Պիտի նախագահը ընդմիշտ մեկը լինի, որ ասի՝ արա,էս իմ ժողովուրդն ա, է, տոռմուզ տվեք սաղդ

Պիտի նախագահը ընդմիշտ մեկը լինի, որ ասի՝ արա,էս իմ ժողովուրդն ա, է, տոռմուզ տվեք սաղդ

Իր ընդդիմադիր դիրքորոշումներով իշխանություններին հաճախ անակնկալի բերող Գյումրին այս օրերին իր վրա է կենտրոնացրել ողջ վարչական ապարատի ուշադրությունը։ Այստեղ «այո»-ի անհրաժեշտ քանակ ապահովելուն են լծվել իշխանավորները, այստեղից ընտրված պատգամավորները, անգամ քրեական տարրերը: Ի՞նչ սպասումներ ունի ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, հանրաքվեից։ 



- Պարոն Աղաբաբյան, իշխանությունների ամենամեծ անհանգստությունը հենց Գյումրիից է, Շիրակի մարզից, որտեղ մարդիկ ծանր սոցիալական վիճակում են, դժգոհ են իշխանություններից, ուստիեւ ընդդիմադիր իշխանություններին ու նրա վարած քաղաքականությանը, Ձեր ընտրատարածքում ի՞նչ վիճակ է, եւ արդյոք Ձեզ հաջողվո՞ւմ է մարդկանց համոզել «այո»-ի հարցում:



- Ես մի բան ասեմ՝ ուրեմն ավելի լավ է երկիրը մի ղեկավար ունենա վերջնական, քանց թե անընդհատ գան ու անընդհատ տանեն: Սահմանադրական փոփոխությունները հենց դրան են տանում:



- Մենք ճիշտ հակառակը գիտեինք, որ նախագահի ինստիտուտը երկրորդ պլան է մղվում, որ խորհրդարանն է դառնում կառավարող ուժ:



- Չէէէ, մեր էսօրվա նախագահը պիտի գա ու թույլ չտա այլեւս, որ մեր ժողովրդին քարուքանդ անեն:



- Բայց Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ դառնալու սահմանադրական իրավունք չունի:



- Բայց կուսակցության ղեկավար է, չէ՞, ու այդ պաշտոնում կղեկավարի: Եկեք այդպես անենք, թող գա ու ինքն էլ մշտապես կառավարի:



- Ընդդիմադիր Գյումրիում այդպիսի՞ քարոզչություն եք արել:



- Գյումրին ընդդիմադիր չի, եթե Գյումրին իմանա, որ իմ նախագան մինչեւ վերջ մնալու ա ու ժողովրդին էս թալանչիներից փրկի, Գյումրին նախագահի կողմը կլինի:



- Բա ինչո՞ւ չեք ասում իրենց:



- Ասել եմ:



- Իսկ Սերժ Սարգսյանն ուզո՞ւմ է, որ հավերժ մնա:



- Իհարկե, դեմ է:



- Այո, ՀՀԿ-ի նախագահի ստվերային պաշտոնից երկիրը կառավարելու հարցին երեկ նա հստակ պատասխանել է, որ դեմ է:



- Իհարկե, դեմ է, որովհետեւ ինքը մենակ… բայց ես մի բան եմ ուզում ասել՝ ուրեմն գել ու գազաններ բոլոր աշխարհում կան: Պետություն չկա, որ գել ու գազան չունենա: Հիմա այդ պետությունների նախագահները, երբ որ ուժեղ են լինում… այս Սահմանադրությունը հնարավորություն տալիս է ուժեղ լինելու մեր նախագահին ու այդ գազանությունները սահմանափակել: Ես ուզում եմ էդպես լինի, որ ամեն անգամ չգան 5-10 տարով ու տանեն էս ժողովրդին: Պիտի մեկը լինի, որ ասի՝ արա, էս իմ ժողովուրդն ա, է, տոռմուզ տվեք մի հատ սաղդ:



- Ժողովուրդը եւ հատկապես գյումրեցիները դեմ են հենց Սերժ Սարգսյանին, դժգոհ էին նրանից, այդ պատճառով էլ վերջին ընտրություններում այստեղ պարտվեց:



- Իրանից դժգոհ չեն, դժգոհ են իրա կողիններից։



- Սահմանադրությունը որ փոխվի, կողքինները կփոխվե՞ն:



- Կփոխվեն, ու մարդիկ կգան ու իրան որպես գլխավոր հրամանատար կընդունեն, հրամանները ճիշտ կկատարեն, ոչ թե ամեն մեկը ինչ խաղ ուզենա, կխաղա էս երկրում:



- Ղեկավար պաշտոններից մեկում Ձեր փեսան է՝ Գալուստ Գրիգորիչը, տնտեսական քաղաքականությունը Հովիկ Աբրահամյանն է վարում, պաշտպանության նախարար ունենք, ո՞ր մեկը չի կատարում Սերժ Սարգսյանի հրամանները:



- Ձեր ասած մարդիկ իրենք պիտի պատասխան տան ազգի առաջ:



- Դուք վստահեցնում եք, որ Գյումրիում ընդդիմադիր չեն, հատկապես Ձեր փաստարկներից հետո, բայց մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ տեղի իշխանական ռեսուրսը չի բավարարում, եւ հանրաքվեն անցկացնելու համար Ձեր մարզ է այցելել Մհեր Սեդրակյանը, նա հավաք է կազմակերպել գողականների հետ:



- Ինձ ըտենց հարցեր մի տուր, չգիտեմ ում տուր էդ հարցերը, ինձ մի հասարակացրու, քո ասած հասարակ մարդկանց հետ ինձ մի համեմատի: Ինձ բարդ հարցեր տուր, հասարակ հարցեր մի տուր:



- Հիմա ձեր ռեսուրսները բավարա՞ր են, որ կարողանաք բավարար քանակի «այո» ապահովել:



- Իմ ընտրատարածքում ինձ հարգողներն իմ կողն են, ճտերն աշնանն են հավաքում, դե կտեսնենք ամսի 6-ից հետո ում ճտերն են շատ: Ես հաղթանակելու եմ:



- Հովիկ Աբրահամյանի կանխատեսումներով, Շիրակի մարզում «այո»-ն 30 տոկոս կհավաքի:



- Ուրեմն հաստատ էդ 30 տոկոսն իմն ա: …Ես չգիտեմ մյուսներն ինչ, մյուսները երբեք վստահ պատասխան չեն տալիս, բայց ես տալիս եմ: