8-9 կուսակցություն, մտավորականների բանակ, դաշտային հրամանատարներ՝ «Ոչ»-ի ճամբարում

8-9 կուսակցություն, մտավորականների բանակ, դաշտային հրամանատարներ՝ «Ոչ»-ի ճամբարում

«Ես հույս ունեմ, որ Ազգային ժողովում «խառոշի» տղերք կան, եւ իրենք էլ կկանխեն այս գործընթացը, իրենք կասեն, որ չեն կարող գոմիկների սահմանադրության կողմնակիցը լինել, հույսով եմ, որ նրանց մեջ տղամարդկությունը, թասիբը, նամուսը, օջախի տղա լինելը, ճշտով տղա լինելը կարթնանա, ու այս Սահմանադրությունը չի դրվի քվեարկության, քանի որ այն հակաազգային է, հակամարդկային, դրանով ընտանիքը բուծարան է դառնալու, վաղը եկեղեցով կարող են այլասերվածների ամուսնացնել»․ մինչ «Քրիստոնեաժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը կոչ է անում բոլորին, անկախ տարաձայնություններից, միավորվել «Ոչ»-ի ճակատում, բարեփոխումների գործընթացը սահուն առաջ է ընթանում: Ազգային ժողովում այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչները կհանդիպեն ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հրապարակված նախագիծը, լսելու նրանց առարկություններն ու առաջարկները: Իսկ երեկ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանն առանձին հանդիպումներ են ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների հետ: Ուշագրավն այն է, որ եթե ՀՅԴ-ականներն ընդունել էին նաեւ Սերժ Սարգսյանի հրավերն ու օրեր առաջ այցելել նախագահական, ապա «Ժառանգությունը» չնայած մերժել էր այդ հրավերը, բայց չէր հրաժարվել իր հարկի տակ հյուրընկալել նախագահի ներկայացուցչին: Խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ անկուսակցական Թեւան Պողոսյանը: «Զուտ աշխատանքային հանդիպում էր, որը տեղի է ունենում ցանկացած օրենքի եւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որը գալիս է ԱԺ քննարկման։ Այնպես որ, ինչ-որ առանձնահատուկ բան տեղի չի ունեցել»,- մեզ փոխանցեց Թեւան Պողոսյանը։ «Մենք մեր տեսակետներն արտահայտեցինք, հետաքրքիր էր լսել նաեւ մյուս կողմի պարզաբանումները, աշխատանքային նպատակ չունենք, ոչ ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ոչ մեկը մյուսին բան համոզեց։ «Ժառանգությունն» իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արդեն հայտնել է, իսկ մենք, որպես ԱԺ պատգամավոր, ընդամենը կատարել ենք մեր պարտավորվածությունը։ Այնպես որ, այստեղ դիրքորոշման խնդիրը քաղաքական չէր, այլ տեխնիկական էր, եւ քննարկում էինք ԱԺ բերվող աշխատանքային փաստաթուղթը։ Քննարկում է լինելու, ելույթներ են լինելու, եւ ցանկացած մարդ պետք է տեղեկացված լինի, իսկ մենք օգտագործեցինք մեր հնարավորությունը»: Թեւան Պողոսյանը չկարողացավ պատասխանել, թե ինչու խմբակցության մյուս անդամները չեն մասնակցել հանդիպմանը, վստահեցրեց, որ Հակոբյանը հանդիպման մասին տեղեկացրել է մյուսներին: «Ժառանգության» երկակի դիրքորոշումն արդյոք տարընկալումների տեղիք չի՞ տա․ մի կողմից մերժվում են ներկայացված նախագիծն ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը, մյուս կողմից՝ քննարկվում։ «Իհարկե՝ ոչ»,- կասկածները «փարատեց» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. ««Ժառանգությունը» մնում է իր դիրքորոշմանը, ոչինչ չի փոխվել, ընդամենը աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, որը հաճախ է տեղի ունենում: Իսկ կուսակցության դիրքորոշում կարող են ներկայացնել միայն նախագահն ու փոխնախագահը»: «Ժառանգությունը» բոլորովին վերջերս հայտարարեց, որ դեմ է նախագծին եւ պայքարելու է «Ոչ»-ի ճակատում՝ երկրորդելով ՀԱԿ-ի արմատական դիրքորոշմանը։ Մարտիրոսյանը, սակայն, չկարողացավ ասել, թե երբ է պայքարը ռեալ դրսեւորում ստանալու։ «Երբ լինի, մենք անպայման կտեղեկացնենք»:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ սահմանադրական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀԿ-ական պատգամավորների հետ: Իշխանությունն շտապում է գործընթացն ավարտել, որ սեպտեմբերի 4-ին խորհրդարանում լսումներ անցկացվեն ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ:



«ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԸ ԴԵՌ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ



Այս ճակատի առաջամարտիկ, ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն անցած շաբաթ մեր հարցին պատասխանել էր, որ երբ նախագիծը քննարկման դրվի խորհրդարանում, իրենք կօգտագործեն պայքարի բոլոր միջոցները՝ հանրությանը ոտքի հանելու եւ հանրաքվեն խափանելու համար, ինչը կարող է լինել հանրահավաքների, շուրջօրյա նստացույցների, պայքարի բոլոր միջոցներով:
Սոս Գիմիշյանն ասում է, որ շտապելու կարիք չկա, նրա համոզմամբ՝ ողջ ազգն է դուրս գալու այս «չարեփոխումների» դեմ եւ «ոչ» ասելու։ «Շատ շուտով մենք բոլորին իրազեկելու ենք նոր սահմանադրության հակամարդկային, հակաազգային բնույթը՝ չմտնելով այն մանրամասների մեջ, թե ով ինչ աթոռ է զբաղեցրել, ով ում ինչ հանձնարարեց, այդ իշխանական կռիվը, ում ինչ բաժին է հասնում։ Մեծ հաշվով, դա մեր ժողովրդին չի էլ հետաքրքրում, մեր ժողովուրդը շուտվանից օտարված է իշխանությունից, եւ չի հետաքրքրում նրան, թե ով ինչ պաշտոնի կռիվ է տալիս. նույն գող-ավազակ համակարգն է, ով էլ գա, ոչինչ չի փոխվի: Իրեն կարող է հետաքրքրել այն, որ իր երեխային են օտարելու կամ ծախելու գոմիկներին, իրեն կարող է շատ հետաքրքրել, որ Սեւանը կամ Մեղրին կարող են ծախել՝ հողի վաճառքի մասին դրույթների համաձայն, կարող է հողն այնքան վաճառվել, որ մի օր տնվորի կարգավիճակում ինքը հայտնվի։ Կարող է հետաքրքրել այն, որ իրեն ոչ թե սեփական իշխանությունը ղեկավարի, այլ դրսից, որ ընտանիքը բուծարան է դառնալու, կամ վաղը եկեղեցով կարող են այլասերվածներին ամուսնացնել»,- վրդովվում է նա։ «Մենք «Հայաստան ժողովրդական» կուսակցության ներքո 8-9 կուսակցություն ենք միավորվել, մտավորականների խոշոր բանակ ունենք, լուրջ համագործակցություն ունենք բազմաթիվ կառույցների, այդ թվում՝ դաշտային հրամանատարների կառույցի հետ, բավական լուրջ ուժ ենք: Ես տեսնում եմ փոփոխությունները կանխելու ռեսուրս, ես պատրաստվում եմ անգամ թշնամիներիս հետ պայքարել այս նախագծի դեմ։ Ավելի լավ է Սերժ Սարգսյանը 100 տարի մնա իշխանության, քան այս սահմանադրությունն անցնի: Սա ամենակարեւոր կռիվն է 25 տարվա ընթացքում, սա ոչ պակաս կռիվ է, քան Արցախի պատերազմը, այստեղ հայ մարդու, հայ ազգի, հայ պետության լինել-չլինելու հարցն է։ Չեմ չափազանցնում: Որովհետեւ այս սահմանադրությունը տասնապատիկ ավելի սարսափելի է, քան Սերժ Սարգսյանի իշխանությունը: Եվ պետք չէ ասել, թե Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվել են բոլորը, մի քանի կուսակցություն են, այդպիսի 50-60 կուսակցություն էլ դրսում կան, եթե դրանցով են չափում»: