Կարող եք չպատասխանել, բայց հարցը լուծեք. ՀՀԿ-ական պատգամավորը ընդվզեց

Կարող եք չպատասխանել, բայց հարցը լուծեք. ՀՀԿ-ական պատգամավորը ընդվզեց

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվում է ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին արձանագրությունը վավերացնելու հարցը: Հիմնական զեկուցողը միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանն է: ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը բոլոր արտադրողների անունից մտահոգություն հայտնեց, որ երբ ապրանքները արտահանում են Ռուսաստան, ինչ-ինչ պատճառներով հետ է գալիս, կրկնակի հարկվում է ԱԱՀ-ով.



«Մի հատ ԱԱՀ ՌԴ-ում է մուծվում, էդ ապրանքները 50 օր հետո, երբ հետ է բերվում Հայաստան, ՀՀ սահմանի վրա էլ է ավելացված արժեքի հարկով հարկվում: Նման բան առաջ չկար: Մասշտաբները երբ համեմատենք, ավելի շատ ապրանքներ են գալիս ՌԴ-ից, քան ուղարկվում է ՌԴ: Մեր մաքսային սահմանի վրա նրանցից նույնացման սերտիֆիկատ չեն պահանջում, բայց նրանք մեր ապրանքների համար նույնացման սերտիֆիկատ են պահանջում: Այսինքն, երկուսն էլ անօրինական գործընթաց է մեր արտադրողների նկատմամբ»:



Պատգամավորը հայտարարեց, որ հարցը մի քանի անգամ բարձրացրել է, որ ամեն անգամ ասում են սենց կանենք, նենց կանենք, մի հատ վաղը կտեսնենք, բայց չեն զբաղվում այդ լուրջ հարցով: Պատգամավորը մեծահոգաբար եզրափակեց.«Կարող եք անգամ չպատասխանել, բայց հարցին լուծում տվեք»: Սուրեն Կարայանը պատասխանեց. «Երբ ՀՀ-ից արտահանվում է ՌԴ, ապա ՀՀ-ում ձեր կողմից վճարված ԱԱՀ-ն պետք է հետ վերադարձվի եւ վճարը պետք է կատարվի ՌԴ-ում: Իսկ երբ արտահանված ապրանքատեսակների որոշ մասը ինչ-ինչ պատճառներով հետ է վերադարձվում, ապա այդ ապրանքների հետ վերադարձման ժամանակ նույն մեխանիզմը պետք է կիրառվի՝ հակադարձ ուղղությամբ: Այնտեղ պետք է հետ վերադարձվի վճարված ԱԱՀ-ն»:



Ինչ վերաբերում է նույնականացման սերտիֆիկատ պահանջելուն, Սուրեն Կարայանն ասաց, որ դրանք կարող են պահանջվել միայն այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնց մասով ՀՀ-ն կիրառում է ԵՏՄ-ի միասնական մաքսային սակագներից տարբերվող այլ սակագներ: Մնացած բոլոր ապրանքատեսակների մասով իրավունք չունեն եւ չեն կարող պահանջել նույնականացման սերտիֆիկատներ: Նա հորդորեց, որ եթե իրենցից պահանջում են, կարող են դիմել, ԵՏՄ հանձնաժողովը կտա համապատասխան գրություն, որը հիմք կհանդիսանա, որ այլեւս չպահանջեն: