«Կոչումով բժիշկ» նախագծի 20-րդ թողարկումը նվիրված է Զոհրաբյանների ընտանիքին

«Կոչումով բժիշկ» նախագծի 20-րդ թողարկումը նվիրված է Զոհրաբյանների ընտանիքին

Կոչումով բժիշկների ևս մեկ ընտանիք, որն իր ներդրումն է ունեցել Հայաստանի առողջապահական համակարգի և բժշկագիտության զարգացման գործում: Զոհրաբյանների բժշկական գերդաստանի ներկայացուցիչներն այսօր էլ շարունակում են նպաստել մեր երկրում կարևորագույն այս ոլորտի առաջընթացին:



Զոհրաբյանների բժշկական առաջին ճյուղի ներկայացուցիչը Գևորգ Զոհրաբյանն է, որից էլ սերնդեսերունդ փոխանցվել է բժշկի բարձր կոչումը: Ընդամենը մեկ տարվա աշխատանքի շնորհիվ նրան հաջողվել է ձեռք բերել հմուտ բժշկի համբավ: Որպես քիթ-կոկորդ-ականջաբան` հրավիրվել է աշխատանքի Երևանի 2-րդ հիվանդանոցում` դառնալով մեր երկրի լարինգիոլոգիայի հիմնադիրներից մեկը:



Բժշկուհի կնոջ` Ելենա Ավագյանի հետ միասին Գևորգ Զոհրաբյանը դաստիարակել և բժշկի մասնագիտությունը փոխանցել է չորս զավակներից երկուսին: Ավագ որդին` Յուրին, ուրոլոգ է, Հովհաննեսը` մանկական սրտաբան: Եղբայրները բժշկական գիտությունների թեկնածու են, դոցենտ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իսկական անդամ: Յուրի Զոհրաբյանը նաև վերոնշյալ կառույցի փոխնախագահն է:



Հինգ շրջանների ուրոլոգիական ծառայությունը ինքնուրույն ղեկավարելը դյուրին աշխատանք չէր, սակայն հենց այդ ժամանակահատվածում նա հմտացավ, ձեռք բերեց գիտելիքների մեծ պաշար: Թեկնածուական թեզը Յուրի Զոհրաբյանը պաշտպանել է Լենինգրադում, ապա անցել դասախոսական աշխատանքի` ստանալով նաև դոկտորի կոչում: Այնուհետև անվանի մասնագետը հրավիրվել է բժշկական համալսարան` ստանձնելով ուրոլոգիայի բաժնի վարիչի պարտականությունները: Այդ ամբիոնի բազան «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան էր, որի ղեկավարումը նույնպես վստահված էր Յուրի Զոհրաբյանին: Հենց այստեղ է ճանաչված ուրոլոգին հաջողվում մեր երկրում ներդնել աշխարհի առաջատար փորձը, կիրառել նորարարությունները, համագործակցել արտերկրի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ:



Ընտանիքի բժշկական երրորդ սերունդը ներկայացնում է Յուրի Զոհրաբյանի որդին` Արամ Զոհրաբյանը: Նա` որպես նեղ մասնագիտացում, նույնպես ընտրել է ուրոլոգիան: Բժշկի ուղին է ընտրել նաև Յուրի Զոհրաբյանի դուստրը` Արուս Զոհրաբյանը: Բժշկական մայր բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո նա մասնագիտական գործունեությունը շարունակում է Միացյալ նահանգներում: Հայ բժշկուհուն հաջողվել է անգամ օվկիանոսից այն կողմ բարձր պահել Զոհրաբյանների բժշկական ընտանիքի պատիվը և մասնագիտանալ գինեկոլոգիայի ոլորտում: Նա նաև ղեկավարում է «Hollywood Presbyterian» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը:



Հովհաննես Զոհրաբյանի երկու որդիներից Ալբերտը, ևս ընտրել է բժշկի մասնագիտությունը: Մեծ է երիտասարդ բժշկի ներդրումը սրտաբանության, մասնավորապես մանկական սրտաբանության զարգացման գործում:



Յուրի Զոհրաբյանի մյուս եղբոր` Լեոնիդի որդին` Կարենը, և նրա կինը Տաթևիկը, նույնպես համալրեցին բժշկական այս մեծ ընտանիքի շարքերը, երկուսն էլ մասնագիտանալով սրտաբանության ոլորտում:



Զոհրաբյանների ընտանիքում առաջիկայում նախատեսվում է նաև բժշկական ևս մեկ սերնդի ավելացում: Յուրի Զոհրաբյան կրտսերը` Արամ Զոհրաբյանի 12-ամյա որդին, բժիշկ դառնալու հարցում հաստատակամ է: