Թող յուրաքանչյուրը Ռուստամ Գասպարյանի չափ պայքարած լինի եվ արած լինի ազգի համար

Թող յուրաքանչյուրը Ռուստամ Գասպարյանի չափ պայքարած լինի եվ արած լինի ազգի համար

Նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը մեզ հետ զրույցում երեկ մեկնաբանեց Ազատամարտիկների դաշինքում իր կարգավիճակի մասին հակասական լուրերը, համաձայն որոնց՝ նրան հեռացրել են դաշինքից։ Գասպարյանն ասաց, որ դաշինքում է, իսկ կիսո՞ւմ է դաշինքի ընդդիմադիր դիրքորոշումը․ լսեցինք նրա մեկնաբանությունները։



- Ես դաշինքի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ, բոլորն էլ իմ մարտական ընկերներն են, որոնց հետ ես պատերազմ եմ անցել, մարտական ուղի եմ անցել, լուրջ ճանապարհ, ու չտա Աստված, որ ոչ միայն դաշինքի, այլեւ բոլոր ազատամարտիկների հետ խնդիր լինի․ ես նրանց կողքին կանգնած եմ։ Ես դաշինքից դուրս չեմ եկել։



- Ազատամարտիկները պատրաստվում են առաջիկայում դաշինքի ընդլայնված նիստ հրավիրել, քննարկել քաղաքական իրավիճակը, սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «ոչ»-ի ճակատին միանալ-չմիանալու հարցերը։
- Առաջիկայում կքննարկվի՝ կխոսենք։



- Ռազմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է անպայման միանալ իշխանության դեմ պայքարին, Դուք կլինե՞ք այդ ճամբարում։
- Եթե դեռ որոշում չի կայացվել, ոչինչ չեմ կարող ասել, երբ կլինի՝ կխոսենք։ Եկեք ենթադրելով չխոսենք՝ սենց կլինի, ընենց կլինի։ Դեռ չի եղել քննարկումը, քննարկման արդյունքում կորոշվի։



- Իսկ մասնակցելո՞ւ եք դաշինքի նիստերին։
- Կմասնակցեմ։
- Անձամբ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է, պե՞տք է իշխանության դեմ պայքար մղել, պայքարել բարեփոխումների գործընթացի դեմ։
- Ես ընդհանրապես չեմ ուզում լրագրողների հարցերին պատասխանել, կան ծախու լրագրողներ, որոնք պատրաստ են իրենց երկու կոպեկի համար մրոտելու յուրաքանչյուրին՝ հաշվի չառնելով, թե ում մասին են գրում ու ինչ են գրում եւ ունե՞ն այդ արժանիքները, թե՞ ոչ։



- Հիմա ես Ձեզ ընդամենը ուղիղ հարց եմ տալիս՝ խնդրում եմ պատասխանել։ Ինչո՞ւ որոշեցիք հանդիպել նախագահի հետ, որի հրաժարականն էիք ամիսներ առաջ պահանջում, արդյոք նախկինի պես պայքարելո՞ւ եք իշխանության դեմ, թե՞ իրավիճակ է փոխվել։
- Իսկ էսօր պայքարողներ կա՞ն, ո՞ւր է այդ ճամբարը, էդ ճամբարն էսօր էլ չկա։ Թող յուրաքանչյուրը Ռուստամ Գասպարյանի չափ պայքարած լինի եւ արած լինի ազգի համար։ Էսօր թե ԱԺ-ն, թե կառավարությունը, իրար հետ վերցրած, 80 տոկոսը Ռուստամ Գասպարյանի կեսն արած չկան էս երկրի, էս պետության, ազգի նամուս-թասիբի, մեր հող ու ջրի համար։ Բայց էսօր փորձում են Ռուստամ Գասպարյան քննադատեն։



- Ընդամենը ուզում եմ հասկանալ՝ ինչպիսի՞ն է հիմա Ձեր դիրքորոշումն իշխանությունների, նախագահի նախաձեռնած բարեփոխումների վերաբերյալ, նախկինի պես կարծո՞ւմ եք, որ սա «չարիքի իշխանություն» է, եւ բարեփոխումների միակ նպատակն էլ Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիրն է, թե՞…
- Իմ դիրքորոշումը ես ընթացքում կարտահայտեմ։ Ախր, ամենքդ ձեր հերթին սկսել եք մեկնաբանել, թե նախագահի հետ ինչեր ենք խոսացել՝ առաջարկություններ, սպասելիքներ, նման բան չի եղել, նստել ենք, քննարկել ենք սահմանադրության հարցերը, առաջարկներ ենք արել, լսել ենք, ինչպես բոլոր կուսակցությունները, խմբակցությունները, պատգամավորները, նույն ձեւով էլ՝ մենք։ Էդ խի՞ մենակ Ռուստամի ներկա լինելը բոլորի աչքը ծակեց։



- Դուք Ձեր սկզբունքների համար անգամ լքեցիք ԲՀԿ-ն, Դուք իշխանություններին պատրաստվում էիք օր առաջ հեռացնել, ասում էիք, որ իշխանության հետ խոսելու բան չկա, պետք է հեռանան, իշխանափոխություն է պետք։
- Ո՞վ են անողները։
- Ոչ իշխանականներն են համախմբվում։
- Վերջ, էլ չեմ խոսում։
- Հիմա փոխե՞լ եք Ձեր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների մասին։
- Դեռ քննարկում է գնում, հարցեր կան, պարզաբանումներ պետք է տրվեն։
- Իսկ Ձեր ընտրողները, ի՞նչ եք կարծում, փոխե՞լ են իրենց պատկերացումները Ձեր անձի մասին։
- Ինձ ճանաչողները՝ չէ, ժողովուրդը նույն ձեւով հարգում ա, սիրում ա, ընդունում ա, որտեղ էլ գնում եմ, նկատում եմ ժողովրդի հարգանքն իմ հանդեպ։