Վիզ դնել Սահմանադրության համար

Վիզ դնել Սահմանադրության համար

Որոշ դիտարկումներով` Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ավելի անկեղծ ու մարդամոտ է դարձել իր ՀՀԿ-ականների հետ: Նախորդ ԳՄ-ներից մեկում նա հարկ է համարել ասել. «Ականջիս լուրեր են հասնում, նաեւ տեսակետ է տարածվում, թե թիմը վիզ չի դնելու սահմանադրական փոփոխությունները վերջնագծին հասցնելու համար. չկա նման բան, պետք է վիզ դրած` բացատրական աշխատանք կատարենք ու հասնենք միանշանակ հաջողության»: Իսկ նախորդ շաբաթ տեղի ունեցած ԳՄ-ում էլ, բավականին մանրակրկիտ ներկայացնելով Վլադիմիր Պուտինի հետ մոսկովյան հանդիպման բոլոր մանրամասները, ասել է, որ հանդիպումն անցել է բավականին բարձր մակարդակով եւ արդյունավետ. «Չկա հարց, որի շուրջ պայմանավորված չլինենք»: Ի դեպ, նույն շրջանակները պնդում են նաեւ, որ առաջիկայում Պուտինն անձամբ կողջունի սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հայաստանում: Իսկ շաբաթ օրը Վանաձորի «Անուշ» ռեստորանային համալիրում կառավարության բոլոր անդամների եւ ՀՀԿ-ական պատգամավորների հետ «ընթրիք-երեկոյի» ընթացքում Սերժ Սարգսյանը հորդորել է. «Նոր նստաշրջանում քննարկվելու է սահմանադրական փոփոխությունների հարցը, ավելի մեծ եռանդով ու նվիրումով պետք է անցնեք գործի, ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է խնդրի արդյունավետության համար, մենք պետք է ունենանք ցուցադրելիք թվեր. առջեւում հանրաքվեն է, իսկ հետո՝ ընտրությունները, որոնք կերաշխավորեն, որ եւս տասը տարի իշխանությունն անցնի Մելիք-Ադամյան փողոցով»: Խնջույքի թամադան եղել է Գալուստ Գրիգորիչը, որը վարչապետ Հովիկ Արգամիչի հետ համերաշխորեն ասել է. «Եսծ, տավարիշչ Սարգսյան. կանենք անպայման»: Երկու ժամ նստելուց հետո Սերժ Սարգսյանը լքել է խնջույքի սեղանը, Գրիգորիչն ու Արգամիչը շարունակել են տիրություն անել յուրյանց «հոտին»: