞ ռուլետկա



«Էլ լոտոն» լոտոյի նման է միայն արտաքինից։ Խաղի դիզայնի հիմնական էլեմենտը լոտոյի գնդիկներն են, որոնք պտտվում են աջ կողմից՝ էկրանի ներքեւում։ Խաղացողը թվերի կոմբինացիաներ է նշում, եւ եթե պտտվող գնդիկները նույն թվերի վրա են կանգնում, ուրեմն խաղացողը շահում է։ Սա շատ խորամանկ հնարք է։ Հանեք լոտոյի պտտվող գնդիկները եւ էկրանի ձախ անկյունում տեղադրեք «ռուլետկան», որը կրկին թվեր է ցույց տալիս, կստանաք իսկական էլեկտրոնային «ռուլետկա»։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ն այս խաղը գրանցել է որպես վիճակախաղ, այն չի կոչվում շահումով խաղ։ Բայց խաղացողը կարող է, 1000 դրամ մուտք անելով, մի քանի անգամ ավելի շահում ստանալ գրասենյակից։ Էլ ո՞րն է շահումով խաղը, եթե ոչ սա։ Ի դեպ, 2015 թվականին ֆիննախը «Գուդվին Բետ»-ին տուգանել է 200 հազար դրամի չափով՝ այն բանի համար, որ անմիջապես չի տրամադրել քաղաքացու շահումը, եւ այս մասին գրառում կա ֆինանսների նախարարության հաշվետվություններում։ Հետեւապես, «Գուդվին Բետ» ՍՊԸ-ն իր ապարատները, որպես շահումով խաղեր, պետք է տեղադրեր միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սեւանի, Մեղրիի համայնքների վարչական սահմաններում, «Զվարթնոց» օդակայանի եւ «Երեւան» ազատ գոտում, եւ, ինչպես «Շահումով խաղերի մասին» օրենքն է պահանջում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռու։ Լոտոյի դիզայնը եւ «համակցված վիճակախաղ» խորամանկ տերմինը քողարկել են «էլ լոտոյի» բուն էությունը։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ն գրանցվել է 2011 թվականին, սակայն առաջին տարիներին մեծ եկամուտներ չի ունեցել։ Ըստ 2014 թվականի ֆինանսական աուդիտի եզրակացության, Վանաձորում գրանցված այս ընկերության եկամուտները 5 մլրդ․ դրամից հասել են մոտ 7,5 մլրդ․-ի։ Բայց այսքանը բավարար չէր, եւ «Գուդվին Բետ»-ը որոշեց ընդլայնվել նաեւ գյուղերով։



«Գուդվինը» լեզու գտավ ֆիննախի հետ



Մինչ այդ՝ 2015 թվականի հունվարին, «Գուդվին Բետ»-ի ղեկավարությունը փորձեց նոր խաղ կազմակերպել, որը կոչվում էր «Տուր ձեռքդ», եւ դա կրկին ներկայացվում էր որպես վիճակախաղ։ Ֆինանսների նախարարության լիցենզավորման հանձնաժողովը մերժել է այս խաղի գրանցումը։ Ի թիվս այլ խախտումների, հանձնաժողովը հետաքրքիր պատճառաբանություն էր գրել, որը կարդալով՝ միանգամից ճանաչում ենք «Էլ լոտո» խաղը․ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` շահումով խաղ է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որեւէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, իսկ մեքենայացված խաղ են համարվում ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքերը (այդ թվում` լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ: Ներկայացված վիճակախաղի նկարագրությունը համապատասխանում է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով մեքենայացված խաղին տրված նկարագրությանը: ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի… 2-րդ հոդվածի համաձայն` վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք: Այսինքն, նշված դրույթից բխում է, որ կազմակերպիչը կամ վերջինիս կողմից լիազորված անձն իրավունք չունի վիճակախաղի տոմսը վաճառել 18 տարեկանը չլրացած անձանց, ինչի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն: Ինչ վերաբերում է տերմինալների միջոցով վիճակախաղի կազմակերպմանը եւ անցկացմանը, ապա այն դառնում է անվերահսկելի եւ հնարավորություն է ընձեռում անչափահասներին մասնակցելու վիճակախաղին, ինչն իր մեջ պարունակում է հասարակական վտանգավորություն, ընդ որում՝ վիճակախաղի կազմակերպիչն այն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ դպրոցների, կրթական այլ հաստատությունների հարեւանությամբ»:
Հանձնաժողովն այլ խախտումներ էլ է նշել, բայց այսքանը բավական է եզրակացնելու համար, որ տարեսկզբին «Գուդվին Բետ»-ը մեկ անգամ փորձել է շահումով խաղը որպես վիճակախաղ գրանցել, բայց մերժում է ստացել, սակայն հետո, ինչ-ինչ ճանապարհով, լեզու է գտել իշխանության հետ եւ, փոխելով խաղի անվանումը, գրանցել իր գլխակեր «լոտոն»։