Կեցցե՜ Մեհրիբանը

Կեցցե՜ Մեհրիբանը

Ադրբեջան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Պատվո լեգեոնի ասպետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի տնօրեն, Ադրբեջանի առաջին տիկին եւ, վերջապես, «գեղեցկուհի» Մեհրիբան Ալիեւան Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ: Արեւմտյան հանրության համար Ալիեւի ռեժիմը բանակցունակ չէ, բայց դա ամենեւին չի նշանակում, թե Արեւմուտքը հետաքրքրված չէ Ադրբեջանով: Բնական պաշարները, աշխարհագրական դիրքը, կոմունիկացիոն հնարավորությունները բավական են, որպեսզի Ադրբեջանը եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում մնա: Արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցում, այսպիսով, Ալիեւի ռեժիմը Մեհրիբան խանումին վերապահել է փոխանորդի կարգավիճակ եւ մշտապես թարմացնում է ապագայում նրան նախագահ ընտրելու ինտրիգը: 2013թ. այդ տարբերակը լրջորեն քննարկվել է ոչ միայն Բաքվում, այլեւ եվրոպական մայրաքաղաքներում, հատկապես՝ Փարիզում: Շրջանառվել էր գաղափար, որ սահմանադրությամբ կարող է ստեղծվել պետության ֆորմալ ղեկավարի պաշտոն՝ համազգային առաջնորդ, որին կընտրեր Միլլի մեջլիսը: Ամենայն հավանականությամբ, վերջին պահին Իլհամ Ալիեւը կասկածել է, որ կարող է տեղի ունենալ պետական հեղաշրջում: Ադրբեջանում երկրորդ խոշորագույն բիզնես-կայսրությունը պատկանում է Փաշաեւների՝ Մեհրիբան Ալիեւայի հայրական ընտանիքի, կլանին՝ ի դեմս Pasha Holding-ի: Մեհրիբան Ալիեւան ընկալվում է որպես արեւմտյան քաղաքակրթության հետեւորդ: Ադրբեջանի միջազգային մեկուսացվածության պայմաններում Մեհրիբան Ալիեւայի Ֆրանսիա այցը եւ ընդունելությունը Ելիսեյան պալատում, ինչ էլ որ ասվելու լինի, միայն խորհրդանշական չէ: Ըստ երեւույթին, Միլլի մեջլիսի ընտրություններին ընդառաջ՝ նա փորձում է արեւմտյան հանրությանը մատուցել Ադրբեջանի քաղաքական էստեբլիշմենտի, այսպես ասած, երկրորդ-պահուստային դեմքը: Խոսք չկա, կեցցե՜ Մեհրիբան խանումը, որ մտահոգված է զավակների եւ թոռների ապագայով: Բայց ի՞նչ ասել նրա ամուսնու մասին, որ չի խորշում նույնիսկ ԱՊՀ երկրների նախագահների հետ հասակի երկարության «գրազ
բռնել» եւ տարածել մամուլում, բայց հարկ եղած դեպքում հաջողությամբ թաքնվում է մի «փխրուն կնոջ» թիկունքում: Նման դեպքերում Եվրոպան բարդույթներ չունի, Օլանդի համար թերեւս շատ հաճելի է խնդիրներ քննարկել «նրբագեղ» Մեհրիբանի, քան թե «կոտոշավոր» Իլհամի հետ: Բայց ինչպե՞ս է դրան վերաբերվում ադրբեջանական հասարակությունը: Չէ՞ որ ընտանիքում կնոջ դերի մասին նրա պատկերացումները, ինչպես Բաքվի քարոզչությունն է պնդում, եվրոպականից խիստ տարբեր, ավանդապաշտ են: