Աշխատավարձը շատ ցածր է․Նախկին պատգամավորը՝ թոռան աշխատանքի մասին

Աշխատավարձը շատ ցածր է․Նախկին պատգամավորը՝ թոռան աշխատանքի մասին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի թոռը՝ Գարեգին Պետրոսյանը նոր չէ, որ աշխատում է Ազգային ժողովում, որպես իրավաբանական վարչության պետի տեղակալ։ Եվ այն, որ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը վերջերս մեկնել է ԱՄՆ՝ սովորելու, ավագ Պետրոսյանը նորմալ է համարում, որ թոռը պետք է փոխարիներ նրան․«Տարի ու կես է՝ արդեն այնտեղ է։ Աշխատում է օրենսդրական վարչությունում, օրենսդրական, թե իրավաբանական, չեմ հիշում»․- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը․ «Որևէ պաշտոն չի ստացել, աշխատում է տարուց ավել, հիմա էլ փոխարինում է, իր պարտականությունն է՝ փոխարինել»։



Մեր այն ճշտող հարցին, ի վերջո դուք էի՞ք տեղավորել Ձեր թոռանն ԱԺ-ում աշխատանքի, թե՞ Կարեն Ավագյանը, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց․ «Բացարձակապես, այդ տեղը մարդիկ չեն էլ գնում, որովհետև աշխատավարձը շատ ցածր է իրավաբանական վարչությունում։ Մարդիկ չեն էլ գնում։ Գիտության թեկնածու է, հիմա գնացել է աշխատելու»։



Ի դեպ, «շատ ցածր» աշխատավարձ ասելով, պարոն Պետրոսյանը նկատի ուներ մինչև 200 հազար դրամը։ Տեղեկացնենք, որ 27-ամյա Գարեգին Պետրոսյանը նախկին պատգամավորի ավագ որդու տղան է։ Ինչպես նկատում եք, Գարեգին Պետրոսյանը գնում է պապի հետքերով, վերջինս նույնպես հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ։ 



Hraparak.am-ը հետաքրքրվեց նաև Մհեր Պետրոսյանով, սակայն եթե թոռան պարագայում պապիկը «հպարտանալու» առիթ ուներ, ապա այս պարագայում… «Ո՛չ, պետք չի՛, և այդպիսի հարցեր էլ մի՛ տվեք ինձ»․- ասաց և անջատեց բջջայինը։



Իսկ մենք հիշեցնենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին՝ Մհեր Պետրոսյանը, տարեսկզբին կրակել էր իր քրոջ քավորի ուղղությամբ՝ Հովսեփ Մարգարյանին, ով սփյուռքահայ գործարար է։ Ըստ տեղեկությունների՝ 47-ամյա Մհեր Պետրոսյանը մի քանի անգամ հարվածել է այդ մարդու դեմքին, այնուհետև իր մոտ եղած ատրճանակից կրակել է նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացել է վնասվածք՝ ոչ մահացու։ Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության պատճառը գործնական հարցերում համաձայնության չգալն էր: