Բժշկական պարտադիր ապահովագրություն. պե՞տք է այն ՀՀ քաղաքացիներին

Բժշկական պարտադիր ապահովագրություն. պե՞տք է այն ՀՀ քաղաքացիներին

Պարզվում է, որ Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնելու հարցը մի քանի տարի առաջ քննարկվել է, և Առողջապահության նախարարությունը նույնիսկ համապատասխան օրինագիծ է մշակել, որը փոխանցվել է Կառավարությանը: Ասում են՝ Կառավարությունը, սակայն, չի անդրադարձել այդ օրինագծին, քանի որ ժողովուրդը սվիններով է դիմավորել «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը: Կառավարության լոգիկան պարզ է՝ եթե մարդիկ գումար չեն տալիս ապահով ծերության համար, բնականաբար, նախապես գումար չեն տա նաև հիվանդանալու դեպքում բուժվելու համար:



Ես եմ՝ ու չեմ հիվանդանում, ինչո՞ւ գումար տամ: Այսպես է մտածում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, իսկ մի խավ էլ կա, որ գումար չունի տալու ոչ առողջ, ոչ էլ հիվանդ ժամանակ: Այս իրավիճակում խոսել պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնելու մասին՝ մեր կարծիքով աբսուրդ է:



Պարտադիր բժշկական ապահովագրություն հնարավոր է ներդնել բացառապես բարեկեցիկ երկրում: Նույնը կարելի է պնդել նաև կուտակային կենսաթոշակի ներդրման մասին: Ամբողջ գաղտնիքը ապահովագրության ասպարեզում պետության ներգրավվածության չափի մեջ է: Պետությունը պետք է կարողանա վերահսկել, կարգավորել գործընթացը և դրանով վստահություն ներշնչել իր քաղաքացուն, որ առողջության ու աշխատունակության տարիներին կուտակած գումարներով վերջինս ապահովագրում է իր ծերությունն ու առողջությունը: Եթե մենք փորձենք չափել մեր պետության մասնակցությունն արդեն իսկ գործող ապահովագությունների ոլորտում, կտեսնենք, որ այն ձգտում է զրոյի, և, հետևաբար, ՀՀ քաղաքացու բուժման կամ այլ խնդիրներ, կախված են ապահովագրական ընկերությունների բարեհաճությունից:



Շատերն են առնչվել արդեն իսկ գործող բժշկական ապահովագրական ընկերությունների հետ: Նրանք կհաստատեն, որ պայմանագիր կնքելուց առաջ ընկերությունը գրեթե սարեր է խոստանում, իսկ երբ գալիս է պահը որևէ բժշկական ծառայության համար վճարելու, ամեն ինչ անում է ծախսերը կամ դրանց զգալի մասը հիվանդի վրա թողնելու համար: Ապահովագրական ընկերության բժիշկ-մասնագետներն այնքան վարպետորեն են հիվանդանալու մեղքը բարդում հիվանդի վրա, որ քիչ է մնում վերջինս ներողություն խնդրի: Ի՞նչ է սա: Եթե այլ խոսքով ասենք՝ քաղաքակիրթ «գռդոն», քաղաքացու գրպանը մտնելու թույլատրված եղանակ: Ո՞րն է պետության դերն այստեղ: Դա մի շատ էպիզոդիկ դեր է, որ ավարտվում է նման ընկերություններին գործունեության արտոնագիր տալով: Իսկ թե ինչ է շահում պետությունը դրանից, մեր վճարած գումարների ո՞ր մասն է հասնում նրան, անհայտ է:



Քանի դեռ բժշկական ապահովագրությունը պարտադիր չէ, հասարակությունը որևէ կերպ չի արձագանքում: Գործող ապահովագրական մասնավոր ընկերությունների դեմ «պայքարն» առայժմ իրենց ուսերին են տանում կամավոր ապահովագրվածները: Նրանք հսկայական ջանքեր են ներդնում, որպեսզի ընկերությունից գումար պոկեն բժշկական հետազոտությունների, ատամ բուժելու, թեստեր հանձնելու, ակնոց ձեռք բերելու և նման մանր-մունր բաների համար: Իսկ եթե, աստավծ չանի, վիրահատության կամ որևէ ծանր հիվանդության հետ է կապվում բուժումը, հաճախորդ-ընկերություն հարաբերությունները տեղափոխվում են գզվռտոցի փուլ:



Հասկանալի է, որ ապահովագրական ընկերություն ասվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ բիզնես: Պարզ, սովորական բիզնես, որով փող են աշխատում: Այդպես է ամբողջ աշխարհում: Այնպես չէ, որ բժշկության ասպարեզի ապահովագրությունը Հիպոկրատի երդման տեքստով է առաջնորդվում: Ասել է, թե այդ ապահովագրությունը, և առհասարակ ապահովագրությունը պետք է գործի բացառապես հարկային դաշտում, այսինքն ստվերից դուրս, պետության վերահսկողության տակ և պարտավոր է ընդհուպ սեփական միջոցներ ունենալ՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելու այն գործառույթը, ինչի համար պետական գրանցում է ստացել: Իսկ երբ ապահովագրական ընկերությունը, ինչպես արվում է Հայաստանում, գրանցվում է բացառապես ծանոթ-բարեկամով ու առանց լուրջ սեփական կապիտալի, արդյունքը լինում է այն, ինչ կա այսօր մեզ մոտ:



Ինչո՞ւ մեզ մոտ բավականին արագ և անաղմուկ ներդրվեց ավտոպատահարներից պարտադիր ապահովագրման համակարգը (ԱՊՊԱ): Չէի ասի, թե պետությունը գերշահույթներ ստացավ այս հաջող ներդրումից, բայց, ամեն դեպքում, ԱՊՊԱ-ն կարելի է կայացած համարել: Դրա հիմնական «մեղավորը» հասարակության այն խավն է, որին ուղղված էր այդ ամենը: Կախված իր մեքենայի արժեքից, ամեն մեքենատեր էլ վճարում է մի որոշոկի գումար՝ գոնե ուրիշներին իր կողմից պատճառվող վնասները փոխատուցելու պարտականությունից ազատվելու համար: Բժշկական պարտադիր ապահովագրությունը շատ դժվար է առանձին խավերին հասցեագրելը: Որպեսզի չաշխատող կամ ցածր վարձատրվող քաղաքացին փոխհատուցվող բժշկական ծառայություն ստանա, անհրաժեշտ է, որ ունևոր խավը շատ ավելի մեծ գումարներ վճարի իր առողջության համար: Հենց որ կառավարությունը կարողանա այդ խավին համոզել պարտադիր ապահովագրել սեփական առողջությունը, այն ժամանակ էլ կարող ենք խոսել ամբողջ երկրում առողջապահությունը պարտադիր ապահովագրական հիմունքներով կազմակերպելու մասին: