Եթե բարձրացնեին իմ աշխատավարձը…

Եթե բարձրացնեին իմ աշխատավարձը…

2016 թվականի հունվարի 1-ից դատախազության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. որոշել է կառավարությունը, հաստատել՝ խորհրդարանը: Դրանով մարզային եւ ռազմական կայազորային դատախազների աշխատավարձերը կբարձրացվեն մինչեւ 1100 դոլար կամ գուցե ավելի: Պետական բյուջեից կպահանջվի 311 միլիոն դրամ: Ընդդիմադիր պատգամավորները դեմ էին եւ պահանջում էին բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու թոշակը: 



Նախապես հասկանալի էր, որ եթե պատահական մեկին հարցնես, թե ինչ կարծիքի է այս որոշման մասին, կսկսի լուտանքներ թափել կառավարության հասցեին: Իմանալով հանդերձ՝ խոսեցի նվազագույն աշխատավարձ եւ թոշակ ստացող երկու քաղաքացու հետ: Զրույցներն ուշագրավ էին:



Անահիտն աշխատում է թանգարանում, կես դրույքով, 25 թե 28 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Ազգանունն իր խնդրանքով չեմ հրապարակում՝ վախեցավ կես դրույքից էլ զրկվել:



- Ի՞նչ կարծիքի եք, պե՞տք է դատախազների աշխատավարձը բարձրացնել:



- Ինչքա՞ն է դատախազի աշխատավարձը:



- Դե, մի 600 հազար դրամի կարգի:



-Դատախազը խանութում պարտքեր կունենա՞:



- Դե, կարող է «Porsche» ֆիրմայից մի 500 հազար դոլարանոց ավտոմեքենա առած լինի, փողը չհերիքի, մի քիչ էլ վարկ վերցնի:



- Բա տեսնո՞ւմ ես, եկել ես նվազագույնի կեսի չափ փող ստացողին հարցնում ես՝ ի՞նչ կասես, որ դատախազն ստանալու է 600 հազար դրամ աշխատավարձ, ի՞նչ ասեմ: Գոնե արդար դատելո՞ւ են:



- Հիմա էլ են արդար դատում:



- Էն անեկդոտի նման, չէ՞, որ երկուսից էլ փող են վերցնում, որ արդար դատեն:



- Որպեսզի արդար դատեն, հենց դրա համար էլ պետք է իրենց աշխատավարձը բարձր լինի, որ կոռուպցիա չլինի:



- Ինձ մի խոսեցրու, երբ երկրի նախագահն ասում է, որ շատ հնարավոր է, որ ունենք անարդար դատարան, նշանակում է, որ մյուս ամեն ինչը դատարկություն է:



- Հիմա դե՞մ ես, որ քո հայրենակից դատավորները բարձր ստանան:



- Ես դեմ չեմ, որ բարձր են ստանում, ես դեմ եմ, որ ես եմ ցածր ստանում: Վաղը դատախազը պետք է գցի-բռնի՝ Դուբայի «Ատլանտիս» հյուրանոցո՞ւմ Նոր տարին նշի, թե՞ «Բուրջ Ալ-Արաբ»-ում, իսկ ես պետք է մտածեմ՝ իմ աշխատավարձով ի՞նչ դնեմ սեղանին, որ համ երեխաներս կշտանան, համ հյուր ընդունեմ:
Կասե՞ք ինչ հիմնավորմամբ են բարձրացնում:



- Որ պահպանեն Գլխավոր դատախազության եւ վճռաբեկ դատարանի աշխատակիցների աշխատավարձերի համահարաբերակցությունը։



- Իսկ չե՞ն ուզում պահպանեն թանգարանների աշխատողների ու ԱԺ պատգամավորների աշխատավարձերի միջեւ համահարաբերակցություն:



- Մի համեմատվեք, նրանց աշխատանքից է կախված մեր երկրի զարգացումը, իսկ թանգարանները եթե իրար հետեւից փակվեն, կարծես ոչինչ չի փոխվի:



- Վատն էլ հենց այդ է, որ Դուք ճիշտ եք: Ես գիտեմ, որ դատավորի, դատախազի աշխատավարձը եթե սարքեն 2 մլն. դրամ, դրանից ոչ թե արդարադատությունը կաճի, այլ՝ կաշառքի չափը, ու մարդիկ տները կծախեն՝ իրենց օգտին դատական վճռի համար:



Պատգամավորի աշխատավարձը եթե սարքեն 2 մլն. դրամ, մեկ է՝ կրկին գործարար պատգամավորներ ենք ունենալու խորհրդարանում, որոնց համար դա ծիծաղելի աշխատավարձ է: Եթե իմ աշխատավարձը բարձրացնեն, ընդամենը կլինի այն, որ խանութից պարտքով հաց չեմ գնի:



Հայրապետ Մամիկոնյան, 74 տարեկան, թոշակառու



- Պապի, տեղյա՞կ եք, որ դատախազների աշխատավարձը բարձրացնում են:



- Վախ, իրանց ցավը տանեմ, էդ ի՜նչ լավ բան են որոշել, զաթո սոված մեռնում էին:



- Փոխարենը դուք սոված չեք մեռնում, դրա համար էլ ձեր թոշակը կմնա անփոփոխ:



- Բա ասում էր՝ 90 հազար դրամ պիտի դառնա ցածր աշխատավարձը:



- Ո՞վ էր ասում:



- Ինքը:



- Ինքն ո՞վ է:



- Դե, նախագան, էլի, պարտադիր պիտի անունը տա՞մ:



- Ինչ էլ հիշում եք:



- Իրենց խոստումները մենք ենք լավ հիշում, իրենք չեն հիշի: Հա, բա որ ստանում ես նվազագույն, մեկ էլ ասում են, որ բարձրանում ա, ուրեմն դու անմիջապես հիշում ես, որ քեզ խոստում են տվել: Տնից ես ու կինս թոշակ ենք ստանում, հարսս՝ ամենացածր աշխատավարձը՝ 55 հազար դրամ: Եկել եմ քաղաք՝ տղուս հյուր, իրանք էլ չեն կարում ապրեն: Բա ինչի՞ են բարձրացնում:



- Որ կաշառքը վերանա, փող չվերցնեն:



- Չհամոզեցիր. որ արդար լինի, պիտի ինքն էլ չվերցնի:



- Ինքն ո՞վ է:



- Է՜էէ…



- Էն օրը միլիոնատեր պատգամավորն ասում էր՝ գրոշներ են մեր աշխատավարձը: Իրենցն էլ հո կրկնակի են դարձրել: Մարդն ամսվա մեջ 4 օր ա գործի գնում, ստանում ա 600 հազար դրամ աշխատավարձ, ասում ա՝ գրոշներ են: Ես ամեն օր գնում եմ…



- Ինքն ազգի ընտրյալ է:



- Իմ ընտրյալները չեն, ես չեմ ընտրել: Իմ ընտրյալները գոմում են, ինձ կաթ են տալիս, ձու են տալիս, ինքն ինձ ի՞նչ ա տալիս:



- Որ, ասենք, կրկնապատկեն թոշակը, ի՞նչ կանեք:



- Ես մեծ մարդ եմ, ծախսելու տեղ չունեմ, թոռնիկներս հո կապրեն:
Մի հարց էլ ես տամ. կոռուպցիան ի՞նչ ա:



- Կոռուպցիան, պապի ջան, ասում են՝ մի հատ մեծ դեւ ա՝ երեք գլխանի, որի որ գլուխը կտրում ես, նորից աճում է:



- Դեւն անուն ունի՞:



- Եսի՞մ:



- Ունի, որ չվախենաս՝ կտաս:



Նշենք, որ 2013թ. օգոստոսի 28-ին կրթության նախարարության աշխատողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, թե 2017 թվականին կունենանք 90 հազար դրամ աշխատավարձ: Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեկ օր անց ուղղեց՝ նշելով 70 հազար դրամ թիվը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախորդ տարի խոսեց 65 հազար դրամի մասին: Փաստացի՝ 2017 թվական կմտնենք 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ