Ահա մեր քաղաքական դաշտը

Ահա մեր 
քաղաքական դաշտը

Ինչո՞ւ մեզանում այդպես էլ չեն ձեւավորվում քաղաքակիրթ, առաջադեմ, հանրության շահերին ծառայող կուսակցություններ։ Ահա իշխանական կուսակցությունը, որն ընդամենը կերակրատաշտի մոտ գտնվողների ամբոխ է՝ անսկզբունք ու անդեմ, որ կուսառաջնորդի հրահանգով «սեփական մորն» էլ կծախի։ Ահա դեպի իշխանություն սրընթաց ընթացող կուսակցությունը, որը մոռացել է երբեմնի ընդդիմադիր ելույթները եւ այնպես է սերտաճել Հանրապետականի հետ, որ թվում է՝ մի մորից չեն, բայց մի հորից են։ Ահա նախկին արմատական ընդդիմությունը, որն իր լիդերի կողմից լքված, առաջնորդին եւ ուղենիշը կորցրած հոտի է նման՝ ոչ իր ապագան է պատկերացնում, ոչ անելիքները, չգիտի, թե ում հետ համագործակցի, ինչ անի, որ վերականգնի նախկին հզորությունը։ Ահա ժամանակին ՀՀ նախագահի «հաղթող» թեկնածու ունեցող, հրապարակային ակցիաներին մասնակցությամբ մեծ դիվիդենտներ շահած կուսակցությունը, որն այսօր հայտնվել է «խեցգետնի, կարապի եւ գայլաձկան» կարգավիճակում, դարձել ծաղրի առարկա ու կուսակցական պառակտման սիմվոլ։ Ահա ժամանակին բարեգործության հողի վրա հզորացած օլիգարխի կուսակցությունը, որն այնպես է կերպարանափոխվել, այնքան անճանաչելի է դարձել, ինչպես սեռը փոխած տրանսվիստիտների հետ է լինում։ Եվ ամենակարեւորը՝ ոչ մի ամոթ 180 աստիճանով գլխիվայր շրջված տեսակետներ հայտնելու, Հանրապետականի ֆիլիալը դառնալու առնչությամբ։ Կարեւորը՝ քաղաքական ասպարեզից չհեռանալն է, թեկուզ սեռափոխության գնով։ Ահա մեծ խումբ կուսակցություններ, որոնք «անունը կա, ամանում չկա» տարբերակով ոչինչ չեն անում, միայն մի խղճուկ գրասենյակ են պահում։ Եվ վերջապես՝ նորաթուխ, ամբիցիոզ, բայց բավականին ծույլ երիտասարդներ, որոնք մեծ նպատակներ ունեն, բայց աշխատելու ոչ այնքան մեծ ցանկություն։