Շուրջ 2000 ջավախքցիներ հավաքվել էին Համալիրում, որ «այո» քարոզեն

Շուրջ 2000 ջավախքցիներ հավաքվել էին Համալիրում, որ «այո» քարոզեն

Կիրակի օրը Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած միջոցառումը, որը միտված էր համախմբել վիրահայերին սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 2000 վիրահայեր, որոնց մեծ մասը ջավախահայեր էին։ Պետական ապարատից ներկա է եղել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով ներկաներին պարզաբանել է, թե ինչի համար են արվում այս փոփոխությունները։
Միջոցառումը վարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը, ով Hraparak.am-ին ասաց, որ դա քարոզչական միջոցառում էր, և այն հայտարարությունը, որը ներկայացվել է ներկաների դատին, բոլորը միաձայն կողմ են քվեարկել։



«Չնայած՝ հարցադրումների ժամանակ եղան նաև «ոչ»-ի կողմնակիցների հարցեր, բայց զարմանալին ու հաճելին այն էր, որ Դավաիթ Հարությունյանի կողմից այդ մարդու հարցին պատասխանելուց հետո փաստացի, դահլիճը միաձայն «այո» քվեարկեց»,-ասաց նա՝ նշելով, որ միջոցառման ընթացքում իրենք փոխանցել են նաև իրենց կազմակերպության պատվավոր նախագահ Նորայր Թևանյանի ողջույնն ու երախտագիտությունը ներկաներին։



-Բայց սրանով չի կարելի ասել, որ ջավախքցիները, Հայաստանի ջավախահայությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին։



-Իսկ ո՞վ է ասում, թե․․․ ես իմ հարցազրույցներից մեկում արդեն ասել եմ, որ կարող են լինել նաև ջավախքցիներ, ովքեր «ոչ»-ի կողմնակից են, կարող են լինել ջավախքցիներ, որոնք ընդհանրապես անտարբեր են։ Բայց մեր կազմակերպության ծանրակշիռ աշխատանքն այն է, որ 100 հազարավոր հայրենակիցների և համախոհների է միավորում, և մենք ակնկալում ենք, որ առյուծի բաժինը կողմ կլինի։ Հիմա կարող է գտնվեն մի քանի հարյուր կամ մի քանի տասնյակ հայրենակիցմներ, ովքեր կընդվզեն, թե ինչու՞ եք մեր փոխարեն «այո» ասում։ Ես այդ մասով չեմ վիճում, բայց մենք ունենք էական բարձր դերակատարում և գիտենք, որ հսկայական տոկոս են կազմելու «այո»-ի կողմնակիցները։



-Այս միջոցառումը ձե՞ր նախաձեռնությամբ ու ցանկությա՞մբ էր, թե՞ իշխանությունների առաջարկով կամ պարտադրանքով է եղել, որ անպայման դուք էլ ձեր կողմից պետք է քարոզչություն անեք։



-Ոչ, ես համաձայն չեմ, նույնիսկ ինձ համար հաճելի էլ չէ նման հարցադրում լսելը, որ առաջարկ կամ պարտադրանք կարող է լինել մեր նկատմամբ։ Դա երբևէ չի եղել։ Մենք ՀՀԿ-ի հետ համագործակցում ենք ավելի քան տասը տարի, և նաև պատահական չէ, որ այդ կազակերպության համանախագահը լինելով ես և Հովհաննես Սոֆոյանը, երկուսս էլ ընդգրկված ենք ՀՀԿ համամասնական ցուցակում։



-Այդ ջավախքցիները, ովքեր ներկա էին այդ միջոցառմանը, նրանցից շատերը երևի ՀՀ քաղաքացիություն չունեն և պոտենցիալ ընտրողներ չեն, ուստի իրենք ինչպե՞ս են սատարելու «այո»-ին։



-Մենք հրավիրել էինք բոլոր այն մարդկանց, ովքեր ունեին ընտրելու իրավունք։ Բացի այդ, մի պարզաբանում տամ․ ճիշտ է, վիրահայության ողնաշարը Ջավախքն է, և մեր կազմակերպության գերակշիռ մասը ջավախքիցներով է համալրված, բայց նաև մեր կազմակերպությունը ներառում է «Թիվլիսցիների միջազգային ասոցացիան», «Էրզրում» հայրենակցական միությունը, «Բագրատունիների միություն» հայրենակցական միությունը, «Ախալցխա» հայրենակցական միությունը, և, պատկերացրեք, դրանց բոլորի մասնակցությամբ շատ ավելի ներկայացուցչական և հսկայածավալ է դառնում․․․



-Միջոցառմանը ներկա ջավախահայերըը, ովքեր պոտենցիալ ընտրողներ են, ըստ Ձեզ՝ խորապես ընկալեցի՞, թե ինչի համար են այս փոփոխությունները և ինչու պետք է «այո» ասեն։



-Իհարկե։ Տեսանյութը կա, վաղվանից էլ տեսահոլովակի տեսքով պետք է եթերում շրջանառվի, Դուք կարող եք դիտել․․․ Դավիթ Հարությունյանը մեր լրջագույն իրավաբաններից է և այն մասնագետներից, ով նաև տիրապետում է լսարանին գրագետ մատուցելու արվեստին և ընդունակություններին, բավական երկար՝ գրեթե 40 րոպե տևեց նրա ելույթն ու պարզաբանումները, և բոլորը ավելի տեղեկացված բաժանվեցին։



-Այսինքն՝ ջավախքցիները անհանգստացած են Հայաստանում սահմանադրական փոփոխություններո՞վ։



-Ես չգիտեմ անհանգստությունը ինչ ենթատեքստ ունի Ձեր հարցադրմամբ, բայց ջավախքցիները մտահոգ են, և, ինչպես տեքստում է նշվում, մեր համախոհ ջավախքցիները մտածում են, որ սա նախադրյալ է երկրի առաջընթացի և զարգացման համար։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ