Թող ՀՀԿ-ն հետևություններ անի, թե այդ ինչպե՞ս այնքան վարկաբեկվեց, որ այսօր իրեն չեն հավատում

Թող ՀՀԿ-ն հետևություններ անի, թե այդ ինչպե՞ս այնքան վարկաբեկվեց, որ այսօր իրեն չեն հավատում

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխություններին պետք է «այո» ասել ոչ թե Դաշնակցության համար, որ իրենք էլ են դրան կողմ, այլ հանուն պետության, հանուն ժողովրդի։ Բայց սա միայն ՀՅԴ-ի առաջարկած «այո»-ն չէ, որ ժողովուրդը գնա և Դաշնակցության քարոզի ներքո կողմ քվեարկի։ Սա նաև Հանրապետականի առաջարկած «այո»-ն է, իսկ ժողովուրդը՝ չհաշված պրոիշխանականներին, ՀՀԿ-ի քարոզած «այո»-ին մեծ մասամբ դեմ է, չի ցանկանում կողմ լինել Հանրապետականի նախաձեռնած այս փոփոխությանը, վստահություն չունի գործող իշխանությունների հանդեպ։ Այս դեպքում ինչպե՞ս են լուծելու այս երկվության խնդիրը «այո»-ական Դաշնակցականները, քանզի «այո»-ն մնում է «այո»՝ անկախ նրանից, թե ով ինչպես է դա քարոզում։



«Գիտե՞ք, այդ երկվությունը և՛ հասկանալի է ինձ, և՛ ոչ։ Մեր հասարակության այն մասը, ով անկեղծորեն ուզում է փոխել իրականությունը, իսկ հանրապետության երևի 99 տոկոսը, եթե ոչ ավել բնակչությունը իրականությունը խորապես փոխելու անհրաժեշտություն ունի։ Ես կարծում եմ՝ իրականությունը փոխելու գիտակցության եկել է նաև քաղաքական մեծամասնությունը՝ Հանրապետականը։ Հիմա ինչպե՞ս չշփոթել մեզ և Հանրապետականին։ Դա պարզից էլ պարզ է»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը՝ հիշեցնելով այն ավանդական լոզունգը, որ իրենք այս փոփոխություններից խոսում էին շատ ավելի վաղ, ուստի, ըստ նրա, հանրությունը պետք է գիտակցի, որ ոչ թե իրենք են գնացել ՀՀԿ-ի դաշտ, այլ ՀՀԿ-ն է գնացել ՀՅԴ-ի դաշտ․ «Մեր «այո»-ն թե՛ խորքային է, թե՛ բովանդակային է, և մենք նոր չենք քնել արթնացել և ասել, որ ուզում ենք»,-շարունակեց բացատրել տիկին Գալստյանը։



-Դա հասկանալի է, բայց քաղաքացին, «այո» ասելով Դաշնակության «այո»-ին, ակամա «այո» է ասում նաև Հանրապետականի «այո»-ին։



-Չէ, քաղաքացին «այո» ասելով նոր Սահմանադրությանը, «այո» է ասում իր ապագային։ Չեմ ուզում՝ խոսքերս մերկապարանոց լինեն, որոհետև որևէ մեկը չի կարող հերքել, որ այս Սահմանադրությունը 180 աստիճանով փոխում է երկրի փիլիսոփայությունը, փոխում է երկրի ճարտարապետությունը և հաստատում է երաշխիքներ և մեխանիզմներ, որ իր բովանդակությամբ ամբողջովին նոր երկիր ենք ունենալու։ Եվ թող իսկապես Հանրապետականը ինքն իր համար հետևություններ անի, թե այդ ինչպե՞ս եղավ, որ այնքան վարկաբեկվեց այդ քաղաքական ուժը, որ այսօր իրեն չեն հավատում։ Իսկ չհավատալու իրավունք, այնուամենայնիվ, մեր հասարակությունն ունի։



-Այս հենց դրա համար են նաև Դաշնակությանը մեղադրում, որ ՀՀԿ-ն վարկաբեկված քաղաքական ուժ է, և դուք այսօր նրանց հետ նույն դաշտով, նույն ուղղությամբ եք գնում, նույն «այո»-ն եք քարոզում։



-Գիտե՞ք, դեռ վաղ է ասել, որ մենք գնում ենք նույն դաշտով և նույն ուղղությամբ։ Մենք «այո» ենք ասում ոչ թե Հանրապետականի սահմանադրական փոփոխությանը, այլ մենք վերահաստատում ենք և «այո» ենք ասում մեր համոզմունքներին։



-Բայց, միևնույնն է, ժողովրդի շրջանում այն ընկալումն է, որ սա ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի Սահմանադրությունն է։



-Կներեք, բայց երբ որ էդպես մերկապարանոց ասում ենք՝ սա Հանրապետականի «այո»-ն է, չէ, էդպես չի։ Եթե դու ցանկություն ունես ընդունելու, հիշողությունդ թարմացնելու և փաստելու մի ակնհայտ բան, որ մենք 25 տարի խոսում ենք համամասնականի մասին, խոսում ենք պառլամենտական երկրի մասին, որ մենք խոսում ենք իշխանության ուժերի տարանջատման և հակակշռելիության մասին, որ մենք խոսում ենք երկիրը փոխելու խորքային, բովանդակային, համակարգային փոփոխությունների մասին, դա նորություն չէ։



-Դուք խոսում էիք, բայց նախաձեռնեց Սերժ Սարգսյանը։



-Նախաձեռնեց, որովհետև մենք համառությամբ, կաթիլի համառությամբ կարողացանք բեկել ժայռը և մեր ճշմարտությունը տեղ հասցնել։



-Վստա՞հ եք, որ հենց ձեր համառության արդյունքն էր այս ամենը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը տեղի տվեց հենց ձեր համառությա՞նը։



-Ես համոզված եմ և դա ակնհայտ է, որովհետև մեկ տարի առաջ քաղաքական մեծամասնությունը չէր էլ ուզում լսել ո՛չ համամասնականի, ո՛չ պալամենտական կառավարման համակարգի և ո՛չ էլ քաղաքական փոքրամասնության լիազորությունների ընդլայնման մասին, որը երաշխավորում է այս նոր Սահմանադրությունը։



-Այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը հենց Դաշնակցության առաջարկով, ՀՅԴ-ի համա՞ որոշեցին գնալ այս փոփոխություններին։



-Չէ, չի կարելի էդպես ասել՝ Դաշնակցության համար։ Մենք ունեինք մեր համառությունը, մենք երբեք մեր տեսակետը չենք փոխել։



-Նկատի ունեմ՝ Սերժ Սարգսյանի համար գլխավոր գործոն հանդիսացավ գլխավորապես ՀՅԴ-ի առաջարկությու՞նը, թե՞ այլ գործոններ էլ կային։



-Միգուցե բազմաթիվ գործոններ կարելի է էստեղ տեսնել։ Եկեք հավատանք, որ քաղաքական մեծամասնության, օրվա իշխանության համար, այնուամենայնիվ, Հայաստանի կայունության, Հայաստանի հեռանկարի, մեր պետականության շահն էլ կա, ես չեմ թերագնահատում դա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ